Ստամբուլյան կոնվենցիան նոր փաթեթավորմամբ

Ստամբուլյան կոնվենցիան նոր փաթեթավորմամբ

Մինչ հասարակության ու իրավաբանների մի մասը ամիսներ շարունակ պայքարում էր Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գտել է դիմադրության արժանացած կոնվենցիան շրջանցելու եղանակը։ Օրենսդրության մեջ փոփոխություններ են նախապատրաստել՝ փորձելով Ստամբուլյան կոնվենցիայի «տառն ու ոգին» երկրի օրենսդրության մեջ ներառել եւ հարցն այդպես փակել։ Մասնավորապես՝ խոսքն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին է վերաբերում։ Սոցապնախարարությունն այս օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ է մշակել վերջերս, այն ուղարկել է շահագրգիռ պետական մարմիններին, ստացել դրական եզրակացություններ։ Օրենքի նախագծին բացասական եզրակացություն է տվել միայն ոստիկանությունը։ Ոստիկանությունից հաստատեցին դա։ «Ստացել ենք, մենք էլ մեր դիտարկումներն ուղարկել ենք սոցապ, քանի որ նախաձեռնողն իրենք են: Մնացած հարցերը՝ իրենց հետ»,- ասացին ոստիկանությունից։ Նախագիծն ուղարկվել է նաեւ ԿԳՄՍ, առողջապահության, արդարադատության, ֆինանսների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ Պետեկամուտների կոմիտե։ 

Ինչ փոփոխություններ է առաջարկում սոցապը

Մեր հարցմանն ի պատասխան, նախարարությունից տեղեկացրին, որ փոփոխությունների նախագիծը լրամշակման փուլում է, կառավարությունն այն դեռ չի ընդունել, այսինքն՝ դեռ չի կարող ԱԺ գնալ։ Ըստ օրենքի նախագծի՝ նախարարությունն առաջարկել է օրենքի վերնագրից հանել «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ձեւակերպումը եւ դրա հետ կապված ընթացակարգը վերացնել, իսկ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը: Նախարարությունը գտել է, որ օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց՝ հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության եւ խախտված իրավունքի վերականգնման, այսինքն՝ ընտանիքում հաշտեցումը սոցապը չի համարում իրավունքի վերականգնում: Բացի այդ՝ առաջարկվում է «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաեւ «զուգընկեր» եզրույթը, որի տակ նախարարությունը հասկանում է «միեւնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

Հիշեցնենք․ այս տերմինը ժամանակ առաջ մեծ աղմուկ էր առաջացրել։ Գործող օրենքում ընտանիքի անդամներ են համարվում․ ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,
բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար՝ փեսան եւ հարսը։
Այսինքն՝ «զուգընկեր» տերմինը ՀՀ օրենսդրության մեջ լրիվ նոր ձեւակերպում է։ Վերը նշվածից զատ, սոցապն առաջարկում է ապաստարանների հիմնադրման իրավունքը վերապահել առեւտրային կազմակերպություններին։ Առաջարկվում է հանել հետեւյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխությունների հետեւանքներին, ասաց, որ ընդունվելու դեպքում այս օրինագիծը, անշուշտ, բացասական ազդեցություն կունենա, եւ թվարկեց դրանք․

1. Ընտանիքում համերաշխության վերականգնման քաղաքականության վերացմամբ փոխվում է պետության՝ նախկինում որդեգրված համեմատաբար ընտանիքակենտրոն մոտեցումը
2. «Զուգընկեր» եզրույթի ներմուծումն ազգային իրավական համակարգ ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ Ընտանեկան օրենսգրքին, այլեւ փաստացի ենթադրում է ընտանեկան իրավահարաբերությունների նոր սուբյեկտների ճանաչում, որոնք կարող են լինել նաեւ նույնասեռ անձինք ( ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ՝ Կ․ Ս․)։ Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու եւ կնոջ կամավոր միություն է։
3. Ապաստարանները հաստատություններ են, որոնցում քննարկվող օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տեղավորվում են ընտանիքում բռնությունից տուժածները։ Այս հաստատությունները մարդասիրական եւ բարեսիրական բնույթ ունեն։ Ուստի՝ ակնհայտ է, որ ապաստարանների հիմնադիրները չեն կարող լինել շահույթ հետապնդող սուբյեկտները։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաեւ առեւտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է սույն կարեւոր սոցիալական գործառույթի առեւտրայնացմամբ եւ կոռուպցիայի ու չարաշահումների համար պարարտ հող է ստեղծում՝ դրանից բխող հետեւանքներով։
4. Ծնողներ ունեցող երեխաներին հնարավորություն կունենան առանց ծնողների տեղավորել ապաստարանում: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում։

Նմանությունները Ստամբուլյան կոնվենցիային

Փաստաբանների պալատի նախագահին հարցրինք, թե այս փոփոխությունները նմա՞ն են Ստամբուլյան կոնվենցիային, որը հանրության ու իրավաբաններից շատերի կողմից այդքան քննադատվեց, բողոքի ակցիաների պատճառ դարձավ։ Զոհրաբյանը պատասխանեց․ «Այո: Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված քննարկումների ժամանակ հանրությանն անհանգստացնում էր «զուգընկերներ» հասկացությունը: Կոնվենցիայի կողմնակիցները բացատրում էին, որ «զուգընկեր» հասկացությունը վերաբերում է փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված ամուսիններին: Եվ պետք է այդ կոնվենցիան, որպեսզի իրավաբանորեն պաշտպանվեն նաեւ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող անձինք: Այս օրինագիծը եկավ ապացուցելու այն կարեւոր կեղծ դրույթը, որ «զուգընկեր» նշելով՝ Ստամբուլյան կոնվենցիան այլ բան էր մտապահում: Այսօր գործող օրենքում (4-րդ հոդված) «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառված է անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը...: Ինչպես տեսնում ենք, փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող եւ չգրանցված ամուսինները համարվում են ընտանիքի անդամ: Հետեւաբար, շատ տարօրինակ է «Ընտանիքի անդամներ» հասկացությունը համալրել «զուգընկերներ» հասկացությամբ»։

Ովքեր են կանգնած նախագծի հետեւում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ովքեր են մշակել օրենքի նախագիծը։ Պատասխանեցին․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժինը»։Այս բաժինց օրենքի նախագծի փոփոխության վրա աշխատել է Էլիոնորա Վիրաբյանը։ Ձեւական առումով նախագիծը հեղինակել է այս վարչությունը, սակայն իրական հեղինակները ստվերում են։ Մեզ ասացին, որ նախագծի նախաձեռնողը Զարուհի Բաթոյան-Մուշեղ Հովսեփյան- Ժաննա Անդրեասյան եռյակն է։ Մուշեղ Հովսեփյանը Զարուհի Բաթոյանի օգնականն է, ժամանակին նրա հետ միասին աշխատել է «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունում՝ որպես կայքի համակարգող եւ խմբագիր։ Նախարարությունում նա վայելում է Բաթոյանի լիակատար վստահությունն ու աջակցությունը, նախարարության աշխատանքները, ըստ էության, համակարգում է նա եւ անգամ նախարարի «Մալբրի» համակարգն է աշխատեցնում։ Ժաննա Անդրեասյանն այժմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալն է, նախկինում Զարուհի Բաթոյանի տեղակալն էր, հենց նա էր համակարգում գիշերօթիկ հաստատությունների փակման աշխատանքները։ Չնայած որ սոցապը հերքում է օրենքի նախագծի մշակմանը ՀԿ-ների մասնակցությունը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, օրենքի նախագծի մշակման գործում բուռն մասնակցություն են ունեցել նաեւ Մարո Մաթոսյանն ու Լառա Ահարոնյանը։ Ահարոնյանը «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համանախագահն է, Մարո Մաթոսյանը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ղեկավարն է։ Երկու ՀԿ-ն էլ համարվում են ընդգծված սորոսական։ Այս ՀԿ-ները մասնակցել են նաեւ նախագծի քննարկմանը։