Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենաառանցքային պաշտոնները սկսել է վստահել կանանց: Կա՛մ որոշել է հիմա էլ ֆեմինիստական նկրտումներով առաջնորդվել, առաջադեմ երեւալ, կա՛մ էլ գուցե կանանցով շրջապատված լինելը հաճելի է, հեշտ է, եւ կանայք ավելի լավ են կատարում իր հրահանգները` ո՛չ դիմադրում են, ո՛չ ինչ-որ սկզբունքայնություն դրսեւորում, երբեմն նաեւ ո՛չ խիղճ ունեն, ո՛չ ամոթ: Եվ նման պաշտոնյաներին ղեկավարելը դյուրացնում է վարչապետի աշխատանքը: Ստացվեց, որ Հայաստանի ներքին գործերի նախարարը կին է, գլխավոր դատախազը կին է, արդարադատության, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կին են, մարդու իրավունքների պաշտպանը կին է, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը կին է: Կանայք են նաեւ առաջին դեմքերից շատերի տեղակալները, օգնականները, խորհրդականները: Աշխարհում, իհարկե, կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, եւ մենք, բնականաբար, նկատի չունենք, որ կանայք չեն կարող բարձր պաշտոններ զբաղեցնել: Բայց կին լինելը չի կարող պաշտոն զբաղեցնելու միակ պատճառը լինել, կամ կանանց արտոնություն տալ` տղամարդկանց համեմատ, եւ պաշտոնի նշանակելիս չի կարող սեռը դերակատարում ունենալ:
Առաջներում Հայաստանում շատ քիչ էին կին պաշտոնյաները: Մենք ունեցել ենք սոցապահովության, ապա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան: Բայց բարձր պաշտոններում հիմնականում տղամարդկանց էին նշանակում: Թեմայի մասին զրուցել ենք նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:
Հրանուշ Հակոբյան - Ես չեմ գտնում, որ պաշտոնը սեռի հետ որեւէ կապ ունի, ես դրան խիստ դեմ եմ, պետք է մարդը բավարարի իր պաշտոնի պահանջները, այսինքն, անկախ նրանից՝ կին ես, թե տղամարդ, պետք է կարողանաս կատարել քո առջեւ դրված գործառույթները: Երկրորդ․ իմ կենսագրությունը եթե նայեք, ապա կտեսնեք, որ ես աճել եմ` պիոներիա- կոմերիտմիությունից մինչեւ Կենտկոմի առաջին քարտուղար, դրանից հետո ընտրվել եմ շուրջ վեց անգամ պատգամավոր: Ինձ ընտրել է ժողովուրդը, այլ ոչ թե նշանակվել եմ կուսակցության կողմից: Աշխատել եմ, պառլամենտում ելույթներ եմ ունեցել, ինձ ցույց եմ տվել, 100-ից ավելի օրենքներ եմ գրել, դրանից հետո նոր ստացել եմ առաջարկություններ: 5 անգամ նախարարի առաջարկություն եմ ստացել, որից միայն երկուսին եմ համաձայնել, մյուսները՝ դժվարությամբ, բայց մերժել եմ: 1999-ին մերժեցի դառնալ սոցապնախարար, 2000 թվականին էլ մերժեցի դառնալ կրթության նախարար: Մի առաջարկ էլ եմ մերժել, բայց դա կարեւոր չէ: Հրապարակ բերված մարդիկ, որոնք ստանում են պաշտոններ, պետք է կարողանան բավարարել պաշտոնին համապատասխան պահանջները: Կին լինելը բոլորովին չի խանգարում: Ես իմ աշխատանքի ընթացքում նման բան երբեք ու երբեք չեմ նկատել, ո՛չ ես եմ ունեցել նման խնդիր, ո՛չ էլ իմ ենթականերն են ունեցել նման խնդիր: Այստեղ սեռն ընդհանրապես կապ չունի: Ես գտնում եմ, որ կան մարդու իրավունքներ, այլ ոչ թե առանձին կանանց իրավունքներ: Կանանց իրավունքները նեղ հարցերի մասին են, իսկ մարդու իրավունքներն իրավահավասարության մասին են: Պետք է լինել իրավահավասար, եւ էական չէ` դու կին ես, թե տղամարդ: Ես անկեղծ կլինեմ` այսօրվա տեղի ունեցող պրոցեսներին ժամանակ չունեմ հետեւելու` գրում եմ, այլ կարեւոր հարցերով եմ զբաղվում:
Նաիրա Կարապետյան - Քաղաքականության մեջ կին-տղամարդ բաժանումն արհեստական կատեգորիա է: Արդյունավետ աշխատանքի համար պետք է մարդու կառավարման փորձի վրա հենվել: Պետք է հայրենանպաստ գործունեությունը կարեւորել: Իհարկե, վատ չէ, երբ կանանց ներգրավում են քաղաքականությանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այնքան դուրս է քաղաքական բացատրություններից, քաղաքագիտական նորմերից, ընկալումներից, որ նրանց քննարկելն անգամ անշնորհակալ գործ է: Երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ուստի չկա տարբերություն, թե որ նախարարությունն ով կղեկավարի: Ինչպես տեսնում ենք` նրա բոլոր հրամանները, հանձնարարականները կատարվում են: Թե ովքեր կլինեն կատարողները, դա հարցի մյուս կողմն է: Չէի ցանկանա ՀՀԿ-ի կառավարման տարիների ու այսօրվա միջեւ զուգահեռներ տանել, քանի որ ահռելի է տարբերությունը: Այսօր ամեն ինչ կորցնում ենք` սահմանների կորստից սկսած, Արցախի կորստով վերջացրած: Ամեն հնարավոր բան: Ահռելի թանկացումներ են, մարդու կյանքի որակն օրեցօր փոխվում է: Ցանկացած ոլորտում քաոս է: Եվ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, իր նախարարները կատարելու են իր հրահանգները: Իսկ կանանց ցուցադրական առաջ տանելը հերթական արեւմտյան որոշ ուժերին հաճոյանալու, դեմոկրատ երեւալու փորձ է: Ուզում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, ուզում են փրկել իրենց դեմքը…. Խնդիրն այն չէ, թե նախարար ով կնշանակվի, խնդիրն այն է` ով է կառավարության ղեկավարը: Մեր ժամանակ կանանց ներկայությունն Ազգային ժողովում խիստ անհրաժեշտ էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ ԱԺ նախագահը վիրավորում է ընդդիմադիր կին պատգամավորին, եւ ոչ մի իշխանական կին չի միջամտում, չի սաստում, չի արձագանքում, դեռ մի բան էլ տեղից նստած` ուրախանում են: Մեր ժամանակ չկար նման բան, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում դրական ազդեցություն ուներ: Կինը պետք է լինի քաղաքականության եւ կառավարության մեջ, այս ամենն ունի հստակ հիմնավորումներ, բայց դրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չկան: Փաշինյանի կողմից կանանց պաշտոններ տալը շատ արհեստական է: Ու այստեղ խնդիրն այդ նախարարները չեն, խնդիրն այն մթնոլորտն է, որը տիրում է իշխանական ճամբարում, այն ոչ մի լավ տեղ չի տանում երկիրը: