«Հրապարակ». Հայաստանը հանձնում է Ղարաբաղը, բայց հարց է, թե ում է հանձնում

«Հրապարակ». Հայաստանը հանձնում է Ղարաբաղը, բայց հարց է, թե ում է հանձնում

Մոսկվայում ընթացող բանակցությունները նաեւ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում են։ Երեկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Սպիտակ տունն աջակցում է բանակցությունների ընթացքին։ Արեւմուտքի ականջի ծայրը երեւաց նաեւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած Փաշինյան-Ալիեւ հայտնի բանավեճի ժամանակ։

Փաշինյանն ասաց․ «Դուք ասացիք, որ միջանցքը բաց է, մենք դա չենք տեսնում, ուստի համարում ենք, որ այնտեղ պետք է ուղղվի միջազգային առաքելություն ե՛ւ Լաչինի միջանցք, ե՛ւ Լեռնային Ղարաբաղ, որը կգնահատի հումանիտար իրավիճակը ԼՂ-ում»։  Ճի՞շտ էր ՌԴ նախագահի հետ զրույցում ակնարկել, որ եթե Լաչինը չապաշրջափակվի, ապա այնտեղ կտեղակայվի միջազգային առաքելություն՝ հարցրինք ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին։ «Այո, դա ճնշման ձեւ է Պուտինի վրա, որը շատ պասիվ է Լաչինի միջանցքի հարցում։ Իսկ միջազգային դիտորդները փաստահավաք առաքելություն ունեն։ Փաշինյանը Պուտինին ասում է, որ եթե դուք չեք անում ինչ պետք է, մյուսները կանեն։ Իհարկե, Պուտինին դա դուր չի գալիս։ Նա չի ուզում անհանգստացնել Ադրբեջանին եւ ձեւ է ընդունել, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։ Նա կաշկանդված է Ուկրաինայում ծավալվող հատուկ օպերացիայով, բայց դա սխալ է, պետք է կատարել ստանձնած պարտավորությունները», - պատասխանեց նա։ Ալեքսանդրովը կարծում է, որ Փաշինյանը գրագետ է իրեն պահել եռակողմ հանդիպման ժամանակ՝ ստիպելով Ալիեւին ասել, որ նա չունի տարածքային պահանջներ Հայաստանից։

Նշենք, որ անցյալ տարի Միխայիլ Ալեքսանդրովին ազատել են ՄԳԻՄՈ-ից՝ հակաադրբեջանական ելույթի համար։ Նա բազմիցս եղել է Հայաստանում, Ադրբեջանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ 

- Հիմա Հայաստանի համար ծանր ժամանակներ են, Նիկոլ Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, Մոսկվան ողջունում է այդ գործընթացը։ Ո՞րն է Ձեր կարծիքը, ի՞նչ է կատարվում, եւ առաջիկայում ի՞նչ սպասենք այս գործընթացից։ 

- Կարծում եմ՝ Հայաստանը, իրոք, հանձնում է Ղարաբաղը, բայց հարց է, թե ում։ Հանձնում է կա՛մ Ադրբեջանին, կա՛մ Ռուսաստանին, սա այնքան էլ հասկանալի չէ։ Որովհետեւ մինչեւ 2025 թվականը ՌԴ խաղաղապահները գտնվելու են Ղարաբաղում, եւ նրանք պատասխանատվություն են կրում ԼՂ հայերի անվտանգության համար։ Թե ինչ աստիճանի է ՌԴ ղեկավարությունը կատարելու Ղարաբաղի հայերին պաշտպանելու իր պարտականությունները, ես չգիտեմ։ Համենայնդեպս, մենք հիմա տեսնում ենք, որ Լաչինի միջանցքում Ռուսաստանն այնքան էլ ակտիվ չէ, լիարժեք չի կատարում իր պարտականությունները։ Սա, հավանաբար, կախված է նրանից, որ չեն ուզում նեղացնել Ադրբեջանին, այլ համոզում են նրան՝ հրաժարվել ագրեսիայից։ Ինչ վերաբերում է Հայաստանի բուն տարածքները հանձնելուն, չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Եթե լինի սահմանների դեմարկացիա՝ 1975 թ․ քարտեզներով, Հայաստանը կունենա այն տեսքը, որն ուներ Խորհրդային Միության շրջանում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այդ հարցի լուծումը դեռ երկար ժամանակ է պահանջելու, ինչը կախված է ընդհանուր  միջազգային իրավիճակից, Ուկրաինայի ռազմական օպերացիայի ընթացքից եւ, իհարկե, հենց Հայաստանից, որովհետեւ Հայաստանը, ինչպես ես հասկանում եմ, չի հրաժարվում այն դրույթից, որ Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք։ Այո, ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, բայց Ղարաբաղի բնակիչները փորձում են ինքնորոշվել, դա իրենց իրավունքն է։ Այսինքն՝ գործընթացը վերադառնում է մինչեւ 1994 թվականը եղած կետին։   

- Հայաստանի վարչապետը խուսափում է «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունից։ Նա խոսում է Ղարաբաղի բնակիչների իրավունքների եւ անվտանգության մասին, որը պետք է լուծվի միջազգային իրավունքի տեսակետից, Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցության ճանապարհով։ Հավանական համարո՞ւմ եք նման բանակցությունները։ 

- Կարծում եմ, որ Փաշինյանը ճիշտ է արտահայտվում՝ ինքնորոշման իրավունք պետք է պահանջեն ԼՂ բնակիչները, եւ նրանք պահանջում են դա։ Իսկ եթե Հայաստանը դա հրապարակավ պաշտպանի, ապա կդիտվի որպես ադրբեջանական տարածքի անեքսիայի փորձ։ Հայաստանը մի անգամ արդեն ընկել է այդ թակարդը, երբ նրան ստիպեցին բանակցել ԼՂ անունից։ Կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության խոշորագույն սխալն էր։ Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, նա սկսեց բանակցությունների ընթացքում ներկայացնել ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, իսկ դա չէր կարելի անել։ Ադրբեջանը հենց դրան էր սպասում։ Անմիջապես հայտարարեց, որ բանակցում է Հայաստանի հետ, որն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը։ Քոչարյանն ու Սարգսյանն ընկան այդ թակարդը։ Ես նրանց դեռ 15 տարի առաջ եմ ասել, որ պետք է հրաժարվել ԼՂ շահերը ներկայացնելուց, ԼՂՀ-ն պետք է ինքը վարի բանակցությունները՝ որպես ինքնորոշվող տարածք, ինչպես դա անում էին Աբխազիան, Հարավային Օսիան, Կոսովոն։ 

- Հարցն այն է, թե Բաքուն կցանկանա՞ խոսել իր մասի հետ։ Ադրբեջանում կարծում են, որ Ղարաբաղում ապրում են Ադրբեջանի հայազգի բնակիչներ։Ալիեւը երեկ էլ ասաց դա՝ Մոսկվայում։  

- Ադրբեջանը կարող է ասել՝ ինչ ասես, բայց դա չի նշանակում, որ նրան կլսեն։ Ադրբեջանը չի կարող ուժային ձեւերով էթնիկ զտում իրականացնել։ Նրան անհրաժեշտ է ինչ-որ ձեւով լեզու գտնել Ղարաբաղի հայերի հետ։ Այսինքն՝ գնդակը հիմա Ալիեւի մոտ է։ Նա պետք է ինչ-որ կերպ լուծի այդ հարցը։ Եթե նա գնա էթնիկ զտման, դա միջազգային հանրության դժգոհությունը կառաջացնի։ Եթե Ուկրաինայում հատուկ գործողությունն ավարտվի մինչեւ 2025 թվականը, ապա Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու՝ դուրս մղել Ղարաբաղից ՌԴ խաղաղապահներին։ Եթե նա չլուծի կարգավիճակի հարցը կամ չընդունի հետաձգված ստատուսի մասին որոշում (այսինքն՝ առանձնացող տարածքի կարգավիճակի որոշման հարց, որը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ Ս․Ս․)։ Այսպիսով, դիվանագիտական խաղը Ղարաբաղի շուրջ շարունակվում է, եւ սա պետք է հասկանալ։ 

- Երեկ Փաշինյան-Ալիեւ բանավեճի ժամանակ Ալիեւը պնդեց «միջանցք» հասկացությունը, թեեւ Պուտինը դա համարեց զուտ տերմինաբանական հարց։  

- Ալիեւն այդպես չասաց, նա չէր շեշտում միջանցքը, նա ասաց, որ դա տերմին է՝ կա Հյուսիս-Հարավ միջանցք, կա Արեւմուտք-Արեւելք միջանցք։ Նա հայտարարեց, որ չունի տարածքային նկրտումներ Հայաստանի հանդեպ։ Ու լավ էր, որ Փաշինյանը նրան դրդեց այդ խոսակցությանը, եւ Ալիեւը ստիպված էր հրապարակավ հայտարարել դա։ Այլ բան է, որ նա կարող է եւ առանց տարածքային պահանջների մասին հայտարարելու, պահանջել էքստերիտորիալ կարգավիճակ այդ միջանցքի համար։ Ինքը կասի՝ դա ոչ թե տարածքային պահանջ է, այլ պետք է, օրինակ, որոշակի ռեժիմ ապահովվի բեռնափոխադրումների համար, էքստերիտորիալ ռեժիմ։ Սա, իհարկե, տեխնիկական հարց է, որը քաղաքական իմաստ է ստանում, որոշակի փուլում։ Սրանով խոսակցությունը չի ավարտվելու։ 

- Հնարավո՞ր է հետագայում ՌԴ խաղաղապահները տեղակայվեն նաեւ Զանգեզուրի միջանցքի երկայնքով ու դա եւս վերահսկեն։ 

- Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ տեղաշարժերը միջանցքով պետք է վերահսկվի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից։ Նրանք առանց այն էլ հսկում են Հայաստանի բոլոր սահմանամերձ կետերը, եւ այս առումով նորություն չի լինի։ Կլինի նույն ռեժիմը, որը գոյություն ունի նաեւ ՀՀ սահմանի մյուս հատվածներում։ 

- Ղարաբաղում եւ Հայաստանում մարդիկ սպասում են ուկրաինական պատերազմի ավարտին՝ հուսալով, որ դրանից հետո ՌԴ-ն ավելի ակտիվ կներգրավվի Ղարաբաղի խնդրին։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց Ղարաբաղը միավորվի ՌԴ-ի հետ։ 

- Ես չեմ բացառում նման տարբերակ, քանի որ Գյուլիստանի պայմանագրով, Ղարաբաղն առաջինն է մտել Ռուսական կայսրության մեջ։ Այնպես որ, ղարաբաղցիները կարող են որոշել եւ անդամություն խնդրել ՌԴ կազմում։