Նախարարը անում է այն, ինչի մասին գրում է Հրանտ Բագրատյանը. մարզպետ Սանոսյանի սկանդալային գրառման մասին

Նախարարը անում է այն, ինչի մասին գրում է Հրանտ Բագրատյանը. մարզպետ Սանոսյանի սկանդալային գրառման մասին

Հուլիսի 7-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը գրություն է ուղարկել Գիտությունների ազգային ակադեմիա, որով խնդրել է Սևանի կողակի պոպուլյացիայի վերականգնման վերաբերյալ առաջարկ անել։ Այս մասին նախարարությունից հայտնել են fip.am կայքի հարցմանն ի պատասխան։ 
Փաստորեն, Էրիկ Գրիգորյանը արել է այն, ինչի մասին գրել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, բայց այդ մասին չէինք իմանա, եթե չլիներ ԶԼՄ-ի հարցումը։ 

Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ին նախկին վարչապետը հայտնի սոցցանցի իր էջում բացատրել էր, թե ինչու է կանաչում Սևանա լիճը։ «Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել․․․ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շատ քիչ կա։ Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։ Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ,որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի», - գրում է Բագրատյանը, հորդորելով կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին լիճ լցրած մանրաձկան քանակը։ 

Վիճակագրություն, իհարկե, չհրապարակվեց։ Հակառակը, «իմ քայլականները» դեռ մի բան էլ քննադատեցին Բագրատյանին։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարեց, որ ինքն ամաչում է, որ Բագրատյանը մի քանի տարի եղել է «իր հայրենիքի վարչապետը»։ 
2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո այդ նույն Գնել Սանոսյանը, որը «Ելքից» առաջադրված ու պարտված թեկնածուների թվում էր, իր ֆեյսբուքյան պատին գրել էր․ «Մոտս հակասական զգացողություն է՝ զարմացած եմ, թե նույն ազգը ինչպես 2016 թ․ ապրիլի 2-ին այդքան հերոս ունեցավ, իսկ 2017 թ-ի ապրիլի 2-ին՝ այդքան Բ-ի տղա ու աղջիկ» ու չակերտներում ավելացրեց, «Կներեք, բայց այլ բառ չկար»։ Հետագայում նա իր այս գրառումը ջնջեց, բայց մարդիկ կան, որոնք այնքան են ամաչում, որ Գնել Սանոսյանը իրենց մարզպետն է, որ պահել են այս ստատուսը։ 

Վերադառնանք սակայն  շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Խորապես համոզված ենք, որ նրա հետաքրքրվածությունը կողակի, կամ սիգի վերարտադրությամբ, լճի ֆաունայի զարգացմամբ զուտ ձևական է։ Ընդամենը երկու օր առաջ նախարարին հարցրել էինք, թե ինչ տեղեկություններ ունի Ջերմուկի կարմրախայտի որսագողության մասին։ Բանն այն է, որ վերջերս Արփա գետում որսագողությունը ահռելի չափերի է հասել։ Ջերմուկ քաղաքի մթերային խանութներում աշխուժացել է կարմրախայտի առևտուրը։ Մեկ կիլոգրամի համար զբոսաշրջիկները պատրաստ են վճարել 7-8 հազար դրամ։ Որսագողերը կարմրախայտը հանում են ամենավտանգավոր եղանակով՝  էլեկտրականությամբ շշմեցնելով ձկանը։ Դրա հետևանքով Արփա գետի կենդանական աշխարհը էլեկտրահարվում է և ոչնչացվում է։ Նախարարին խնդրեցինք մեկնաբանել այս իրավիճակը, իրեն հայտնի փաստեր ու գուցե թվեր հայտնել։ Նրա պատասխանն ապշեցուցիչ էր․ «Որևէ բնապահպանական իրավախախտման ականատես լինելուց խնդրում եմ ահազանգեք բնապահպանական և ընդերքի տեսչական մարմին, նախարարությունը առաջիկայում վերանայելու է որսի և որսագողության հետ կապված օրենսդրությունը»։  Փաստորեն որևէ բնապահպանական իրավախախտման մասին նախարարը պատկերացում չունի և չի էլ ցանկանում ունենալ։ Դա նրա գործը չէ։