Գորիսի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուին Փաշինյանը ժամանակին պաշտոնաթող էր արել

Գորիսի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուին Փաշինյանը ժամանակին պաշտոնաթող էր արել

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ խոշորացված համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ։ Հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում Գորիսում։ Այնտեղ ՔՊԿ-ի ցուցակը գլխավորելու է 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից, հիմա չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ։ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, Խաչատրյանի շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն ներկուսակցական քննարկումների ժամանակ Խաչատրյանն ասել է, որ Առուշ Առուշանյանի հետ մրցակցության պարագայում խայտառակ կլինեն, եւ Առուշանյանին կարող է հաղթել միայն նախկինում պաշտոն ունեցած, շրջապատ ունեցող մեկը, ինչպիսին Աբունցն է։ Ուշագրավը սակայն Աբունցի աշխատանքային կենսագրությունն է․ ինչպես եւ ինչ հանգամանքներում թողեց մաքսատան պետի պաշտոնը։ Գորիսեցիների հիշողություններում վառ է պահպանվել նրա՝ աշխատանքից ազատման սկանդալային պատմությունը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվեց կոռուպցիայի և ապօրինի բեռներ տեղափոխելու համար: ՔՊ առաջնորդի կողմից աշխատանքից ազատված մաքսանենգ ճանապարով Հայաստան բեռներ տեղափոխած անձը դարձել է ՔՊ քաղաքապետի թեկնածուն: Գորիսեցիները Աբունցին դրական են նկարագրում՝ կիրթ եւ  բարեհամբույր անձնավորություն է,  նույնիսկ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Աբունցի գլխին սարքեցին՝ իրենց ենթարկելու նպատակով, ինչը փաստորեն հաջողվեց, համաքաղաքացիներից շատերն էլ հիասթափություն են ապրել՝ լսելով, որ նա իշխող կուսակցության թիմում  է, փորձելու է զբաղեցնել Առուշ Առուշանյանի տեղը։ Ի դեպ, Աբունցի կինը նույնպես Գորիսի  քաղաքապետարանում է աշխատում: