Լաբորատորիաները մերժում են թեստավորման կոլեկտիվ հայտերը

Լաբորատորիաները մերժում են թեստավորման կոլեկտիվ հայտերը

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 14-ից աշխատողների նկատմամբ կիրառվում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։ Ըստ հրամանի, աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը՝ 72 ժամ վաղեմության), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների եւ հղիների։

Թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Աշխատողի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում պատասխանատվությունը, դիցուք՝ հանրակրթության ոլորտում, կրում են ուսումնական հաստատությունների տնօրենները։

Վերջին 10 օրում իրավիճակն ավելի է սրվել․ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ գործատուներն աշխատողներից պահանջում են արդեն ոչ թե թեստավորման, այլ պատվաստման սերտիֆիկատներ։

Ի դեպ, վերջին օրերին լաբորատորիաներն այլեւս չեն ընդունում թեստավորման կոլեկտիվ հայտեր, ինչը փաստի առաջ է կանգնեցրել հատկապես դպրոցների կոլեկտիվներին։ Առանց այն էլ ցածր վարձատրվող ուսուցիչները, որոնք կոլեկտիվ հայտերի դեպքում թեստի համար վճարում էին 6-7 հազար դրամ, հիմա ստիպված են լինելու ամսվա մեջ 2 անգամ վճարել 15-հազարական, ինչն ուղղակիորեն հարվածելու է նրանց գրպանին։ Մեր աղբյուրն ասաց, որ, հավանաբար, հրահանգ է իջեցվել համապատասխան մարմինների կողմից, քանի որ մի շարք լաբորատորիաներ, ի պատասխան իրենց հարցումների, հրաժարվել են կոլեկտիվ թեստավորման հայտերից, առանց նշելու, թե ինչու։

Դպրոցներում անորոշ է իրավիճակը նաեւ աշխատանքի ռեժիմի եւ ձեւաչափի հետ կապված։ Ծնողները հիվանդ երեխաներին առանց թեստավորման տանում են դպրոց, որոնք վարակում են մյուսներին, իսկ այս պարագայում անիմաստ է դառնում թե՛ դիմակ կրելը, թե՛ փոքր դասասենյակում հեռավորություն պահպանելը։ Այս պահին խոսք չկա նաեւ արձակուրդները երկարացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ հաջորդ շաբաթվանից դպրոցները կա՛մ կանցնեն հեռավարի, կա՛մ կշարունակեն առկա ուսուցումը։