Բյուջեի հաշվին

Որքան ընդդիմությունը պասիվացել է, նույնքան ակտիվացել են իշխանության ներկայացուցիչները` համաժողովներ են անում, մարզեր ու արտերկիր մեկնում, շնորհանդեսների մասնակցում: Ամեն փոքր առիթն օգտագործում են՝ հանրության աչքին երեւալու, լրատվամիջոցների էջերում եւ հեռուստաէկրաններին հայտնվելու համար: Որոշ գերատեսչություններից մենք օրական մի քանի հաղորդագրություն ենք ստանում` իրենց ղեկավարի այս կամ այն այցի, այսինչ պաշտոնյային հյուրընկալելու, այսինչ հուշագիրը ստորագրելու մասին: Այո, ընտրությունների շունչն արդեն զգացվում է Հայաստանում: Եվ որքան էլ ասեն, որ քաղաքական ուժերը պետք է սկսեն հաջորդ ընտրություններին պատրաստվել ընտրության հաջորդ օրվանից սկսած, վստահ եմ` դա պետք է վերաբերի ոչ թե երկիրը կառավարող քաղաքական ուժին, այլ՝ ընդդիմադիրներին: Իշխող ուժը պետք է միայն աշխատի:
Իսկ ի՞նչ են անում ՔՊ-ականներն ու նրանց արբանյակները: Շոուներ, պոպուլիստական ճառեր, աշխատանքի իմիտացիա, ոմանք իրենց են ցուցադրում` իրենց հագուկապը, այն, թե ինչքան լավ են իրենց ընդունում, ինչպես են համհարզները մեքենաների դռներն իրենց առաջ բացում, ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները որբի դեմքով կանգնած սպասում, որ դիմավորեն իրենց: Մի կողմ թողնենք այն, որ այս «հարգանքը» վերջանալու է ճիշտ այն օրը, երբ իրենք այլեւս իշխանություն չեն լինի: Այս տեսարանների մեջ մի բան է հետաքրքիր` ինչո՞ւ լրագրողներին չեն տանում իրենց հետ` այդ այցերը, հանդիպումները, շնորհանդեսները, համաժողովները լուսաբանելու: Պալատական լուսանկարիչների ու սղագրողների մի բրիգադ է ուղեկցում այլեւս նրանց` պետբյուջեից բարձր վարձատրություն ստացող: Եվ ոչ մի գործող լրագրող: Այս ինչքա՜ն մեծամտացաք ու կտրվեցիք ձեր նախկին գործընկերներից 6 տարվա ընթացքում:
Կարծիքներ