Հասարակություն

Սեղան կոտրել, իրարանցում, կարգադրիչի մահ․ ինչ է կատարվել դատարանում

Սեղան կոտրել, իրարանցում, կարգադրիչի մահ․ ինչ է կատարվել դատարանում

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել է փախուստի դատավորի համար նախատեսված դռնից, որ չբռնեն, հաշվեհարդար տեսնեն։ Սպանությունը խոստովանած անձի փախուստից հետո իրավիճակը նիստերի դահլիճում լարվել է, ու քաքշուկի մեջ դատական կարգադրիչներից մեկն է մահացել՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։ Երբ տեսավ, որ դատավորը հեռանում է, կանգնեց եւ ասաց՝ ես եմ սպանությունը կատարել։ Դրանից հետո իրարանցում սկսվեց, Նարեկ Սարգսյանը չկարողացավ իրեն պահել, ասեց՝ ինձ էսքան տարի պահել եք, շառի եք տվել։ Էդ իրարանցման մեջ անգամ սեղան կոտրվեց։ Խոստովանած անձն էլ հասցրեց փախնել դատավորի դռնով։ Այդ տղան Նարեկ Սարգսյանի համագյուղացին է, նրանք Մրգավետ գյուղից են, նաեւ ազգականներ են»։ 

Մեր հարցին, թե նրա վերաբերյալ կասկածներ եղե՞լ են, ասաց՝ բացարձակ, նրան ոչ ոք չի կասկածել, ի սկզբանե իրավապահները գրել են, որ սպանությունը Նարեկ Սարգսյանն է արել։

Պաշտպանն ասաց՝ սպանությունը խոստովանած տղան մշտապես դատական նիստերին ներկա է եղել, անհանգիստ վարք է ունեցել, դատական կարգադրիչները նրա մոտ մեկ անգամ դանակ են հայտնաբերել, մեկ անգամ էլ հագուկապի հետ կապված՝ թույլ չեն տվել մասնակցել նիստին․ «Երբ Նարեկ Սարգսյանին տնային կալանք էին տվել, նա անգամ մատաղ էր արել»։ 

Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված է արել՝ եթե արել է։

Խոսելով դատական կարգադրիչի մահվան մասին՝ ասաց, որ մահը վրա է հասել նիստից հետո՝ նրանց համար նախատեսված սենյակում, սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image