Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին օրերս Սանկտ Պետերբուրգում հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ՀԱՊԿ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ Նկատենք, որ մեր հարցումներին, թե ՀՀ սուվերեն տարածքից ինչքան են զավթել ադրբեջանցիները, ՊՆ-ից պատասխանում են, թե դրանք գաղտնի տվյալներ են՝ հրապարակման ենթակա չեն։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, թե սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը։ 127 քառակուսի կմ-ի օկուպացիայի մասին բարձրաձայնած պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը երեկ ողջ օրվա ընթացքում «մուկնուկատու» խաղաց լրագրողների հետ, դահլիճ մտավ գաղտագողի՝ լրագրողների աչքից հեռու մուտքից, ու նույնկերպ էլ անհետացավ, որպեսզի չպատասխանի մեր հարցերին։ Զրուցեցինք ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հետ։
- Ձեր գործընկերը սենսացիոն հայտարարություն է արել, որ 1 տարվա ընթացքում 127 ք/կմ ենք ՀՀ սուվերեն տարածքից կորցրել։ Մինչդեռ պաշտոնապես այլ թվեր են ներկայացնում եւ անընդմեջ շեշտում, որ մեր 9 800 ք/կմ տարածքի հարցը կարմիր գիծ է։ Ինչպե՞ս է այսպես ստացվել, եւ ո՞վ է ճիշտ։
- Ես մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ տարածքները հետ բերենք։ Չեմ ուզում ծայրահեղական հայտարարություններ անել, բայց ամեն ինչի պիտի պատրաստ լինենք, որովհետեւ, եթե մեր սուվերեն տարածքը գրավել են, դա արդեն չի կարող ցանկացած հայի հանգստություն պատճառել։ Ինչ գնով էլ լինի, մենք այդ տարածքները հետ ենք բերելու։
- Բայց արդեն մեկ տարի է՝ մենք միայն կորցնում ենք, եւ հետո իշխանությունները հայտարարում են, որ չունեն ռեսուրս՝ Արցախի անվտանգությունը պահելու համար։ Հայաստանի համար ունե՞նք։
- Մեր վերքերը բուժելու համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը բուժում է բոլոր վերքերը։
- Ժամանակը ոչ թե բուժում, այլ մեզնից նոր տարածքներ է խլում։
- Ես էլի եմ ասում․ մենք ամեն ինչ անելու ենք՝ հետ բերենք կորցրած տարածքները։
- Կառավարությունն առաջարկում է քրեական պատիժ սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար՝ նախագիծը շրջանառության մեջ է դրված, բայց ձեր իշխանության գործողությունների արդյունքում ենք 127 ք/կմ տարածք կորցրել, հիմա այս օրենքը վերանայման կարիք չունի՞։
- Ես կողմ եմ նման արտահայտությունների համար խիստ պատասխանատվության ենթարկել, եթե մի բանը վերաբերում է պետությանը, իսկ պետությունը դնել կասկածի տակ՝ առնվազն դավաճանություն է։
- Իսկ գործողությունների համար ավելի խիստ պատասխանատվություն չպիտի՞ սահմանել, ի վերջո, կա փաստ, Ձեր ասած՝ կա դավաճանություն։
- Հիմա, եթե այդ նախագիծը դրված է շրջանառության մեջ, ես միայն ուրախ եմ, կքննարկեն, եւ համապատասխան տեսքով կընդունենք։
- Ձեր իշխանությունն արդեն վտանգել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ձեր գործընկերը հայտարարել է, որ այսքան տարածք ենք մեկ տարվա ընթացքում կորցրել։
- Բոլորս հասկանում ենք, չէ՞, ինչի արդյունքում է վտանգված՝ ոչ թե սխալ կառավարման, այլ տարիներ շարունակ չլուծված խնդիրների արդյունքում, հիմա այդ խնդիրները եկան հասան իրենց լուծման փուլին, ու բոլորս ականատես եղանք, թե ոնց լուծվեց։ Այստեղ բոլորիս մեղքն էլ կա, չեմ ուզում նույնը կրկնել, հիմա արդեն պետք է գործուն քայլերի անցնենք։
- Ասում էիք՝ Արցախը նախկիններն էին հանձնել նախապես, դուք եկաք՝ կոտրվեց ձեզ վրա, հիմա ստացվում է, որ Հայաստանն է՞լ են հանձնել։
- 20-21թթ․ եւ մինչ օրս տեղի ունեցող ոտնձգությունների ժամանակը շատ երկար չի, հարցեր կան, որ չեմ ուզում փակագծեր բացել, ասել, թե որ պետությունները մեզ խաբեցին։ Կային պետություններ, որոնց հետ համագործակցում էինք, ակնկալիքներ ունեինք ոչ թե օգնության կարգով, այլ՝ համագործակցության։
- Դուք է՞լ եք դժգոհ Ռուսաստանից։
- Ես անուններ չեմ տալիս։
- Չեք ուզում ծայրահեղական արտահայտություններ անել, բայց հայտարարում եք, որ տարածքները հետ եք բերելու։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի Ադրբեջանի հետ։ Կարծում եք՝ Ադրբեջանը խելոք կհեռանա՞ մեր տարածքից։
- Ես փակագծեր չեմ բացում, բայց կրկնում եմ իմ ասածները։
- Որպես իշխանության ազգայնական թեւի ներկայացուցիչ՝ կո՞ղմ եք խաղաղության պայմանագրին, որով Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում։
- Գիտեք ինչ, այն, ինչն իմ ազգայնական լինելու մեջ է եւ դրանից բխող, դա այլ հարց է, այլ հարց է իրականության հետ հաշվի նստելն ու հաշտվելը։ Երբ առերեսվում ես իրականության հետ ու հասկանում՝ լուծվող եւ անլուծելի հարցերը որոնք են, ըստ այդմ՝ պիտի դնես հարցը նժարին՝ միգուցե ծայրահեղ ազգայնական լինելը բերի ավելի՞ մեծ վտանգի, քան համերաշխության գծերով խնդրի կարգավորումը։
- Այսինքն՝ պահը թելադրում է, որ հրաժարվե՞նք Արցախից։
- Ոչ, Արցախից ոչ մեկը չպետք է հրաժարվի, այն 30 տարի եղել է սկուտեղի վրա, որը տարբեր հարթակում, տարբեր կերպ մատուցվել է, Արցախը ոմանց համար եղել է փող լվանալու միջոց, ոչ մեկս կույր չենք, տեսել ենք՝ որքան գումար է տրվել Արցախին, եւ ինչ են եղել այդ գումարները, մինչ օրս ինչ ունենք։ Իսկ հիմա արվում են հստակ եւ գործուն քայլեր, որը բխում է Արցախի ժողովրդի շահերից։
- Արցախի հանձնումը, Արցախն Ադրբեջանի տարածքային մաս ճանաչելու հեռանկարը բխում են արցախցիների՞ շահերից։
- Մենք Արցախը չենք թողնում Ադրբեջանի կազմում, Արցախը աշխարհն է թողել Ադրբեջանի կազմում, ցավալիորեն, հիմա մենք Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն ենք քննարկում՝ ինչպիսին պետք է լինի։ Մեր ցանկությունն ու գայթակղությունը շատ մեծ է՝ ունենալ Արցախը որպես հայկական հող, Արեւմտյան Հայաստանը, ունենալ այն, ինչը որ ունեցել ենք։ Դուք ո՞նց եք կարծում՝ ես, լինելով ազգայնական, կարո՞ղ եմ գնալ մի այնպիսի փաստաթղթի ստորագրման, որը չբխի մեր շահերից, լինի հակահայ։
- Դուք ասում եք, թե աշխարհն արդեն հանձնել է Արցախը, մինչդեռ բոլորն ասում են, որ ձեր նախընտրած տարբերակով պայմանագրի ստորագրումից հետո է հանձնվելու։
- Նրանք, ովքեր նման բան են հայտարարում, իրենք են Արցախի վերջը բերել։ Այդ մարդիկ ուղղակի բարոյական իրավունք չունեն խոսելու, շնչելու, որովհետեւ այդ մարդիկ ծախել են երկիրը։
- Լավ, նախկիններն Արցախն են «ծախել», բա Հայաստա՞նը, Հայաստանն էլ դո՞ւք եք ծախում։
- Արցախը նաեւ Հայաստանն է, որը ծախվել էր, եկան, փորձեցին փրկել, բայց ինչ-որ բաներ արդեն ուշ էր։
- Նշանակում է՝ վտանգ կա, որ, Արցախի պես, Հայաստանի կե՞սն էլ կկորցնենք։
- Ոչ, ինչ գնով էլ լինի, Հայաստանի սուվերեն տարածքը պիտի պաշտպանենք։
- Եթե ծախել են, ուրեմն ծախել են, ո՞նց եք պաշտպանելու, կամ, ինչպես ձեր թիմակիցներն են ասում՝ ո՞ւմ երեխայի կյանքի գնով եք պաշտպանելու։
- Իմ երեխու եւ իմ կյանքի գնով, հասկացա՞նք։ Եթե մենք «յան» ազգանունն ենք կրում, պարտավոր ենք դա անել, դա չենք անում ինչ-որ մեկի համար, դա անում ենք մեզ համար։
- Հա, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չարժե Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմել։
- ...Մենք շատ բաների մասին չենք խոսում, ժամանակը կգա՝ կգործենք։