Արամ Հարությունյանի, կնոջ, վարորդի ինչքի վրա արգելանք է դրված

Արամ Հարությունյանի, կնոջ, վարորդի ինչքի վրա արգելանք է դրված

Մի քանի աղմկահարույց գործերով առանցքային վկա ու տուժող Սիլվա Համբարձումյանն ասում է, որ թյուր է տպավորությունը, թե Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Արամ Հարությունյանի գործով նախաքննությունները դոփում են տեղում, քննչական գործողություններ չեն կատարվում։
«Հետո կիմանաք, նոր անուններ են լինելու»,- ասում է Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, որ դրանք մտնում են եզրափակիչ փուլ։

Ըստ նրա՝ վերջին առերեսումն Արամ Հարությունյանի գործով ունեցել է 20 օր առաջ, թե ում հետ, նախաքննական գաղտնիք է, չի կարող ասել։

Դրանից առաջ Սիլվա Համբարձումյանն առերեսումներ է ունեցել Արաքս Դիլանյանի ու բազմաթիվ այլ անձանց հետ։ Արմեն Գևորգյանի հետ, ինչպես նշեց տիկին Սիլվան, առերեսում չի ունեցել։ Իսկ Արաքս Դիլանյանը, հիշեցնենք, հիմա մեղադրյալի կարգավիճակում է, քանի դեռ հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը չի հայտնաբերվել և արտահանձնվել։ Վերջին անգամ, ըստ Սիլվա Համբարձումյանի հայտարարության, Արամ Հարությունյանին տեսել են Բաթումիի կազինոներից մեկում։

Արամ Հարությունյանի՝ 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու գործով առանցքային վկան հաղորդեց, որ նախաքննությունն արդեն փոխանցումները գտել է 2 փուլով՝ մի անգամ 6 միլիոն դոլարի։

Հարցին, թե ինչու է կարծում, որ Արամ Հարությունյանի գործը, գոնե, մտել է եզրափակիչ փուլ, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց, թե այս  շաբաթվա մեջ պետք է որ ստացված լինեին շատ կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են Արամ Հարությունյանի բանկային փոխանցումներին։

Սիլվա Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ Արամ Հարությունյանի, նրա կնոջ, որդու անշարժ ու շարժական գույքի, դրամական միջոցների, անգամ վարորդի մեքենայի վրա դրված է արգելանք։

«Իր կինը մի օր չի աշխատել, օդի՞ց է ստացել, իրենց բոլոր ընտանիքի անդամներինը»։

Որպես կանխատեսում՝ վկան ասաց, որ Արամ Հարությունյանի գործով կալանավորվածների մասը կգնա դատարան, մինչև որ հայտնաբերվի Բուլկի Արամը։