Քննչական կոմիտեն առգրավել է երկաթուղու փաստաթղթերը

Քննչական կոմիտեն առգրավել է երկաթուղու փաստաթղթերը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում, որոնք առաջացրել են ռուսական ընկերության դժգոհությունը։ Աշխատակիցները պատմում են, որ ՔԿ քննիչները 2018-ի օգոստոսի 15-ին՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ, մտել են ռուսական ընկերություն եւ առգրավել բոլոր ֆինանսական փաստաթղթերը՝ 2008 թվականից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 15-ը։ Մինչդեռ գործը հարուցված էր ավելացված արժեքի հարկի գծով 9,7 միլիոն դրամ պետությանը չվճարելու փաստով։

Դատարանի որոշումն էլ, որով թույլ է տրվել Քննչական կոմիտեին առգրավել ընկերության հաշվապահական փաստաթղթերը, վերաբերում էր բացառապես ԱԱՀ վճարմանն առնվող փաստաթղթերին եւ միմիայն 2015 թվականից սկսած։ Այս մասին հայտնում է մեր արժանահավատ աղբյուրը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում։ «Նախ, մենք ԱԱՀ-ի գծով ունենք գերավճար։ Երկրորդ․ դատարանը թույլ է տվել առգրավել միայն 2015 թվականից հետո 9,7 մլն ԱԱՀ-ի չվճարման հետ առնչվող փաստաթղթերը, իսկ իրենք ինչքան փաստաթուղթ կա, վերցրել-տարել են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակ Ռուբեն Գրձելյանը հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով․ «Մեզ կասկածում են 9,7 մլն դրամ ԱԱՀ չմուծելու մեջ՝ այն դեպքում, երբ դրա տասնապատիկը գերավճարի տեսքով արդեն պահել են»։  

Հայտնեց նաեւ, որ մինչ օրս գոյություն չունի ոչ մի ավարտված փորձաքննություն այն մասին, թե որքան չարաշահումներ են եղել։ Քննչական կոմիտեից էլ մեր հարցին, թե որքանով է իրավաչափ ռուսական ընկերության ամբողջ 10 տարվա փաստաթղթային բազայի առգրավումը, այն դեպքում, երբ առգրավումը թույլատրող դատարանի որոշմամբ միայն ԱԱՀ-ին առնչվող տասը տարվա փաստաթղթերը պետք է առգրավվեին, պատասխանեցին, որ դա արվել է օրենքով սահմանված կարգով։ «Քրեական գործը բազմադրվագ է եւ մեծածավալ։ Քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում են շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը եւ իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Շարունակում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- հաղորդեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, սակայն, նախընտրում է չբողոքել դատավարական ընթացքից, չփչացնել հարաբերություններն իշխանությունների հետ։ Ընկերությունն անգամ փաստաբանից է հրաժարվել։