«էլի խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»

«էլի խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»

Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը, այն «դուխով» երիտասարդը, որ արևային ակնոցը գլխարկի վրայից է դնում, նորից սկանդալային գրառում է կատարել ֆեյսբուքում ու անհետացել։ Այս անգամ նրա գրառումները վերաբերում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հիմնականում նրա դեմ էին և ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի։

Ահա նրա գրառումներից մեկը․ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Այս «դուխով» գրառումից հետո Մանուկյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջն ու անհետացել։ Այսօր նաև աշխատանքի չի հաճախել։ Նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։ Հիշեցնենք, որ Աջափնյակի թաղապետի տեղակալը, որը նախկինում Երևանի ավագանու անդամ էր, երկու ամիս առաջ էլ էր սկանդալային գրառում կատարել ու նորից անհետացել։ Այդ ժամանակ նրա դժգոհությունը իր անմիջապան ղեկավարից էր՝ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանից։

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա ու «թռել»։ Դրանից հետո հանկարծ հայտնվեց ու հայտարարեց, թե ինքը չի կատարել այս գրառումը, որ իբր իր հեռախոսը գողացել էին։ Բնականաբար, սրան հավատացողներ համարյա չեղան, ու սկսեցին ծաղրել թաղապետի տեղակալին այս գրառման հետո դրա անլուրջ արդարացման համար։ Հիմա էլ՝ Վանեցյանի մասին գրառումներից հետո, նորից հիշել են հեռախոսը գողանալու թեման ու նորից ֆեյսբուքում հեգնական գրառումներ են անում, թե տեսնես հիմա՞ ով է գողացել նրա հեռախոսը։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Արամ Մանուկյանի շրջապատից, թե տեղեկություն ունե՞ն, արդյոք, նրանից կամ գիտե՞ն՝ որն է նման գրառումների ու անետանալու պատճառը։ Նրան մոտիկից ու լավ ճանաչողները մեզ միաբերան նույն բանն ասացին, թե «էլի խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»։ Մեզ ասացին, որ Արամ Մանուկյանը նախորդ անգամ էլ է խմած եղել, ոգևորվել, նման գրառում է կատարել, իր ղեկավարի հասցեին, հետո, երբ սթափվել է, հասկացել է, որ արածն արած չէր, ու որոշել է հեռախոսը գողանալու պատրվակով մի կերպ իր արածի տակից դուրս գալ։ Նրան ճանաչողները վստահ են, որ այս անգամ էլ հաստատ ոգելիցի ազդեցության տակ է եղել, որովհետև սթափ վիճակում նորմալ մարդը, այն էլ նույն թիմի մասը կազմող պաշտոնյան, նման «դուխով» գրառումներ հազիվ թե կատարեր, ու հիմա Արամ Մանուկյանը թերևս հասկացել է, որ նորից նույն «տրյուկը» չի կարողանա բանեցնել, ու որոշել է չքվել՝ մինչև հասկանա, թե այս անգամ ինչ արդարացում է մոգոնում։