Բանակը մեղավոր չէ

Բանակը մեղավոր չէ

Այսօր մեր Բանակի օրն է։ Այս օրը, որպես կանոն, մենք հպարտության եւ հիացմունքի անթաքույց զգացում էինք ունենում՝ գովաբանում բանակը ստեղծողներին ու բանակում ծառայողներին։ Մենք վստահ էինք, որ մեր երկրում ամենակայացած կառույցը հայկական բանակն է, եւ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք։ Համոզված էինք, որ մեր անվտանգությունն ապահովված է հիմնականում մեր բանակի ու զինվորի հաշվին։ Եվ ինչքան էլ խոսում են կաշառակեր հրամանատարների մասին, միեւնույն է՝ վճռական պահին նրանք բոլորը՝ մեկ մարդու նման, պաշտպանելու են հայրենիքն ու մեր խաղաղ կյանքը եւ թշնամուն ետ են շպրտելու։Այսօր, ցավոք, այս զգացողությունները խաթարված են, եւ մեղավորը բոլորովին էլ բանակը չէ։

Իրականում՝ մեր զինվորն ու բանակը հնարավորն ու անհնարինն են արել վերջին պատերազմում։ Այն հերոսական դրվագները, որոնց մասին պատմում են պատերազմի մասնակիցները, վկայում են մեր զինվորների, հատկապես՝ շարքային զինծառայողների քաջության, անձնվիրության, հերոսության մասին։ Եթե 18 տարեկանը նռնակը ձեռքին նետվում է հակառակորդի տանկի մեջ, որ մի քանի թշնամի վերացնի եւ հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնի։ Եթե 20-ամյա երիտասարդը կրծքով պաշտպանում է իր հրամանատարին՝ նրա մահը խլելով։ Եթե վիրավոր երիտասարդը չի սպասում, որ ապաքինվի, եւ կրկին մղվում է դեպի ռազմի դաշտ․․․ ու նման հազարավոր դրվագներ խոսում են այն մասին, որ պարտության մեղավորը բանակը չէ, այլ՝ բանակը կառավարողների, քաղաքական որոշումներ կայացնողների, զենք-զինամթերք գնողների «բանակը»՝ իր «զորահրամանատարի» գլխավորությամբ, որոնք չեն ուզում ընդունել մեղքի իրենց բաժինը, երկրում փոփոխություններ անելու պատասխանատվությունն էլ դնում են երիտասարդ սերնդի, ապաքաղաքական մարդկանց ուսերին։