Պետական գաղտնիքը Աննա Հակոբյանի մասով չէ

Պետական գաղտնիքը Աննա Հակոբյանի մասով չէ

Ազգային անվտանգության ծառայությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20-ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակնեում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին։ Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։

Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատերազմը տանուլ տալու համար, բացահայտումներ արած Հակոբյանին են մեղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար։ Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պետական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում։ «Իմ հայտարարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը։

- Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվե՞լ է։

- Նոյեմբերի 20-ի հայտարարությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել։

- Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկերում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պետական գաղտնիքը։

- Չէ (ծիծաղում է)։

- Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարարությո՞ւնը։

- Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում։

- Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք։

- Չէ, նախաքննության գաղտնիք է դա։