Հարցազրույց

Եթե Նիկոլը ուզենա միանալ մեր դաշինքին, անձամբ ես դեմ չեմ լինի․ Պարույր Հայրիկյան

Եթե Նիկոլը ուզենա միանալ մեր դաշինքին, անձամբ ես դեմ չեմ լինի․ Պարույր Հայրիկյան

Այսօր եւս մեկ դաշինք է ձևավորվել՝ «Ազատ հայրենիք», դաշինքը ձևավորել են «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական և Պահպանողական կուսակցություները։ Մենք զրուցեցինք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

- Ինչո՞ւ դաշինքը կազմեցին 5 կուսակցություններ, չէ՞ որ մոտ 8 կուսակցություններ էին մասնակցում քննարկումներին։

- Մենք տարբեր հարցեր քննարկել և փաստաթղթեր ենք ստորագրել նույնիսկ 9 կուսակցություններով, բայց հիմա այս նախնական որոշումը որ ընդունեցինք, օրինակ՝ կուսակցություն կար, որ պետք է իր մոտ համաձայնեցներ, մենք էլ ասացինք, որ հիմա պիտի որոշում ընդունենք, ով կուզի, կմիանա, այսինքն՝ փակ չէ դա։ Այս պահին կազմվել է նախաձեռնություն, որը և՛ աշխատում է, և՛ պատրաստ է համագործակցել ուրիշների հետ։

- Գաղափարական ի՞նչ ընդհանրությունների հիման վրա է ձևավորվել դաշինքը։

- Գաղափարական ընդհանրությունն ակնհայտ է, գաղափարախոսական ընդհանրություն, բնականաբար, չկա, եթե տարբեր կուսակցություններ են, բայց այն գաղափարը, որը մեզ միավորում է, մեր հայտարարության մեջ նշված է՝ լիակատար ինքնիշխանություն, ժողովրդավարություն հաստատել, հոգևոր անվտանգություն, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանել, տնտեսության կայուն զարգացումն ապահովել։ Քաղաքակրթական ուղղության վերաբերյալ էլ մեր պատկերացումները ընդհանրական են՝ լինել քաղաքակիրթ աշխարհի հետ սերտորեն կապված։

- Արդեն որոշվե՞լ է, թե ով է վարչապետի թեկնածուն։

- Այո, ամեն ինչ նախնական փուլում է։ Քանի որ ես չեմ մասնակցելու ընտրություններին անձամբ, որպես թեկնածու, նախնական քննարկումների արդյունքում թեկնածուն Անդրիաս Ղուկասյանն է, բայց վաղը կարող է քննարկման արդյունքում Անդրիաս Ղուկասյանը առաջարկել, որ ինքը չլինի, այսինքն՝ մենք միասնաբար ենք որոշումներն ընդունում։

- Ովքե՞ր են ձեր ընտրողները՝ նկատի առնելով, որ կոնկրետ բևեռներ կան ձևավորված՝ Քոչարյան, Տեր-Պետրոսյան, Փաշինյան և այլն։

- Իրենցից շատերի ձայները կգան այստեղ, երբ աշխատենք, կնկատեք։ Նկատի ունեմ, մեկը հուսահատված ինչ-որ մեկին դեմ քվեարկելու համար ձայն տանք Նիկոլին կամ Նիկոլից ազատվելու համար ձայն տանք Ռոբերտին, կարծում եմ՝ այդ մարդիկ կկողմնորոշվեն։ Եթե Նիկոլը խելք ունենա, նա էլ կմիանա մեր դաշինիքին, հրաժարականն արդեն տվել է։

- Այսինքն՝ եթե Փաշինյանը որոշի միանալ ձեր դաշինքին, Դուք դեմ չե՞ք լինի։

- Ես անձամբ դեմ չեմ լինի, բայց այդ հարցը քննարկվելու է, «Ազատ հայրենիք» դաշինքի խորհուրդն է որոշումներ ընդունելու։

- Բայց Դուք իրեն ծայրահեղ սուր քննադատում էիք, ինչպե՞ս եք իրեն ընդունելու։

-  Ես դա պայմանական ասացի, ես չեմ ընդունելու։

- Բայց Դուք ասում եք, որ դեմ չեք լինելու։

- Մեր սկզբունքները հայտարարված են, այդ սկզբունքներն ընդունողը, նշանակում է, դառնում է մերոնքական։ Մենք չենք ուզում որևէ մեկի անցյալի սխալներն արդարացնել, բայց մենք ողջունում ենք ցանկացած մարդու՝ իր սխալները գնահատելու և մեզ միանալու պատրաստակամությունը, դա չի նշանակում մեզ միանալ, այլ նշանակում է միանալ քաղաքակիրթ աշխարհընկալմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image