Եթե նախկինները տուշոնկա էին ուտում, սրանք կովը կոտոշով են ուտում․ ավագանու անդամ 

Եթե նախկինները տուշոնկա էին ուտում, սրանք կովը կոտոշով են ուտում․ ավագանու անդամ 

ՏԿԵ նախարարությունը Սյունիքի մարզի Տեղ համայնքի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբորը՝ Սասուն Ղուլունցին պատկանող ընկերությանը՝ ԱՍ ՇԻՆ 80 ՍՊԸ-ին, տեղի ավազի հանքն ուսումնասիրելու թույլտվություն է տվել: Այդ ուսումնասիրությունները տեւելու են մեկ տարի երկու ամիս: Պետք է պարզեն` հնարավո՞ր է շահագործել այդ հանքը: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ 

Նա նշեց, որ ԱՍ ՇԻՆ 80 ՍՊԸ-ն նոր հիմնադրված շինարարակական ընկերություն է։ «Քանի որ համայնքի ղեկավարն ունի շինարարակական կազմակերպություն՝ նոր է բացել, ՏԿԵ նախարարությունից թույլտվություն է ստացել, որ այդտեղ իբր ուսումնասիրի՝ մեկ տարի երկու ամիս ժամանակահատվածով, այդ տարածքը հետազոտի, տեսնի` ավազ կա՞, թե՞ չէ։ Հիմա առաջանում է 5 ցավոտ հարց։ Առաջինը. համայնքի մեջ չի թույլատրվում ընդերք շահագործելը, քանի որ փոշին վնասակար է բնակիչների համար։ Երկրորդ, քանի որ 2020 և 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածքներ են օկուպացվել, ունենք արոտավայրի խնդիր` բնակիչներն այդտեղ գառ են պահում, կով են պահում, հորթ են պահում։ Հիմա եթե այդ տարածքը սկսեն ավազի հանքի անվան տակ շահագործել՝ այդ արոտավայրից էլ են բնակիչները զրկվում։ Երրորդը. այդտեղ որ սկսեն հանք շահագործել՝ տարիների ընթացքում այդ թաղամասը կանգնելու է սողանքի վտանգի առաջ։ Թե բնապահպանության նախարարություն ունենք, թե ենթակառուցվածքների նախարարություն` տաք սենյակներում նստած դա թույլ են տվել։ ՏԿԵ-ի տաք սենյակներից ինչ-որ մեկը եկե՞լ է, բնակիչների կարծիքը հաշվի առե՞լ է, որ թույլտվություն է տվել։ Սաղ իրենք են` մի եղբայրը շինարարությունում շահում է սուբվենցիոն ծրագրերով, մյուս եղբայրը` վերցնում է, ինչը շահերի բախում է առաջացնում»,-ասաց Զեյնալյանը։ 

Նա կարծում է, որ պատկան կառույցները թույլտվություն տալուց առաջ պետք է գային, գոնե տեսնեին, թե խոսքն ինչ տարածքի մասին է, ինչ նպատակներով է համայնքը այդ տարածքն օգտագործում։ Զեյնալյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին էլ է դիմել, կանչել են հարցաքննության։ Ավագանու անդամին զարմացնում է, թե ինչու են ամեն հարցում Ղուլունցներին ցանկացած թույլտվություն տալիս։ Մի՞թե այդ գյուղում ուրիշ բնակիչ չկա, կամ ինչո՞վ է պայմանավորված այդ ցանկությունը՝ հենց գյուղի մեջ ընդերք շահագործել։ Իսկ բնակիչներն էլ չգիտեն ինչ խոսել` ո՞ւմ բողոքել։ Զեյնալյանը շեշտում է, որ մարդիկ կախման մեջ են համայնքապետարանից, վախենում են բողոքի ձայն բարձրացնել, որ ինչ-որ օգնությունից, ինչ-որ ծրագրից կամ աջակցությունից չզրկվեն։ 

«Տարբեր աջակցություններ, օգնություններ բազմանդամ ընտանիքների համար` եթե գալիս են կամ ծրագրեր, եթե լինում են, իրենք իրենց ընտրողներին են տալիս, իրենց ծանոթներին, իրենց շրջապատին են տալիս։ Հանքը` իրենք, ծրագրերը` իրենք, բա լավ մյուս բնակիչներն ի՞նչ անեն այդտեղ, պահա՞կն են գյուղի։ Մի քանի հանք տարբեր տեղերում շահագործում են, որոնցից երկուսի վերաբերյալ բարձաձայնել եմ։ Հիմա սա օրենքի շրջանակներում են ուզում անել»,- շեշտեց վերջինս։ 

Զեյնալյանը նկատեց, որ երբ բարձրաձայնում է համայնքապետի կողմից թույլ տրվող չարաշահումների մասին՝ միանգամից նախկիններին են հիշում․ «Եթե նախկինները տուշոնկա էին ուտում՝ սրանք կովը կոտոշներով են ուտում»։ 
Նա ասում է` եթե նախկինում համայնքի բնակիչները կոնկրետ հատվածից բեռնատարով գնում ու բերում էին ավազը` անասնագոմ կամ գերեզման սարքելու համար, ապա հիմա ստիպված են լինելու գնել այդ նույն ավազը։

«Հիմա դա էլ են ուզում սարքել վճարովի, սահմանում ապրելով` գնաս ավազը իրենցից առնես, գերեզման սարքես։ Այդ հարցը ես բարձրացրել էի՝ օրակարգից հանել էին․ մինչև ՏԿԵ նախարարություն, բնապահպանության նախարարություն բարձրաձայնել էի, հետո առանց հանրային քննարկման, առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու, գնում են, Երևանից տեխնիկա են բերում՝ սկսում են ծակել, հետո էդ տեխնիկայից հետո` տրակտորով քանդել են, որ ուսումնասիրեն։ Դնելու են, առիթից օգտվեն ու ամբողջն օգտագործեն՝ ՏԿԵ նախարարությունն ի՞նչ կիմանա, ինչ են անելու այստեղ»,- ասաց Զեյնալյանը` նկատի ունենալով, որ ուսումնասիրության անվան տակ հանքը շահագործելու են։