ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահներ ցանկանում են թեժացնել Ղարաբաղյան հակամարտությունը․ Լեոնիդ Կալաշնիկով

ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահներ ցանկանում են թեժացնել Ղարաբաղյան հակամարտությունը․ Լեոնիդ Կալաշնիկով

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած իր այցի ընթացքում փորձել է համոզել եվրոպացի գործընկերներին, որ անհրաժեշտ է փոխել Ղարաբաղյան կարգավորման բանակցային ձեւաչափը։ Խոսելով իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին, Փաշինյանը հայտարարել էր, որ այն նվիրված կլինի նաեւ բանակցային ֆորմատին, քանի որ ինքը կարծում է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը։ Եվրոպայում, սակայն կարծես թե այս գաղափարը աջակցություն չէր գտել։ Ինչպես գրում է ադրբեջանական Media.az-ը, Մոսկվայում կարծես թե դեմ չեն ձեւաչափի փոփոխությանը, ինչի մասին վկայում է նաեւ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի հետ ադրբեջանական լրատվամիջոցի հարցազրույցի բովանդակությունը։ Ռուս խորհրդարանականը նշել է, որ Բաքվի հարաբերությունների սերտացումը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին եւ ՀԱՊԿ-ին, կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Ես միշտ ասել եմ, որ ցավոք ԵԱՀԿ ՄԽ-ում որոշ պետություններ, որոնք անդամ են այդ կառույցին, խորապես հետաքրքրված են, որ որոշ հակամարտություններ պարզապես քնեցվեն, իսկ որոշներ էլ թեժանան։ Ցանկացած վեճ, հակամարտություն, հատկապես՝ տարածքային կամ ռեգիոնալ, պետք է լուծել նախ եւ առաջ հարեւանների մասնակցությամբ»,- ասել է Կալաշնիկովը, համոզմունք հայտնելով, որ այդ կերպ հարցերն ավելի արագ կլուծվեն, քանի որ նրանք հետաքրքրված են, որ իրենց սահմաններին տիրի խաղաղություն։ Ռուսաստանցի օրենսդիրն իր խոսքում ակնարկել է, որ անհրաժեշտ է, որ հարցը լուծվեի Փաշինյան, Պուտին, Ալիեւ հանդիպման ժամանակ, եւ Ադրբեջանն էլ ներառվի արդեն նշված ինտեգրացիոն եւ ռազմական կառույցների մեջ։