Զրո ցուցմունք․ Սեդրակ Քոչարյանը 1 տարվա ընթացքում առերեսվել է մեկ հոգու հետ

Զրո ցուցմունք․ Սեդրակ Քոչարյանը 1 տարվա ընթացքում առերեսվել է մեկ հոգու հետ

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ անցած տարի փետրվարին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ 

Թեպետ մեկ տարուց ավելի է անցել, սակայն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իր ենթադրությունով՝ Սեդրակ Քոչարյանի դեմ ցուցմունքներ չկան։

«0 ցուցմունք, ես ենթադրում եմ դա, որովհետեւ, եթե լինեին այդպիսիք, ապա ենթադրվում է եւ օրենքն էլ դա պահանջում է, որպեսզի կատարվեն առերեսումներ, ընդամենը 1 առերեսում է կատարվել, այն էլ մենք չհայտնաբերեցինք առանձնապես այնպիսի բան, որը Սեդրակ Քոչարյանի դեմ լիներ։ Չեմ կարող ասել, թե ում հետ է առերեսվել, բայց առերեսման ժամանակ որեւէ բան ի հայտ չի եկել, որը կարելի էր մեկնաբանել ի վնաս Սեդրակ Քոչարյանին»,-նշեց Ալումյանը։

Ըստ պաշտպանի՝ քննչական շատ գործողություններ են կատարվել․ «Գործողություն կար, որը բողոքարկել ենք։ Հենց հիմա Վերաքննիչ դատարանում քննվում է մեկը, նախաքննության հետ կապված բողոք է, որը չեմ ուզում մանրամասնել։ Համենայնդեպս, նախաքննական մարմնի գործողություններ ենք վիճարկել»։

Պաշտպանական կողմը համարում է, որ այս քրեական գործը կարճման ենթակա է, օբյեկտիվ քննության դեպքում էլ այլընտրանք չկա․ «Այս եղած նախաքննությունը, եթե վերլուծում եմ, ապա ոչ օբյեկտիվ եմ գնահատում։ Նաեւ ենթադրում եմ, որ, եթե իր դեմ ցուցմունքներ լինեին, ապա առերեսումներ կլինեին նաեւ այլ անձանց հետ։ Սա ուղղակի վերլուծելով իրավիճակը այդպես եմ կարծում»։

Նշենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում նշված էր՝ Սեդրակ Քոչարյանը պետական բյուջե չվճարված հարկից առաջացած գումարները միախառնել է իր բանկային հաշվին եղած միլիոնների հետ, դրանց օրինական տեսք տալու համար, և ի վերջո այդ եկամուտներն ուղղել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելուն։

Իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանին պատկանող ՍՊ ընկերության տնօրենը՝ Ալեքսան Որսկանյանը, ընդունել է մեղքը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։

Սեդրակ Քոչարյանը իր դեմ քրեական գործի հարուցումը համարում է իր ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում։

Դեռ սեպտեմբերին 2rd.am-ին տված հարցազրույցում իր ընտանիքի բինզես գործունեության մասին Ռոբետր Քոչարյանը նշել էր, որ «ընտանիքի անդամները երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, 15-16 տարի է զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են»: