Հայկական կողմին հավաստիացրել են, որ ազգությունը կապ չունի

Հայկական կողմին հավաստիացրել են, որ ազգությունը կապ չունի

Ռուսական կողմը հավաստիացնում է, որ Սոչիի օդանավակայանում ազգությամբ հայ աշխատակիցներին աշխատանքից ազատելն ընդհանրապես կապված չէ նրանց ազգային պատկանելության հետ, պարզապես ձեռնարկությունում կրճատումներ են։ Այսպես են Ռուսաստանում ՀՀ դեսպանին ներկայացրել իրավիճակը․ «ՌԴ ԱԳՆ-ում, տրանսպորտի նախարարությունում, ինչպես նաեւ երկրամասի իշխանությունների եւ Սոչիի օդանավակայանի սեփականատիրոջ հետ ունեցած հանդիպումների ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպանին հավաստիացվել է, որ առկա են ընդհանուր կրճատումներ, եւ դրանցում խտրականության որեւէ դրսեւորում բացառվում է»։ Պատասխանելով մեր հարցին, թե պարզվե՞լ են Սոչիի օդանավակայանում ազգությամբ հայ աշխատակիցներին աշխատանքից ազատելու պատճառները, ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

Հիշեցնենք՝ «Հրապարակն» օգոստոսի 1-ին հրապարակել էր օդանավակայանի հայազգի մի խումբ աշխատակիցների նամակը, որտեղ նրանք օգնություն էին խնդրում՝ ասելով, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, ազգային պատկանելության հիմքով զանգվածաբար աշխատանքից ազատում են հայազգի աշխատակիցներին, անգամ նրանց, որոնք ռուսական ազգանուններ ունեն․ «Մենք՝ «Սոչիի միջազգային օդանավակայան» ընկերության աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ՝ օգնության համար: Մենք եւ մեր բոլոր գործընկերները ՌԴ քաղաքացիներ ենք, Սոչիի բնակիչներ, հայրենասերներ, ավիացիայի նվիրյալներ: Խնդրում ենք Ձեզ լուծել հարցն ու վերացնել հայերի նկատմամբ խտրականությունը: Մենք պարզապես ցանկանում ենք աշխատել, նորմալ ապրել, կերակրել մեր ընտանիքներն ու վստահ լինել մեր երեխաների ու թոռների ապագայի կայունության հարցում: Խնդիրը վերաբերում է 200 աշխատակցի, մոտ 100-ն արդեն աշխատանքից ազատվել են, եւ եթե հաշվի առնենք նրանց ընտանիքներին, ապա խնդիրը վերաբերում է առնվազն 1000 մարդու»։ 

Սոչիի օդանավակայանը այս նամակի հրապարակումից հետո տեղեկանք է տրամադրել ՀՀ արտգործնախարարությանը, որում մասնավորապես ասվում է, թե օդանավակայանում ռոտացիոն սկզբունք է գործում, պարբերաբար որակավորման եւ աշխատանքային ունակությունների գնահատման քննություններ են անցկացվում, որի հետեւանքով եւ տարվա կտրվածքով աշխատակազմի մոտ 30 տոկոսն ազատվում է աշխատանքից․ «Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի հարավի կայուն զարգացող ավիահանգույց է՝ ուղեւորահոսքերի ամենամյա աճով։ Անցած տարի ուղեւորահոսքերի աճը կազմել է +12 տոկոս՝ համեմատած 2017 թվականի հետ։ Սոչիի օդանավակայանը 4 տարիների ընթացքում՝ սկսած 2015 թվականից, Եվրոպայի օդանավակայանների մեջ զբաղեցնում է 1-ին հորիզոնականը՝ օդանավակայանների միջազգային ասոցիացիայի գնահատականով՝ «ASQ ACI»։ Անխոս, դա առաջին հերթին որակավորված աշխատակազմի աշխատանքի արդյունքն է, 2-րդ հերթին՝ արտադրական գործընթացների մշտական լավացման։ 

Օդանավակայանում ներդրված է անընդհատ բարելավման մեխանիզմ, որն օգնում է արտադրական գործընթացների մշտական բարելավմանը, աշխատանքային եւ նյութական կորուստների նույնականացմանը։ Այդպիսի բարելավումների արդյունքը կարող է լինել նաեւ վերակազմակերպումը։ Օրինակ՝ կապված ֆունկցիոնալ պարտավորությունների փոփոխությունների հետ, արտադրական աշխատանքի ավելացումը։ Որպեսզի պահպանվի սպասարկման որակը, անձնակազմին ներկայացվում են որոշակի պահանջներ։ Անհրաժեշտության դեպքում նոր հմտությունների ձեռքբերման համար դասընթացներ են անցկացվում ուսումնական կենտրոնում։ Պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի պահպանության համար գործում է գնահատման համակարգ, օրինակ՝ այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն սպասարկում են ուղեւորներին, գնահատումն անցնում են եռամսյակը մեկ, իսկ նրանք, ովքեր աշխատում են պլատֆորմի վրա՝ տարին մեկ։

 Ոչ բոլոր աշխատակիցներն են համապատասխանում ներկայացված պահանջներին, ոչ բոլորն են տիրապետում մասնագիտական հմտություններին եւ որակներին։ Ցավոք սրտի, նաեւ խախտում են արտադրական եւ աշխատանքային կարգուկանոնը։ Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ ձեռնարկությունում տեղի է ունենում աշխատակազմի ռոտացիա։ Մեկ տարվա կտրվածքով աշխատանքից ազատվածների միջին թիվը կազմում է ողջ աշխատակազմի 30 տոկոսը, դրանից 60 տոկոսը ժամանակավոր աշխատակազմի աշխատակիցներն են, 40 տոկոսը տարբեր պատճառներով աշխատանքից ազատվածներն են՝ սեփական ցանկությամբ, կարգապահական տույժեր, կողմերի համաձայնությամբ։ Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում աշխատակազմի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների թիվը կազմում է 21 տոկոս, որից հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվը կազմում է 3 տոկոս։

Սոչիի օդանավակայանը բազմազգ է, այնտեղ աշխատում են ինչպես սլավոնացիներ, այնպես էլ հայեր, վրացիներ, հույներ եւ այլ ազգեր։ Բոլոր աշխատակիցներին որակական, հմտությունների եւ գիտելիքի, կարգապահության եւ էթիկայի նույն պահանջներն են ներկայացվում։ Անկախ ազգությունից՝ աշխատակիցներն ուսուցում, պրակտիկա եւ աշխատանքային պիտանելիության գնահատում են անցնում, այդ պատճառով օդանավակայանում աշխատում են լավագույններից լավագույն աշխատակիցները՝ անկախ ազգային պատկանելությունից։ Դրա համար Սոչիի օդանավակայանն ունի այդպիսի բարձր ցուցանիշներ՝ ինչպես արտադրության, այնպես էլ ուղեւորների սպասարկման գործում։ Տեղեկացնենք, որ 2017 թվականին հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվն օդանավակայանում ընդհանուր աշխատակիցների թվի մեջ կազմել է 10.6 տոկոս, այժմ՝ 9.5 տոկոս»։