Երեւանի քաղաքապետը հրաժարական կտա՞

Երեւանի քաղաքապետը հրաժարական կտա՞

Իշխանական վերնախավում կրկին քննարկվում է Երեւանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որի մասին խոսում էին դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից մեկ-երկու ամիս անց։ Մարությանը հեռացվեց 2021 թվականի դեկտեմբերի վերջին։ Անցած տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ, թեեւ իրականում նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը։ Եվ իշխանությունը կարծում է, որ նա արդեն ստարտային կապիտալ է կուտակել ու կարող է անակնկալի բերել մրցակիցներին, որոնք դեռեւս պատրաստ չեն ընտրություններին։

Որպես արտահերթ ընտրությունների անցկացման հավանական ժամկետ՝ քննարկվում է մայիս ամիսը, չի բացառվում, սակայն, որ ՔՊ-ն կրկին փոշմանի եւ մի քանի ամիս էլ աշխատի էլեկտորատի վրա, եւ, այնուամենայնիվ, գնան հերթական ընտրություններին՝ սեպտեմբերին։ Ավագանու անդամներն ասում են, որ հատկապես վերջին ժամանակներում քաղաքապետարանը ոչ պատշաճ փաստաթղթավորմամբ բազում շինթույլտվություններ է տալիս, տարբեր մրցույթներ հայտարարում, որով հույս ունեն ՔՊ-ին հավելյալ ձայներ բերել Երեւանում։ Այս հողի վրա լարվել են գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի եւ դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները: Առաջինը կարծում է, որ այն որոշումները, որոնք ինքը չի կայացնում` դրանից բխող հետեւանքներով, չպետք է թույլ տա, եւ Ավինյանի մուտքը նախապատրաստելն իր հոգսը չէ, եւ հույսը չի կտրում, որ կարող է վերջին պահին ՔՊ-ն իրեն առաջադրի, այլ ոչ թե Ավինյանին։ Իսկ ժամանակն իշխանության օգտին չի աշխատում, եւ Տիգրան Ավինյանի ռեյտինգը, ըստ տարբեր հարցումների, ոչ միայն շեշտակի աճ չի գրանցում, այլև առհասարակ չի աճում: Ուստի մտածում են՝ ճիշտն արտահերթ ընտրությունների գնալն է, որ նախ` անակնկալի բերեն մրցակիցներին, երկրորդն էլ ամռան ամիսներին չլինի նախընտրական քարոզչությունը։

Մեզ ասացին, որ արտահերթի օգտին էական ազդեցություն է ունեցել «Գելափ»-ի վերջին հարցումը, որից հետո ոչ միայն քաղաքապետարանում, այլեւ իշխանության ներսում մեծ բոլոլա է առաջացել։ Ավինյանը Փաշինյանին մեղադրել է իր դեմ աշխատելու մեջ, քանի որ «Հայկական ժամանակի» կայքում էլ էին դրել այդ հարցման արդյունքները: Ավինյանը կասկած է հայտնել, որ ուզում են իրեն «քցել», եւ ներկայացրել է վերջնագիր, որ Հրաչյա Սարգսյանն առաջիկա օրերին պետք է հրաժարական տա, որ գնան արտահերթ ընտրությունների։ Անգամ հրաժարականի օրն են նշում՝ փետրվարի 14, որն ավագանու հերթական նիստի օրն է, թեպետ հրաժարական կարող է ներկայացնել ցանկացած օր։

Իսկ ի՞նչ է արձանագրել «Գելափը»։ Այս տարվա հունվարի 25-ին ԶԼՄ-ները, ներկայացնելով ընկերության ուսումնասիրություններն առ այն, թե ում են տեսնում երեւանցիները Երեւանի քաղաքապետի պաշտոնում, հայտնեցին, որ, ըստ «Գելափ»-ի հետազոտության՝ քաղաքապետի պաշտոնում ցանկացել է Հրաչյա Սարգսյանին տեսնել հարցվածների 18,8%-ը, Հայկ Մարությանին՝ 6․6%-ը, Տիգրան Ավինյանին՝ 3,1%-ը, Վարդան Ղուկասյանին (Դոգ)` 2,4%-ը, Լեւոն Քոչարյանին՝ 1,8%-ը, 0.3%-ը՝ Խաչատուր Սուքիասյանին, 0.1%-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանին, 17,9%-ի կարծիքով` չկա համապատասխան թեկնածու, 42 %-ը ոչ մեկին չի ուզում։ Թե ով է պատվիրել այս հարցումը, «Գելափ»-ից երեկ մեր զանգերին չպատասխանեցին, սակայն իշխանական շրջանակներում հավանական երկու վարկած կա՝ կամ Խաչատուր Սուքիասյանը, որն Ավինյանի ախոյանն է եւ Նիկոլ Փաշինյանին փորձել է հասկացնել, որ Հրաչյա Սարգսյանն ավելի բարձր ռեյտինգ ունի, ու կարելի է մտքափոխվել թեկնածուի հարցում, կամ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը․ միայն այս հանգամանքով պայմանավորված կարող էր հայտնվել Մեսրոպ Առաքելյանի անունը ֆավորիտների ցանկում։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ հակաավինյանական այս արշավին մասնակցած Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքը, տեղադրելով հիշյալ հարցման մասին հրապարակումը, կարճ ժամանակ անց այն հեռացրել է՝ որոշ տեղեկություններով, Ավինյանի բողոքներից հետո։
Ներիշխանական այս խժդժություններով պայմանավորված, Ավինյանն ուզում է օր առաջ գնալ ընտրությունների՝ անգամ ցածր ռեյտինգի պայմաններում, քանի որ հույս ունի, որ թաղային հեղինակությունների աջակցությամբ կկարողանա ամենաշատ ձայները հավաքել, իսկ արդեն ավագանիում կոալիցիոն գործընկերների պակաս չի ունենա եւ մի քանի կեղծ ընդդիմադիր ուժերի օգնությամբ կդառնա քաղաքապետ։ Իսկ եթե ընդդիմադիր դաշտն էլ միասնական թեկնածուով չմասնակցեց, ապա ավինյանական հաշվարկը կարող է իրականություն դառնալ։
Ակնհայտ է, որ Երեւանի ընտրությունները գրեթե չեն տարբերվելու խորհրդարանականից, երբ 2 տասնյակին հասնող մասնակիցներ կային, արդյունքում մեծ տոկոսներով փոշիացած ձայների առյուծի բաժինը, գործող Ընտրական օրենսգրքով, գումարվեց ՔՊ-ի ձայներին եւ ապահովեց 50+1։ 
Շատերը հայտարարել են մասնակցության մասին, շատերը դեռ ծանութեթեւ են անում, բանակցում։ Շրջանառվում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը, «Ապրելու երկիրն» է պատրաստվում առաջադրվել` Վիկտոր Մնացականյանի դեմքով, Դոգի կուսակցության անունից Հովհաննես Շահինյանն է հայտարարել առաջադրվելու մասին, Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը: 

««Հայաստան» խմբակցությունը Երեւանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարց չի քննարկել»,- մեզ տեղեկացրեց  խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 

Չնայած քննարկումներ կային ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի` որպես թեկնածու առաջադրվելու մասին, սակայն դաշինքի մեր աղբյուրները կարծում են, որ Լեւոնը հայտ չի ներկայացնի: Եվ եթե առաջադրվեն, ապա թեկնածուն կլինի կին եւ ոչ թե քաղաքական անցյալ ունեցող, որ թիրախավորվի իշխանության կողմից, այլ մտավորականության ներկայացուցիչ։
Ըստ ամենայնի, առաջադրվելու է նաեւ  հանրությանը «սեւերի ու սպիտակների» բաժանման թեզի հեղինակ Հայկ Մարությանը, որի թեզն իմքայլականներն օգտագործեցին, բայց հիմնադիրին իրենց շարքերից հեռացրին 44-օրյա պատերազմից հետո արտահայտած կարծիքի համար, իսկ թե որ կուսակցության ցուցակով է մասնակցելու, նրա շրջապատից ասում են՝ տեխնիկական հարց է, չի բացառվում, որ դա ՀԱԿ-ը լինի։

ՀՀԿ-ում էլ չեն շտապում խաղաքարտերը բացել՝ ասելով, որ դեռ քննարկում չեն ունեցել։ Ավելի վաղ գրել էինք, որ եթե մասնակցեն, թերեւս, Տարոն Մարգարյանի դեմքով չեն մասնակցի, ում նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, եւ նա այս պահին բարձր ռեյտինգ չունի: Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակն էլ կգլխավորի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որը մեզ փոխանցեց․ «Դեռևս նախորդ տարում ԼՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սպասվող ընտրություններում մասնակցելու որոշման մասին: Ցուցակը կգլխավորեմ ես, իսկ ձևաչափային հարցերը կհստակեցնենք ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում»: Եթե արմատական ընդդիմությունը լայն պլատֆորմով չմասնակցի ընտրություններին, իշխանությունն իր արբանյակների հետ շահած դուրս կգա։

«Երևանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո առաջիկա երեք օրերին ավագանին պետք է ավագանու արտահերթ նիստ գումարի և նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություններ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ՝ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: