Քաղաքականություն

Խելք ունենար՝ ժողովրդին իրար դեմ չէր հանի

Խելք ունենար՝ ժողովրդին իրար դեմ չէր հանի

Երեկ, երբ պաշտոնապես գուժեցին, որ Արցախում հերթական զինծառայողին են գերի վերցրել, Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի Թալին համայնքում ներքին խրամատներ էր փորում եւ հայերին սպառնում քաղաքացիական պատերազմով։ «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- հոխորտում էր նա՝ ընդդիմադիր համայնքապետերի, մասնավոր ձեռներեցների հասցեին, ովքեր, Փաշինյանի բնորոշմամբ, վզներից թոկ գցած՝ մարդկանց տանում են հանրահավաքների․ «Բոլորը հատ-հատ, վզներից բռնած՝ դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից»: Նկատի ունի ընդդիմադիր ուժերի, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքները, չնայած բոլորը խոսում են իր հանրահավաքներին մարդկանց ստիպողաբար տանելու մասին։

«Ես 2018-ին ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, եւ ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում եւ այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում: Որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակներն օգտագործելով՝ տանում են հանրահավաքների: Ես հիմա հստակ ասում եմ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այն հիմնարկների ղեկավարները, ինձ չի հետաքրքրում՝ մասնավոր կլինի այդ հիմնարկը, թե հանրային կլինի, որոնք իրենց աշխատողներին որեւէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների: Խոսքը ֆիզիկական վենդետայի մասին չէ, քաղաքական եւ քաղաքացիականի մասին է: Այդ համայնքի ղեկավարները, կարճ ասած, ռադ են լինելու, որովհետեւ լինելու են արտահերթ ընտրություններ: Գնացեք ընտրական տեղամասեր, մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատե մանդատով ու դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ 3 տարի գործել են ժողովրդի դեմ»,- փրփրաբերան գոռում էր Նիկոլ Փաշինյանը՝ առանց անուններ հնչեցնելու։  

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, որը երեկ ներկա էր «Հայաստան» դաշինքի Կապանում կայացած հանրահավաքին, ասաց, որ ոչ միայն չի վախենում այդ «անլուրջ» մարդու սպառնալիքներից, այլեւ հորդորում է նրան վենդետաներ իրականացնել արտաքին թշնամիների դեմ․ «Համայնքապետերին կամ մասնավոր սեփականատերերին քաղաքական վենդետաներով սպառնալու փոխարեն, ինքը դեռ թող բարոյական վենդետա անի իր թշնամիների նկատմամբ, փոխանակ դրա մասին մտածի, ստից խոսում է»։ Համայնքապետն ասում է, որ ինքը պարտադրաբար որեւէ մեկին չի տարել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին․ «Ես չեմ ուզում էլ իր որեւէ ասածին պատասխանել, արձագանքես անլուրջ մարդու, դու էլ անլուրջի տպավորություն կթողնես»։ Քաղաքացիական պատերազմից, քաղաքացու վրեժից չե՞ք վախենում, որ Ձեր համաքաղաքացիներին հանեն Ձեր դեմ, բախումներ հրահրեն։ «Ես կարծում եմ՝ իմ համաքաղաքացիներն իմ դեմ դուրս չեն գա»։

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի դաշնակցական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանն անցած շաբաթ տասնյակ համագյուղացիների հետ ներկա է գտնվել Ռ․ Քոչարյանի՝ Աշտարակում կազմակերպված հավաքին ու չի փոշմանել, եթե հիմա էլ նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզ այցելեն, վստահեցնում է՝ էլի կմասնակցեն․ «Ես ինչի՞ց եմ վախեցել, որ դրա ասածից էլ վախենամ։ Երեք պատերազմ անցած մարդ եմ, ոչ մի բանից չեմ վախենում, առավել եւս՝ իրա ասածներից, իբր վենդետաներից, ի՞նչ կարա ինձ անի»։ Ավելացնում է՝ խելք ունենար, ժողովրդին իրար դեմ չէր հանի․ «Մարդու խելքի պարունակության չափն ա ցույց տալիս իր ասածները։ Ղեկավարն իր ժողովրդի ամենավատին էլ պետք է սիրի, հարգի, եթե  տարբերություն է դնում երկրիդ վարչապետը, ուրեմն էդ էլ իր խելքի չափն է։

Ինքը չի կարող Ուջանում մարդկանց իմ դեմ հանի, դա բացառված է։ Իսկ եթե ուրիշ ձեւով փորձեն, մենք պատի ծակից դուրս չենք եկել․․․ մենք միշտ պատրաստ ենք եղել մեր կյանքը տալ հայրենիքի համար, մենք ոչ մի վենդետաներից չենք վախենում»։ Վստահեցնում է՝ վարչական ռեսուրս չի օգտագործել․ «Մարդիկ իրենց կամքով են բոլորն էլ եկել նախագահ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Ուրեմն թող իմանա․ մարդիկ, ովքեր գյուղից ներկա են եղել էդ հանդիպմանը, եկել են մեծ սիրով, նույնիսկ շատ են խնդրել, շատերն են ցանկացել, բայց ինձ ասել են, որ դահլիճում տեղ չկա, մենք էլ քչով ենք գնացել։ Մենք մարդուն չենք պաշտում, մարդու գործերին ենք նայում, դրա համար կարիք չկար հազար հոգով գնալ, ցույց տալ»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image