Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի

Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, տարեվերջից սկսած, կրքերը շիկացած են։ Բանն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը: Ուստի մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում առջեւ թատրոնի դռները հունվարի 9-ին բացվեցին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով, քանի որ նախկին տնօրենը երկրում չէր, իսկ թատրոնի դուռը փակ էր։

  Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ասում է, որ եկել է մի տնօրեն, ում լրատվամիջոցներից է ճանաչել․ «Նա՝ որպես խորեոգրաֆ, համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհերում է սովորել։ Ի՞նչ է ստացվում՝ մի աղջիկ, ունի իմ ազատման հրամանը, դրանով ներկայանում է ոստիկանություն եւ ասում է՝ ասեք Գայանե Կարապետյանին, որ ինքն այլեւս տնօրեն չէ, եկեք դուռը բացեք, թող կնիքն էլ բերի հանձնի»։ 

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանն էլ հեռուստատեսությամբ լսել է նորանշանակ տնօրենի ԺՊ-ի հարցազրույցը, ով ի պատասխան այն հարցին, թե ինչ ծրագրերով է եկել թատրոն, ասել է, որ դեռ ոչ մի ծրագիր չունի․ «Այդ կաթսայատունը, որի տեղում հիմա թատրոնն է, սարքվել է թատրոնի ուժերով»։ Սամվել Սարգսյանը թատրոնում ո՛չ նախարարին է տեսել, ո՛չ նորանշանակ տնօրենին․ «Թատրոնը հիմա սառած վիճակում է, իրենք ընդհատել են բոլոր աշխատանքները, անում են ինչ-որ քայլեր․ դուռն են ջարդում, լույսն են անջատում, հիմա չգիտենք, թե էլ ինչ քայլեր կանեն»։

 Գայանե Կարապետյանը տեղյակ չի եղել, որ ազատվել է աշխատանքից, իրեն ծանուցել են միայն, որ կարող է իր պայմանագիրը չերկարացվել։ «Բայց եթե որոշում են չերկարացնել, նույն ձեւով պարտավոր էին ինձ տեղեկացնել, որ ես ազատված եմ աշխատանքից։ Սա Նազենի Ղարիբյանի շահադիտական նպատակն է, որ իր ուզած մարդուն բերի տեղավորի մի տեղ։ Մի անգամ Նազենի Ղարիբյանը եկե՞լ է թատրոն՝ տեսնի ինչ վիճակ է, եւ ո՞ւր է բերում Լիլիթ Փալանջյանին, որին նշանակում է տնօրեն»,- ասում է Կարապետյանն ու փոխնախարարին հորդորում իրեն չվախեցնել աուդիտով․  «Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի»։  
Վերադառնալով Հայաստան՝ նախկին տնօրենն արդեն տեսել է, որ դռան բանալին փոխված է, այն դեպքում, երբ հեռախոսով զգուշացրել է, որ ամսի 10-ին վերադառնում է։ «Չի եղել այնպես, որ արհամարհել եմ, ես կապի մեջ եմ եղել։

Այդ շտապողականությունն ուղղակի զավեշտ է առաջացնում։ Նազենի Ղարիբյանն իրավական դաշտում պատասխան կտա այս գործողությունների համար, որովհետեւ ոստիկանությանն էլ է թյուրիմացության մեջ գցել։ Հայաստան վերադառնալուց հետո մենք թատրոնում գիշեր-ցերեկ հերթապահում ենք, որովհետեւ ամեն վայրկյան ներխուժումները բացառված չեն։ Իմ գալու հաջորդ օրը նոր տնօրենը եկավ փորձեց դուռը բացել՝ շատ լավ իմանալով, որ չի կարողանալու բացել, գնաց ու հետո ներկայացավ Նազենի Ղարիբյանի ու ոստիկանության հետ։ Քրեականի ներկայացուցիչն ասաց՝ ո՞ւր է կնիքը, ասացի՝ ես առայսօր տեղեկացված չեմ, որ ազատված եմ աշխատանքից եւ չունեմ ազատման հրաման։

Երկրորդ՝ կնիքն ո՞ւմ պետք է հանձնեմ, ես ոստիկանությունից չեմ ստացել, որ հիմա ոստիկանություն հանձնեմ։ Եվ 3-րդ՝ ինչի՞ հիման վրա եք դուռը ջարդել։ Նազենի Ղարիբյանն այդ ընթացքում շարունակում էր անհիմն պնդել, որ մենք տարածքից պետք է դուրս գանք, ես էլ ասացի՝ երբ կգա պետգույքը, ում պատկանում է տարածքը, ես դուրս կգամ։ Հետո ոստիկանն ասաց, որ պետք է գաք ոստիկանություն՝ բացատրություն տաք, ասացի՝ ես հայտարարություն չեմ տվել, որ գամ բացատրություն տամ»,- ասում է Կարապետյանն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ թատրոնի տարածքը փաստաթղթերով պատկանում է ոչ թե մշակույթի նախարարությանը, այլ՝ պետգույքին, իսկ նախկին կաթսայատան այդ քանդված տարածքն էլ ինքն է ամբողջությամբ վերանորոգել ու թատրոն դարձրել։

Գայանե Կարապետյանը երեկ գնացել է մշակույթի նախարարություն՝ ստեղծված իրավիճակում հստակություն մտցնելու համար։ «Ասացի՝ այդքան կանչում էիք, հիմա եկել եմ, ո՞ւր է ընդունման-հանձնման ակտը, որտե՞ղ է հանձնաժողովը։ Պարզվում է՝ իմ հրամանը նորից չկա, դրանից հետո ես նորից վերցնում եմ կնիքը, հետ եմ գալիս մեր թատրոն։ Դրանից հետո, հիմա էլ քրեականի փոխարեն գալիս է թաղայինը, ասում է՝ դուք պարտավոր եք կնիքը տրամադրել, ասում եմ՝ սիրով, բայց ո՞ւմ եմ տրամադրելու, ո՞վ է հայտարարություն տվողը։

Բացում է թղթերը, պարզվում է՝ հայտարարությունը տրված է Լիլիթ Փալանջյանի կողմից, իմ ազատման հրամանով, որը ես չունեմ։ Հիմա դուք եզրակացություն արեք, թե ինչու են շահագրգռված՝ վայրկյան առաջ Լիլիթ Փալանջյանին տեղավորել այդ տարածքում։ Ես կնիքը չեմ կարող նրան հանձնել, որովհետեւ այն չի պատկանում Լիլիթ Փալանջյանին, ես՝ ինքս, այն տարել եմ մշակույթի նախարարություն, բայց քանի որ մինչ այս պահը չունեմ իմ ազատման հրամանը, այդ պատճառով վերցրել, նորից հետ եմ բերել»,- ասում է նախկին տնօրենն ու հավելում, որ իր ազատման հրամանի առկայության դեպքում այն կբողոքարկի դատարանում։ 
Կարապետյանն ասում է՝ այս ամբողջ քաշքշուկը չէր լինի, եթե նախապես փոխնախարարը գար ասեր, որ նոր քաղաքականություն են որդեգրել, պետք է մրցույթ լինի․ «Մենք մարդավարի բացատրել ենք, որ նախորդ տարվա գործողություններն ավարտում ենք հաջորդ տարվա փետրվարին։ Ինչո՞ւմն էր իրենց շահագրգռվածությունը, որ չուզեցին մեկ ամիս սպասել, եւ մենք տարին փակեինք»։

Նախկին տնօրենն ու թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հարցին լուծում տալ եւ վերանայել այդ որոշումը։