Ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում․ «Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»
Ադրբեջանական մամուլը տեսանյութեր է հրապարակում, որոնցում իբրև թե ռմբակոծում են հայկական դիրքերը։ Այդ տեսանյութերից մեկով ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հրապարակի» հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ այդ տեսանյութերը, ամենայն հավանականությամբ, հին տեսանյութեր են, գուցե զորավարժությունների տեսանյութեր։
«Տեսեք, իրենց մոտ խնդիրը հետևյալն է։ Իրենք դիրքեր են կորցրել և, բնականաբար, խնդիր ունեն իրենց շուկային ցույց տալ, որ իրենց զինված ուժերը ինչ-որ գործողություններ են իրականացնում։ Կարծում եմ՝ հիմա ինչքան հին կադրեր ունեն, փորձելու են գտնել, տարածել։ Տեսանյութի լուսավորությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ այդ գործողությունները ժամը մեկի, երկուսի կողմերն են, իսկ Տավուշի դեպքերը սկսվել են երեքի կողմերը։ Դե իրենք ընդհանրապես ասում են, թե գիշերվա տեսանյութ է (ծիծաղում է):»,- ասաց Մարտիրոսյանը։
Թեմայի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն ադրբեջանական հրետանին «աշխատում» է Պետերբուրգում, այսինքն սպիտակ գիշերային պայմաններում։ Սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»։
Կարծիքներ