ՔՊ-ն Գյումրիում «չմարսելով» համայնքապետի ընտրություններում պարտությունը, նոր «փորձություն» է նախաձեռնել «Բալասանյան» դաշինքի համար:
Այսօր՝ հուլիսի 26-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ, որտեղ քննարկելու են Գյումրու քաղաքապետի 24 որոշումները անվավեր ճանաչելու և վարչական դատարան ներկայացնելու հարցը:
ՔՊ-ականները փորձում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից բռնագանձել Գյումրու «Սև բերդ» ամրոցը և մի շարք այլ շինություններ, որոնք ավագանու որոշումներով օտարվել էին, ապա վաճառվել:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, այսօր երեկոյան կամ վաղը, «Ֆեստիվառ» փառատոնին մասնակցելու համար, Գյումրի է այցելելու նաև Նիկոլ Փաշինյանը:
Փորձեցինք կապ հաստատել Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, որպեսզի ճշտեինք, արդյոք Փաշինյանը այցելելո՞ւ է Գյումրի, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Փաշինյանի այցը կապված է նաև ՔՊ-ի հրավիրած արտահերթ նիստի հետ:
Փորձեցինք զրուցել նաև Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ, սակայն նա ևս մեր զանգերը անպատասխան թողեց: