Արմեն Վիրաբյանի վրա կրակողը 20 օր առաջ վիճել է նրա հետ

Արմեն Վիրաբյանի վրա կրակողը 20 օր առաջ վիճել է նրա հետ

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի ու Նարեկ Կիրակոսյանի միջեւ մեքենան «ճռռացնելու» թեմայով կրակոցներից հետո, մի ամիս էլ չանցած՝ նոր միջադեպ տեղի ունեցավ, զենքի կիրառմամբ․ Վարդանանց փողոցում կրակել են «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատիրոջ որդու՝ 26-ամյա Արմեն Վիրաբյանի «Range rover sport» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ենթադրյալ կրակողին ձերբակալելու որոշում է կայացվել:

Նա, ըստ ոստիկանության, «իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել»: «Մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ: Հայտնի է նրա անունը՝ Երեւանի 31-ամյա բնակիչ Սարգիս Գ․: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 8 փամփուշտ, իսկ մեքենայի դռան վրա՝ կրակոցի 5 հետք: Մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով»:

Ի սկզբանե, ՔԿ հաղորդագրության մեջ, որպես դեպքի վայր, նշված է եղել Սախարովի հրապարակը, իրականում դեպքը տեղի է ունեցել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ: Կրակելուց հետո, մեր տվյալներով, Արմեն Վիրաբյանը միառժամանակ վարել է մեքենան եւ հասնելով Արամ Մանուկյանի արձանի մոտ, թողել է այն դեպքի վայրում եւ փախել, հավանաբար, սթրեսի մեջ: «Ինչո՞ւ փախա: Կյանքի հարց էր, իմ անվտանգության համար»,- կարճ բացատրեց Արմեն Վիրաբյանը, բայց իր վրա կրակողի մասին հարցերին պատասխանելուց հրաժարվեց՝ հորդորելով դիմել փաստաբանին: Արմեն Վիրաբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանից տեղեկացանք, որ կրակողը քիլեր չի եղել, իր պաշտպանյալը ենթադրյալ կրակողին նախկինում ճանաչել է: Ինչի՞ համար է կրակել․ հարցին փաստաբանը պատասխանեց. «Պատճառն այս պահին անհայտ է»: Մանրամասներ հաղորդել նա եւս չցանկացավ: 

- Ի՞նչ հարաբերություններ են ունեցել նախկինում, թշնամակա՞ն: 

- Ոչ, ունեցել է նորմալ հարաբերություններ, հետո՝ մի քանի ամիս առաջ, ինչ-որ վիճաբանություն է եղել իրենց մեջ: 

- Ի՞նչ թեմայով: 

- Այս պահին չեմ ցանկանում մանրամասնել: 

- Իսկ նախկինում եղած, Արմենի հոր հետ կապված պատմությունների հետ կապ ունի՞: Վիրաբյան եղբայրները նախկինում, որքան գիտեմ, անցել են Շահեն Հովասափյանի սպանության գործով: 

- Ոչ, բոլորովին, ոչ մի կապ, ոչ մի եզր չկա: 

- Իսկ ո՞վ է կրակողը՝ Սարգիս Գ.-ն: 

- Տեղյակ չեմ: 

Հիշեցնենք, որ տուժողի հայրը՝ շինանյութով զբաղվող «Սեմուր ընդ կո» հայտնի ընկերության սեփականատեր Գուրգեն Վիրաբյանը, 2010 թվականին եղբոր՝ Արմեն Վիրաբյանի հետ կալանավորվել էր ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով: Հովասափյանի մեքենան պայթեցրել էին 2006 թվականին: Գուրգեն Վիրաբյանի եղբայրը Շահեն Հովասափյանի տեղակալն էր: Հայտնի գործարարների դեմ ցուցմունք էր տվել Հովասափյանի վարորդը, սակայն կալանավորումից 2 ամիս անց իրավապահներին այցելեց ոմն Հ. Իսրայելյան եւ իր վրա վերցրեց սպանությունը, ինչը, սակայն, չապացուցվեց: Սա, թերեւս, այս ընտանիքի հետ կապված միակ մութ պատմությունն է: 

Օգոստոսի 1-ի գիշերային միջադեպի տուժողը եւս բաժնեմաս ունի «Սեմուր ընդ կո»-ում: Թե ուր են տանում սպանության թելերը, արդյոք այն ունի վրեժի ենթատեքստ, թե ոչ, գուցեեւ պարզեն իրավապահները: Առայժմ արձանագրենք, որ նրանցից վախ չկա երկրում՝ կրակոցներով ուղեկցվող «ռազբորկաները», դանակահարությունները մայրաքաղաքում այլեւս ավանդույթ են դառնում, հարցեր լուծելու սովորական ձեւ: