Մանրամասներ Բարձրավանի ղեկավարի ծեծից

Մանրամասներ Բարձրավանի ղեկավարի ծեծից

Երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ Սյունիքի մարզ էին մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ։ Այս «դեսանտը» պայմանավորված էր  Գորիս համայնքի Բարձրավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպով: Գյուղի մի խումբ բնակիչներ ծեծի էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։ «Հրապարակի» հետ զրույցում Բարձրավանի բնակիչներից մեկը, ով խնդրեց անունը չհրապարակել, մեզ ներակայցրեց ողջ պատմությունը։

Բարձրավանի վարչական ղեկավարին ծեծի ենթարկողների մեջ եղել են Բարձրավանի նախկին վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը, նրա որդին՝ Վահրամ Ավագյանը, Բարձրավանի նախկին օպերատոր Արթուր Թևոսյանը, «Զաքի» մականունով Տիգրան Հարությունյանը և այլ անձինք։ Այս կոնֆլիկտը հին պատճառներ ունի։ Հիմնական խնդիրն այն է, որ նախկին համայնքապետը՝ Օնիկ Ավագյանն այդպես էլ չի հաշտվել այն փաստի հետ, որ ստիպված է եղել մոտ 6 ամիս առաջ հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Մեր տեղեկություններով, Արթուր Թադևոսյանը նաև Օնիկ Ավագյանի մտերիմ ընկերն է։

«Խոսքով կռիվներ եղել են, լարվածություն եղել է, սակայն երբեք գործը ծեծկռտուքի չէր հասել։ Իսկ կռվի պատճառն այն է եղել, որ համայնքին պատկանող հողատարածքում երկու դոմիկ են տեղադրել, որը տրամադրվել էր Գորիսի համայնքապետարանի կողմից։ Թադևոսյանը զանգում է Ալիկ Հովհաննիսյանին ու այդտեղից էլ սկսվում է կռիվը»,-ասաց մեր սյունեցի զրուցակիցը։

Թադևոսյանը Հովհաննիսյանից հարցրել է, թե ո՞վ է իրեն թույլ տվել 2 տնակ տեղադրել այդ տարածքում, ինչին Հովհաննիսյանը պատասխանել  է. «Որտեղ ասել են՝ այնտեղ էլ տեղադրել եմ», ինչից հետո Թադևոսյանը կանչել է Հովհաննիսյանին` հարցեր պարզելու։

Ծեծկռտուքի մասնակիցների շարքում են եղել նաև «Զաքի» մականվամբ Տիգրան Հարությունյանն ու նրա հորեղբայրը․ նրանք ևս  Բարձրավան գյուղից են, չնայած որ Տիգրան Հարությունյանն այժմ Կապանում է բնակվում։ Հարությունյանների և Ալիկ Հովհաննիսյանի ոչ բարեկամական հարաբերությունները նույնպես հին պատմություն է։ Դեռևս տարիներ առաջ, Տիգրան Հարությունյանի հորեղբոր որդին և Ալիկ Հովհաննիսյանը մտերիմ ընկերներ են եղել։ Անտառում տրակտորով աշխատանքի ժամանակ, մեքենայի անսարքության պատճառով ողբերգական պատահարի հետևանքով մահացել է Հարությունյանի հորեղբոր որդին։ Ու չնայած ապացուցվել է, որ դժբախտ պատահար է եղել, բայց Ալիկ Հովհաննիսյանին են մեղադրել իրենց որդու մահվան մեջ եւ թշնամացել։

Կապ հաստատեցինք Ալիկ Հովհաննիսյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ իրեն լավ է զգում` ոչինչ էլ չկա և անջատեց հեռախոսը։

Մեր հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց․ «Այս պահին Կոմիտեն միայն ահազանգ ունի՝ կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում Բարձրավանում` Բարձրավանի վարչական ներկայացուցչի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործության վերաբերյալ։ Բազմաթիվ անձանց ներգրավվածության, ոստիկանական ուժեր ուղարկելու, դրանց կողմից ինչ-որ միջամտության մասին տվյալներ առկա չեն։ Միջոցներ են ձեռնարկվում որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով, որից հետո միայն նախնական իրավական գնահատական կտրվի, այսինքն, կորոշվի քրեական վարույթ նախաձեռնելու հարցը»։