Շուշանիկ Ներսիսյանը ժամանակին հրավիրվել է ԱԱԾ, ապա այդ գործն ուղարկվել է ՀՔԾ․ Արթուր Վանեցյան

Շուշանիկ Ներսիսյանը ժամանակին հրավիրվել է ԱԱԾ, ապա այդ գործն ուղարկվել է ՀՔԾ․ Արթուր Վանեցյան

Մենք այսօր հրապարակել ենք Բորիս Ավագյանի նամակը ռուսական քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա սենսացիոն բացահայտումներ է անում մասնավորապես ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի դեմ առկա մեղադրանքների մասին և նամակում շեշտել է, որ այդ գործի քննությունը տարել է ԱԱԾ-ն՝ դեռ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ։ Քանի որ մերձիշխանական լրատվամիջոցները գլխապատառ սկսեցին հերքել նամակը և կասկածի տակ դնել Ավագյանի խոսքերը, փորձեցինք ԱԱԾ նախկին տնօրենից ճշտել, թե արդյո՞ք եղել է նման քրեական գործ և ի՞նչ ընթացք է ունեցել: 

-Պարոն Վանեցյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բորիս Ավագյանի նամակը, արդյո՞ք եղել է նման քրեական գործ, Շուշանիկ Ներսիսյանը ի՞նչ կարգավիճակով է անցել այդ գործով։

-Բորիս Ավագյանին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ վերջինս իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել է փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ նա անգամ որոշ ժամանակ այդ քրեական գործի շրջանակներում եղել է անազատության մեջ: Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, իմ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ: Այլ մանրամասներ չեմ կարող մտաբերել և խորհուրդ կտամ վերը նշված գործերի վերաբերյալ տեղեկություններ հայցել ՀՀ իրավապահ մարմիններից:

-Մի հարց էլ․ Իսկ Դուք երբեւէ Բորիս Ավագյանին հանդիպե՞լ եք, ճանաչո՞ւմ եք։

-Ոչ, երբեւէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։