Դիվանագիտական անձնագրեր՝ դեռ մի բան էլ ավելի, քան անցյալում

Դիվանագիտական անձնագրեր՝ դեռ մի բան էլ ավելի, քան անցյալում

Հեղափոխությունից հետո, երբ պայթեց դիվանագիտական անձնագրերի հետ կապված սկանդալը, եւ «Հրապարակը» ներկայացրեց նման անձնագրեր ունեցողների ամբողջական ցանկը, Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերից մեկը եղավ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը, որի մասին հպարտորեն հայտարարեց Էդվարդ Նալբանդյանի խոսնակ, ներկայումս Նիդերլանդներում դեսպան Տիգրան Բալայանը։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններին եւ սահմանային անցակետերին գրություններ ուղարկվեցին, որ նախկին դիվանագիտական անձնագրերը չեղյալ են համարվել։ Ամենացավալին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անձնագիրը չեղարկելու որոշումն էր, որին հանրությունը դրական չվերաբերվեց։

Անցել է մեկուկես տարի, եւ հանրությանը հետաքրքրում է, թե քանի դիվանագիտական անձնագիր է տրամադրվել նոր իշխանությունների կողմից նոր Հայաստանում, եւ ովքեր են դրանց «երջանիկ տերերը»։ Հիշեցնենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր տրվում է մի քանի խումբ կատեգորիաների, ոմանց՝ ի պաշտոնե եւ ոմանց՝ ՀՀ վարչապետի անհատական թույլտվությամբ։ Արտգործնախարարությունից մեծ դժվարությամբ կարողացանք կորզել, որ նման թույլտվություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհել է 19 անձի։

Ի դեպ, ԱԳՆ խոսնակը մեկնաբանեց, որ սա շատ փոքր թիվ է։ Բնականաբար՝ անունները չեն հայտնում՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիությանը։ Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր․ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, արտգործնախարարությունում եւ դրան ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով, դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն եւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած ու խնամքի տակ գտնվող երեխաներին։

Փաստորեն, միայն այս երկարաշունչ ցանկը տեսականորեն նկատի առնելով ու գումարելով 19 անձանց, որոնց դիվանագիտական անձնագիր տրվել է Փաշինյանի կողմից, պարզագույն մաթեմատիկան ասում է, որ հիմա Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագրեր կան, քան նախկինում։ Այսպես․ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, վարչապետ՝ 1, ՀՀ նախագահ՝ 1, պաշտոնաթող նախագահներ՝ 3, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1, ՍԴ դատավորներ՝ 8, նախարարներ՝ 12, մարզպետներ եւ քաղաքապետ՝ 10, Անվտանգության խորհրդի անդամներ՝ 10, վճռաբեկ դատարանի նախագահ՝ 1, գլխավոր դատախազ՝ 1, ԿԲ նախագահի՝ 1, սփյուռքի հանձնակատարը՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմնի ղեկավար։
Բնականաբար, արտգործնախարարության դիվանագիտական գործուղումների մեկնող ծառայողների ու առավել եւս՝ նրանց ընտանիքի անդամների թիվը հաշվելը էլ ավելի անշնորհակալ գործ է։ Նախկինում բյուջետային քննարկումների ժամանակ հնչել է 400 թիվը։

Այսինքն՝ 400 անձ ունի դիվանագիտական անձնագիր, որոնք կարող են յուրաքանչյուր պահի մեկնել արտերկիր։ Քանի որ հստակ թիվ չկա, չենք կարող հաշվել դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին։ Ու երբ վերը նշված ցանկին գումարում ենք 19 թիվը (վարչապետի տրամադրած անձնագրերի), ապա ստացվում է ավելի մեծ թիվ՝ մոտ 200-ն էլ ընտանիքի անդամներն են։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ստացվում է 500-600 դիվանագիտական անձնագիր։ Իսկ դա նշանակում է ցանկացած պահի արտերկիր մեկնելու հնարավորություն, սահմանային անցակետերում ստուգվելիս արտոնություններ եւ մեղմ մոտեցում, ուղեբեռի հետ կապված արտոնություններ, էլ չենք խոսում տարբեր իրավիճակներում դիվանագիտական անձնագրի տրամադրած արտոնությունների մասին։