Այս երկրում ի՞նչ է մնացել՝ ռեստորանային բիզնեսը, էդ էլ թող ավիրեն

Այս երկրում ի՞նչ է մնացել՝ ռեստորանային բիզնեսը, էդ էլ թող ավիրեն

Հունվարի 22-ից հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը թույլատրվում է միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ Այս նոր խստացումները չեն վերաբերում ամենամարդաշատ վայրերին՝ մոլերին, հանրային տրանսպորտին։ Խոսելով նոր խստացումներից՝ մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նման քաղաքականություն են վարում, որպեսզի ստիպված չլինեն նոր լոքդաունների անցնել, և բիզնեսը կրկին չփակվի։

Նոր որոշումից դժգոհ են ոչ միայն  քաղաքացիները, այլ նաեւ բիզնեսմենները։ Ռեստորաններում, սննդի կետերում մարդկանց թիվը նվազել է։ Օրինակ, «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերում քաղաքացիները ամենաշատն էին սննվում, օրվա ցանկացած ժամի սրահներում պիկ էր, հաճախ՝ տեղ չէր լինում բոլոր հաճախորդներին ընդունելու համար, հիմա իրավիճակը փոխվել է։ Հայտնի որոշումից հետո հաճախորդների մեծ մասը չեն կարողանում օգտվել սննդի կետից։ «Տաշիր պիցցա» ՍՊԸ մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթեւոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,  որ բավականին նվազել է այցելուների թիվը․ «Գիտեք, սահմանափակումներ են մտել։ Այնպես չէ, որ մեծ անկում է, ճիշտ է՝ ես տվյալներ չունեմ, որ ասեմ՝ այսքան տոկոսով նվազում է եղել։ Այնպես չէ, որ առևտուրը զրոյացել է, սակայն նվազել է առևտրի եւ հաճախորդների թիվը»։ Հարցին, թե հնարավո՞ր է մասնաճյուղեր փակվեն, նա նշեց, «Փակելու մասին խոսք լինել չի կարող, հուսամ՝ մենք դրան չենք հասնի»։

FoodPark by Downtown-ի համահիմնադիր Իգոր Ավանեսյանը եւս դժգոհում է իշխանության որոշումից, նշում է՝ 40 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը․ «Բոլոր տեղերում նույնն է, դա ընդհանուր պատկերն է»։ Նա չի բացառում, որ հնարավոր է աշխատակիցների թիվը կրճատվի, քանի որ եկամուտ չունեն․ «Ահավոր մեծ վնաս է այդ ոլորտում։ Մենք գումարները վճարում ենք աշխատակիցներին, մենք ոչ շահավետ վիճակում ենք հայտնվել։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու սենց, չգիտեմ՝ 2 ամիս, թե 5 ամիս կտեւի այս հիստերիան, ո՞վ գիտի։ Այդ ո՞նց է, որ մետրո մտնում  ես, ոչ մի QR կոդ չի հարցնում։ Մետրոյում, ավտոբուսներում մարդիկ քիթ քթի տված գնում են, դա նորմալ է, բայց ռեստորաններում, երբ մի սեղանից ահագին հեռավորության վրա են իրարից նստած, այդտեղ նորմալ չի։ Թեկուզ աշխարհում է դա ընդունված։ Բայց աշխարհը բիզնես է անում, մենք էդ աշխարհի բիզնեսի մեջ չենք։ Խնդիրն այն է, թե աշխարհն ինչով է զբաղված, ինչ շահեր ունեն։ Ի՞նչ է նշանակում «Սպուտնիկը» Եվրոպայում չի անցնում, «Աստրա Զենեկան» Ռուսաստանում չի անցնում, «Մոդեռնան» ստեղ անցնում է՝ էնտեղ չի անցնում, դա պատվաստվանյո՞ւթ է թե՞ չէ։ Եթե մարդը պատվաստվել է, ի՞նչ կարեւոր է որտեղ է պատվաստվել, դա նշանակում է բիզնես։ Ինչ-որ մի 10 հոգու միլիարդատեր դառնալու համար ինչի՞ պիտի ժողովուրդը տուժի։ Ու մեր պետությունը տարավ դրան, մենք անկախ պետություն ենք, մենք կարանք մեր օրենքներով գործենք։ Հիմա, եթե մեր պետությունը որեւէ շահ չունի, այսինքն՝ մենք չունենք պատվաստանյութ, որ արտահանենք, եկամուտ բերենք, ինչի՞ են մտնում այդ խաղի մեջ, որ ի՞նչ շահեն, որ բիզնեսները ավիրե՞ն։ Այս երկրում ի՞նչ է մնացել՝ ռեստորանային բիզնեսը, էդ էլ թող ավիրեն։ Մեկը մյուսի հետ չի բռնում։ Ես հասկանում եմ՝ դրանով մարդկանց պարտադրում են պատվաստվել։ Մարդը գնում է ժամանցի վայր, ոնց ասում են՝ զահլան գնացած, գնում է մարդը պատվաստվում է։ Այս ամեն ինչը հե՞չ, ինչ է որ ինչ-որ մի երկրի հաճոյանան։ Դա նորմալ եք համարո՞ւմ»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ բիզնեսմեններով ինչ-որ քայլեր ձեռնարկեն, եթե որոշումը շարունակի գործել, Իգոր Ավանեսյանն ասաց, թե ո՞վ է իրենց լսելու․ «Բոլորն ասում են, դրա մասին խոսում են, ո՞ւմ է հետաքրքիր դա։ Եթե գնացինք, պառկեցինք փողոցներում, բան է փոխվելո՞ւ։ Թող 10 հազար հոգի ռեստորանատեր լինի, այդքանը միլիոնի մեջ ի՞նչ պիտի անի։ Այդ միլիոնն էլ ասելու է՝ սաղ աշխարհը տենց է, Նիկոլը ճիշտ է անում, լավ է անում, մենք ի՞նչ պիտի անենք, անիմաստ գնանք, սառենք փողոցներում, մի հատ էլ էդտեղ հիվանդանանք, ինչի՞ համար։ Ես գտնում եմ, որ ոչ մի բան պետք չի անել, պետք է փակել, թողնել, ռադը քաշել, դրա փոխարեն ասֆալտ փռես, տաքսի քշես։ Մի ձեւ գոյությունդ պահես, մեռնես, գնաս պրծնես»։