Նիկոլ Փաշինյանի ուղերձը «ընտրակեղծիքների զոհ» Վազգեն Մանուկյանին

Նիկոլ Փաշինյանի ուղերձը «ընտրակեղծիքների զոհ» Վազգեն Մանուկյանին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Նա իր խոսքում ասել է․ «Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: 

Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Այս խոսքերին արձագանքելով Վազգեն Մանուկյանը նշել է. «Ես ևս ցանկանում եմ անդրադառնալ Ձեր ասածին: Ցանկալի կլիներ, որ մարտի 1-ը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար: Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր»: