Ո՞ւր կորավ «դուխը»

Ո՞ւր կորավ «դուխը»

Եթե Իրանի իշխանություններն առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, երբեք չէին ձեռնարկի Իսրայելի վրա հարձակումը: Չէ՞ որ նրանց դիմաց մի ահռելի, անհաղթահարելի ուժ է կանգնած. ՆԱՏՕ, ԱՄՆ, Եվրոպա, գումարած Իսրայելի նման հզոր ու մինչեւ ատամները սպառազինված երկիր: Ժամանակակից զենք արտադրող երկիր: Եթե Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյան լիներ, կհավաքեր իր թիմին, կասեր` եթե մենք հիմա որեւէ քայլ անենք, այս հզոր միավորը լեգիտիմ իրավունք կստանա մեզ վրա հարձակվելու. Թուրքիան արեւելքից կմտնի, Ադրբեջանը` հյուսիսից, ամերիկյան ու բրիտանական ուժերը օդից կռմբակոծեն, Իսրայելը կոչնչացնի մեր խաղաղ բնակավայրերը, մեր դեմ նոր սանկցիաներ կկիրառեն, մեր տնտեսությունը կտուժի, եւ մենք կոչնչանանք:

Կասեր` մենք ոչ մի շանս չունենք մեզնից հզոր այս համաշխարհային համագործակցության դեմ պայքարելու, եւ, առհասարակ` փոքր երկրները չեն կարող մեծերին մարտահրավեր նետել եւ դիմադրություն ցույց տալ, որովհետեւ փոքրերն այդքան ֆինանս, ռեսուրս, զենք-զինամթերք, մարդուժ չունեն, որ կարողանան իրենցից մի 10 անգամ հզոր ուժի դեմ դուրս գալու:

Ուրեմն, եկեք լռենք, հաշտվենք մեր վիճակի հետ, աչք փակենք Դամասկոսում մեր հյուպատոսարանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման փաստի վրա եւ ենթարկվենք արեւմտյան գերտերությունների պահանջներին: Այս խեղճ ու ողորմելի պահվածքն է որդեգրել Հայաստանի իշխանությունը: Մինչդեռ պայքարն ու դիմադրությունը ոչ մի կապ չունեն ուժի, ռեսուրսի, հզորության հետ: Եթե կապ ունենային ո՛չ պաղեստինյան երկարամյա պայքարը կլիներ` Գազայի արյունալի պատերազմով, ո՛չ ռուս-ուկրաինական պատերազմը կլիներ: Բոլոր մեծ տերությունները կգրավեին-կոչնչացնեին իրենց հարեւան փոքրերին, եւ աշխարհում կմնային հազիվ մի տասնյակի չափ գերտերություններ: