Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը «ֆեյք» ունի՞, թե՞ ոչ

Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը «ֆեյք» ունի՞, թե՞ ոչ

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆեյսբուքում «տեղեկատվության ստուգման կենտրոն» անունով հարթակ է ստեղծել, որտեղ պայքարում են, այսպես կոչված, կեղծ լուրերի կամ, մոդայիկ բառով՝ «ֆեյք նյուզի» դեմ։ «Կենտրոնի գործունեության առաջնահերթություններն են՝ քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների եւ ուղիղ կապն ընթերցողի հետ»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ որպես նպատակ։

Մենք ուսումնասիրեցինք էջն ու տեսանք, որ վերջին հրապարակումը կատարվել է մարտի 28-ին, որով հերքել են Արթուր Վանեցյանի՝ «բիզնեսի մեջ փայ մտնելու մասին» թերթերից մեկի հրապարակումը։ Կան նաեւ այլ գերատեսչություններին ու դրանց ղեկավարներին վերաբերող «ապատեղեկատվությունների» հերքումներ։ Բայց մեր ուշադրությունը գրավեց մի հրապարակում, որտեղ կենտրոնն անդրադարձել է վարչապետի «լայվի» տակ հայհոյող «ֆեյքերին» եւ անգամ հրապարակել նրանցից մի քանիսի ֆեյսբուքյան էջերը։ 

Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, ով համակարգում է «տեղեկատվության ստուգման կենտրոնի» աշխատանքը։ Ի դեպ, եթե Մովսիսյանի ՊՈԱԿ-ը պայքարում է կառավարությանն ու վարչապետին հայհոյող «ֆեյքերի» դեմ, ապա շատերն էլ մեղադրում են հենց ՊՈԱԿ-ին՝ սեփական «ֆեյքեր» ունենալու եւ դրանցով վարչապետի «խաթրին կպնողների» դեմ գրոհ կազմակերպելու մեջ։ Մովսիսյանը մեզ հետ զրույցում այդպես էլ «դուխով» չհերքեց այդ մեղադրանքները, որ իրենք էլ «ֆեյքեր» ունեն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի նպատակն այն է, որ պետական կառույցներին վերաբերող նյութերի կամ լուրերի, որոնց մեջ կա ապատեղեկատվություն, հերքումն է։ Էստեղ խնդիրն այլ է, որ էս նախագիծը դեռ մշակման փուլում է, այսինքն՝ շատ ուղղություններ դեռ մշակվում են։ Բայց էստեղ կարեւոր է նաեւ դրսից եկող, հիմնականում ադրբեջանական լուրերին հերքումներ տալը, այսինքն»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը։

- Մեր ուշադրությունը գրավեց «Վարչապետի ուղիղ եթերը՝ ֆեյքերի հարձակման թիրախում» վերտառությամբ հրապարակումը, որտեղ հրապարակել եք վարչապետին հայհոյած «ֆեյքերի» օգտահաշիվները։ Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ին եւս մեղադրում են «ֆեյքեր» ունենալու եւ այդ «ֆեյքերով» կառավարությանը քննադատողների վրա գրոհ կազմակերպելու մեջ։ Դուք ունե՞ք «ֆեյքեր», թե՞ ոչ։

- Ես էդ թեմային չեմ ուզում անդրադառնալ ընդհանրապես, որովհետեւ էդ պնդումներն ուղղակի իմ համար լուրջ չեն, ես էդ խոսակցություններին շատ անլուրջ եմ վերաբերվում, դրա համար չեմ էլ անդրադառնում էդ թեմային։ 

- Ո՞ր թեմային եք անլուրջ վերաբերվում՝ «ֆեյքերի՞», թե՞ ձեր ՊՈԱԿ-ի՝ «ֆեյք» ունենալու թեմային։

- Չէ, մեր մասով։

- Հիմա, անկախ նրանից՝ Դուք լուրջ եք վերաբերվում այդ թեմային, թե ոչ, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք՝ դուք «ֆեյքեր» ունե՞ք, թե՞ ոչ։

- Չէ, դե, եթե ես էդ թեման անլուրջ եմ համարում, նշանակում է անիմաստ է իմ համար էդ թեմայով խոսելը։ Այսինքն՝ ես չեմ էլ պատրաստվում դա մեկնաբանեմ, որովհետեւ էնքան անլուրջ ա, որ պետք չի մեկնաբանել։

- Այդ նույն հրապարակման մեջ ներկայացված են վարչապետի «լայվի» տակ վիրավորական հրապարակումներ արած «ֆեյքերի» օգտահաշիվներ։ Այսինքն՝ դրանք այն «ֆեյքերն» են, որոնք հայհոյում են վարչապետին ու կառավարությանը։ Բայց կան նաեւ «ֆեյքեր», որոնք վարչապետի օգտին են գործում՝ հայհոյում են վարչապետին քննադատողներին։ Ձեր ստրատեգիան ինչպիսի՞ն է, դուք երկու տեսակի «ֆեյքերին» էլ անդրադառնալու, բացահայտելո՞ւ եք, թե՞ միայն վարչապետին բան ասողներին։

- Քանի որ նախագիծը դեռ մշակման փուլում է, ես հիմա մանրամասն հարցերի չեմ կարողանա պատասխանել, որովհետեւ դեռ մշակվում է ստրատեգիան եւ այլն։

- Ես նկատի ունեմ, որ կան նաեւ «ֆեյքեր», որոնք հայհոյում են նրանց, ովքեր վարչապետի աչքի վերեւը հոնք են հայտնաբերում։ Այդ «ֆեյքերը» ձեզ համար «ֆե՞յք» են, նրանցով պե՞տք է զբաղվել, թե՞ ոչ։

- Էսպես ասեմ՝ ինձ համար «ֆեյքը» «ֆեյք» է, ու թե ինչ է անում «ֆեյքը», եթե չի խախտում օրենքները, նույն, օրինակ, վերջին դեպքը՝ «Դուխով Հայաստանի»․ դրա հետ կապված՝ կոնկրետ գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել։ Իսկ «ֆեյք» օգտահաշիվն ինքնին պարզ է, այսինքն՝ ես չպետք է տարբերակեմ, թե դա «ֆեյք» է, «ֆեյք» չի կամ էդ «ֆեյքը» սա է անում, նա է անում։ Այսինքն, եթե էդ «ֆեյքն» օրենք չի խախտում, մնացածով զբաղվում են իրավապահները։

- Հիմա Ֆեյսբուքում հայհոյանք տարածելը, մարդկանց հայր ու մայր անպատվելն օրենք խախտե՞լ է։

- Քանի որ ես չեմ զբաղվում դրանով, իրավական մասով պետք է նայել։

- Հեղափոխության օրերին ՀՀԿ-ականներն էին շատ դժգոհում, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները «հայհոյում են, սպառնում» իրենց, իսկ Արփինե Հովհաննիսյանը դիմել էր իրավապահներին, քանի որ ինչ-որ «ֆեյքեր» սպառնացել էին իրեն, իր ընտանիքի անդամներին, բայց գործը կարճվեց՝ որեւէ մեկին չհայտնաբերեցին։ Հիմա դուք, իրավապահները այսօրինակ «ֆեյքերով» պե՞տք է զբաղվեք, թե՞ միայն իշխանությանը քննադատող «ֆեյքերն» են ձեզ համար դատապարտելի։

- Տեսեք, վիրավորանք, հայհոյանք՝ դրանք ինձ համար դատապարտելի են, ու կապ չունի, թե թիրախն ով է ընտրված։ Դրանք անընդունելի դեպքեր են, առավել եւս, երբ դա կանանց է ուղղված կամ սպառնալիք է իր մեջ ներառում։ Ամեն դեպքում, քանի որ իրավապահների տիրույթում է հարցը, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ծանոթ չեմ։

- Ես չեմ ասում՝ կոնկրետ գործով մեկնաբանեք։ Նկատի ունեմ, թե կարո՞ղ ենք մի օր ձեր նորաստեղծ հարթակում տեսնել, որ դուք հայտնաբերում կամ դատապարտում եք, թե ինչպես են մարդիկ հայհոյում լրագրողներին, որոնք քննադատում են կառավարությանը կամ, ասենք, ՀՀԿ-ականներին՝ ՀՀԿ-ական լինելու համար։

- Չնայած էս նախագիծը դեռ քննարկումների փուլում է, բայց մի բան հստակ է, որ սա վերաբերում է պետական կառույցներին եւ ոչ ամենեւին քաղաքական ուժերին։ Սա պետական կառույցների մասով աշխատող կենտրոն է լինելու։