Սուտը պետք է անընդհատ մերկացվի  

Սուտը պետք է անընդհատ մերկացվի  

Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է ճանապարհների գծանշման անհրաժեշտությունից, նրա գործարարներից մեկն էլ պետք է քաղաքական հարցեր քննարկի: Եվ կրկին բացասական լույսի ներքո ներկայացնի Արցախի վերջին իշխանությանը: Ժամանակին, երբ ես ինձ համարում էի լևոնական, ու ինքն էլ քաղաքական սխալ հաշվարկի հետևանքով ստիպված էր լքել երկիրը, իրեն հարգում էի: Հարգանքն ավելացավ իշխանության կողմից նրա նկատմամբ գործած անարդարությունից հետո. խոսքը նրանից «Բջնին» խլելն էր: Կորուստներից դաս առնելով՝ վերջինս գիտակցեց, որ գործարարն իրավունք չունի իշխանության նկատմամբ լինել ընդդիմադիր: Ու այդ պատճառով էլ դարձավ գործող վարչապետի ջերմ պաշտպանը: Իսկ ես, քանի որ գործարար չէի, մնացի ընդդիմադիր, ու, բնականաբար, կրկին անարդարության նկատմամբ բացասաբար տրամադրված: Ու այդ պատճառով էլ չեմ կարող չնկատել, որ Արցախը թշնամուն հանձնելու մեջ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին մեղադրելն անարդար է: Եվ ոչ միայն արդար չէ, այլև հաշվի առնելով իրողությունները՝ նաև բարոյական չէ:

Իսկ ի՞նչ իրողությունների մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ կիսասոված ու արկերի և այլ զինամթերքի պակաս զգացող արցախցի զինյալները դաժան դաս են տվել թշնամուն, սակայն երկար չէին դիմանա՝ որքան էլ հերոսական լիներ նրանց պայքարը: Երկրորդ, Շահրամանյանն ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ էր ընտրվել նախագահ, ու, ըստ այդմ, ոչինչ անել չէր կարող: Իսկ Արցախի դեմ, չմոռանանք, նրա առումով հսկա Ադրբեջանն էր: Եվ ամենից կարևորը՝ ոչ մի օգնություն չի հասել Արցախ, ՀՀ ղեկավարությունը եղել է պասիվ դիտորդի կարգավիճակում. դա ազգային դավաճանության դրսևորում էր: Ավելին՝ Արցախի նախավերջին նախագահ Արայիկ  Հարությունյանի պաշտոնանկությունը կազմակերպվել է Երևանից, որպեսզի մեղքը բարդվի նրան փոխարինողի վրա: Այսքանը ծանոթ է բոլորին և այդ թվում ՔՊ-ականի վերածված նախկին օլիգարխին: Կարող է հարց ծագել՝ եթե ծանոթ է բոլորին, ապա ինչո՞ւ եմ ես կրկնում այս պատմությունը: Որովհետև արցախցիների հասցեին անընդհատ լսում ենք նույն մեղադրանքը՝ մե՛կ այս, մե՛կ այլ իշխանավորից: Իսկ անընդհատ կրկնության դեպքում ամենամեծ սուտը շարքային քաղաքացու ուղեղում վերածվում է իրականության: Ուրեմն անընդհատ պետք է մերկացվի այդ սուտը: 

Սակայն որպեսզի երևույթին ծանոթ ու գիտակից ընթերցողի մոտ չառաջանա ժամանակն անիմաստ վատնելու զգացողություն՝ ավելացնեմ մի միտք, որ ծնվեց նիկոլական ստին հերթական անգամ բախվելիս: Եթե հիշում եք՝ 2023-ի սկզբին առաջին անգամ տեղի ունեցավ նախագահի պաշտոնից հրաժարվելու հարությունյանական փորձը: Բայց այն ընդհատվեց, ու հանրությունն էլ չիմացավ թե ինչու այն սկսվեց ու հատկապես ինչու ընդհատվեց: Իմ կարծիքով, այն ժամանակ Նիկոլի ու նրա «կառուցողական գործընկեր» Իլհամի միջև ինչ-ինչ պատճառով պայմանավորվածությունը չեղարկվել էր: Խոսքը Արցախի պաշտպանությանը ՀՀ զինված ուժերի չմասնակցելու պայմանավորվածության մասին է: Իսկ թե ինչու 2023-ի սկզբին ադրբեջանական զինուժը չհարձակվեց Արցախի վրա՝ վստահաբար կիմացվի իշխանափոխությունից հետ: Կարծում եմ, որ Փաշինյան Նիկոլին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո բազմաթիվ հարցեր կգտնեն իրենց պատասխանները: