Պետք է լինեն ճշգրիտ ձեւակերպումներ, ինչն այս դեպքում ապահովված չէ

Պետք է լինեն ճշգրիտ ձեւակերպումներ, ինչն այս դեպքում ապահովված չէ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշմամբ մտցված սահմանափակումները, հաշվի առնելով ներկա իրավիճակը, անհրաժեշտ են, սակայն, ընդհանուր առմամբ, սա «անհանգստացնող» իրավական ակտ է: 

Հիշեցնենք, որ, որոշման համաձայն, արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողություններն ու ելույթները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում: Սահմանված տուգանքներն անհատների համար սկսվում են 300 հազար դրամից, իսկ ԶԼՄ-ների համար՝ 700 հազարից մինչեւ 1,5 մլն դրամ եւ ավելի: 

Շուշան Դոյդոյանը երկու խնդիր է առանձնացնում: «Նախ, ես խնդիր եմ տեսնում բուն ձեւակերպումների մեջ: Մասնավորապես, որոշման մեջ սահմանվում ու թվարկվում է այն գործողությունների շրջանակը, որոնք համարվում են պատասխանատվության ենթակա, եւ դրանց թվում նշվում է՝ «որեւէ այլ կերպ արժեզրկող հայտարարությունները»: Սրանով, փաստացի, անսահմանափակ է դառնում այն հրապարակումների շրջանակը, որոնց վրա արգելք է դրվում»: Մամուլի փորձագետը կարծում է, որ վարչական պատասխանատվություն ենթադրող իրավական ակտի ձեւակերպումները պետք է բացառիկ ճշգրիտ լինեն եւ բացառեն սուբյեկտիվ, կամայական մեկնաբանությունը: «Չլինի, որ յուրայինների դեպքում մի կերպ է կիրառվում ակտը, իսկ այն ԶԼՄ-ները, որոնք հիմնականում քննադատողի դերում են հանդես գալիս, նրանց դեպքում այլ կերպ կիրառվի: Այսինքն, պետք է լինեն հստակ, մատչելի եւ ճշգրիտ ձեւակերպումներ, ինչն այս դեպքում ապահովված չէ»:

Ըստ Դոյդոյանի, ամենեւին հիմնավորված չէ այն, որ լրատվամիջոցների դեպքում տուգանքների չափերը կրկնակի բարձր են, ի տարբերություն, օրինակ, սոցցանցերում հայտարարություններ անող քաղաքացիների: «Կարծում եմ, այսօրվա պայմաններում դա ընդհանրապես հիմնավորված չէ, քանի որ կարող են լինել որոշ օգտատերեր, ովքեր 100 հազարներով հետեւորդներ ունեն, եւ նրանց կողմից արված հայտարարությունները կարող են հասանելի լինել ավելի մեծ թվով անձանց, քան Հայաստանի տպագիր մամուլի պարագայում, եւ այս դեպքում ավանդական մամուլի վրա դնել կրկնակի մեծ ծանրաբեռնվածություն, քան այլ անձանց դեպքում, չի հիմնավորվում: Կարծում եմ, որ այս կետն էլ բոլորի համար հավասար դաշտ ստեղծելու ուղղությամբ վերանայելու կարիք կա»,- ասում է Դոյդոյանը: