Որոշել են տապալել Գյումրու ավագանու աշխատանքը և քրեական մեթոդներ կիրառել

Որոշել են տապալել Գյումրու ավագանու աշխատանքը և քրեական մեթոդներ կիրառել

Ակնհայտ է, որ իշխանությունը չի համակերպվում Գյումրիում իշխանություն չունենալու հետ և ամեն ինչ անում են Ալավերդու օրինակով իշխանությունը խլելու համար: Քաղաքապետը յուրային չէ, ավելին՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից հուշագիրը խզելուց հետո իրավիճակն ավելի է սրվել: Նախօրեին Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հանրային լսումներին ներկա են գտնվել ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Էմմա Պալյանը, որոնք փորձել են մեկ անգամ ևս ապացուցել, որ իրավիճակի թելադրողն իրենք են և թույլ չեն տալու, որ հանրապետության երկրորդ քաղաքը կառավարեն ուրիշները։ Բյուջեի լսումները բավականին լարված են ընթացել, եւ ինչպես մեր աղբյուրներն են վստահեցնում, «Քաղաքացիական պայմանագիր»-ը  պատրաստվում է  տապալել  նաև Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատումը, ընդհուպ մինչև դատական հայցերով են ուզում հանդես գալ՝  ընդդեմ գործող քաղաքապետի:

Մեր տեղեկություններով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը անցկացնելու նպատակով, հյուրանոցում, որտեղ գիշերել է, ուշ երեկոյան  հանդիպում է ունեցել Գյումրու  քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ երկու ժամ առանձնազրույցից հետո Սամսոնյանը հեռացել է: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Փաշինյանը «Բալասանյան դաշինք»-ի առջև դրել է ինքնակամ քաղաքը հանձնելու պահանջ, հակառակ դեպքում կսկսեն գործել քրեաիրավական մեթոդները, որոնք կիրառում են իրենց հակառակորդների դեմ: «Բալասանյան դաշինք»-ը դեռ դիմադրում է, քանի որ շարքային գյումրեցին ձայն է տվել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ ոչ թե ՔՊ-ին: Եվ ընտրություններից հետո Բալասանյանն ինչքան հնարավոր է` զիջել է, պայմանավորվել են, որ կպահեն քաղաքապետի պաշտոնը և ինչ որ աննկատ պաշտոններ, բայց ՔՊ-ի ախորժակը հիմա ավելի է մեծացել` ամբողջն են ուզում:

Հիշեցնենք, որ 2021թ ընտրություններից հետո Բալասանյանների հետ կայացած գործարքի դիմաց Սամվել Բալասանյանի որդին դեսպան նշանակվեց Իրաքում: Սակայն հուշագրի խզումից հետո ՔՊ-ական փոխքաղաքապետերն ու մյուս բոլոր պաշտոնյաները ազատման դիմում են գրել: 3 շաբաթ է անցել հուշագրի խզումից, իսկ նշված պաշտոնները դեռ թափուր են: Մենք գրել ենք, որ ավագանու արտահերթ նիստին «Բալասանյան դաշինք»-ը պատրաստվում է առաջադրել փոխքաղաքապետերի իր թեկնածուներին՝ փորձելով համոզել, որ իրենք անսասան են եւ քաղաքը որևէ մեկին զիջելու մտադրություն չունեն: Մինչդեռ մեր տեղեկություններով ՝ իշխանությունը պատրաստվում է ոչ միայն տապալել ավագանու նիստերը, քրեական գործեր հարուցել Բալասանյանի թիմի դեմ, այլ նաև հետ կանչել Բալասանյանի որդուն Իրաքի դեսպանի պաշտոնից եւ մինչև փետրվարի մեկ վերջնականապես զավթել Գյումրին:

Hraparak.am-ը զրուցեց  «Բալասանյան դաշինք»-ի ավագանու ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի հետ: Խմբակցության ղեկավարը հաստատեց մեր տեղեկությունը՝  ասելով, որ դեկտեմբերի 29-ին՝ ավագանու արտահերթ նիստին իրենք իրենց փոխքաղաքապետերին են նշանակելու: «Ավագանու անդամ Լուսինե Սանոյանին եւ  Արման Ջանոյանին կառաջադրենք փոխքաղաքապետեր, թող նոր տարում աշխատեն»,-ասաց նա: 

- Պարոն Հովհաննիսյան, Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման հանրային լսումը լարված է ընթացել, ձեր թիմի նկատմամբ ճնշումներ կայի՞ն:

-Չէ, շատ նորմալ է ընթացել, որևէ ճնշում չի եղել: Ես այդպիսի բան չեմ նկատել, նորմալ քննարկում էր:

-Լուրեր կան, որ Միսակ Բալասանյանը շուտով հետ է կանչվելու Իրաքի դեսպանի պաշտոնից եւ քաղաքի կառավարումը կհանձնվի ՔՊ-ին:

-Ես նման տեղեկություն չունեմ, մենք նորմալ աշխատում ենք, պարոն Սամսոնյանն առավոտից երեկո այնքան զբաղված է, որ ոչինչ չեմ կարող ասել:

-Այսինքն՝ դիմադրելու եք, ամեն գնով պահելու եք իշխանությունը, իսկ եթե զիջեք՝  չէ՞ որ գյումրեցին է ձեզ ձայն տվել:

-Այո, գյումրեցին՝ մեր քաղաքի բնակիչն է մեզ վստահել, ինչ խոսք․․․․