Հանքագործների հայտարարությունն Ադրբեջանո՞ւմ են գրել

Հանքագործների հայտարարությունն Ադրբեջանո՞ւմ են գրել

Այսօր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես եկավ մի տարօրինակ հայտարարությամբ: Մինչ մենք ազգովի ապացուցում ենք, որ Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակած ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ թաքնված հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են, զինվորականներ, որոնք հատուկ օպերացիա են իրականացնում` Արցախը կտրելով Հայաստանից, հումանիտար ճգնաժամ առաջացնելով, գազը կտրելով եւ արդեն պարենային ճգնաժամի, բուժօգնության կարիք ունեցողների կյանքի-մահվան խնդիրներ են առաջացել, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը Ադրբեջանի շահերից բխող մի հայտարարություն է տարածում: Այդ հայտարարության մեջ, եթե կարճ ներկայացնենք բովանդակությունը, փորձում են հիմնավորել, որ Ադրբեջանը բնապահպանական խնդիր է առաջ քաշել եւ դրա մեղավորը ոչ թե մեր հարեւան ագրեսորն է, որն ուզում է խեղդել Արցախին ու հայաթափել Ղարաբաղը, այլ մեղավորը լրագրողներն են, բնապահպանները, որոնք «տարիներ շարունակ բնապահպանական աղետների մասին» են ահազանգել:

Ուրեմն մենք Արցախի լացն ենք լացում, ցույց ենք տալիս, որ բնապահպանությունը կեղծ թեզ է, որի տակ հերթական ագրեսիան ու հակաարցախյան քաղաքականությունն է քողարկում խորամանկ Ալիեւը, մեր հանքագործներն ու մետալուրգները լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները: Հետաքրքիր է, թե որ հիվանդ ուղեղի արգասիքն է այս հայտարարությունը, որ թշնամական ճամբարում է այն գրվել եւ ստորագրողների մեջ մի՞թե չի եղել մի գիտակից, քաղաքականապես հասուն մարդ, որ կանխի նման հայտարարության տարածումը եւ ասի, որ սրանով դուք լուրջ հարված եք հասցնում Արցախի պայքարին, դուք աջակցում եք ալիեւյան նենգ ծրագրերի իրականացմանը եւ վաղը ձեր այս հայտարարությունը որպես հաղթաթուղթ ադրբեջանցիները ծածանելու են տարբեր միջազգային ատյաններում` ասելով, որ տեսեք` նույնիսկ հայերն են մեզ հետ համաձայնում, որ կան բնապահպանական խնդիրներ եւ մենք հենց այդ խնդիրները լուծելու համար ենք ուզում ներխուժել Արցախ եւ հասնել Կաշենի ու Դրմբոնի հանքեր: Եւ սա արվում է մի չնչին դիվիդենտ շահելու, մի անիրականանալի նպատակ իրականացնելու համար, որպեսզի լրատվամիջոցները եւ բնապահպանները ձեռնպահ մնան իրենց քննադատելուց:

Ովքեր են այս քաղաքականապես տհաս, վնասակար, հակազգային հայտարարությունը ստորագրել: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը ԶՊՄԿ փոխտնօրեն Վարդան Ջհանյանն է: Ստորագրողներն են կառավարության հովանու ներքո գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Չաարատ Կապան»-ը, «Լիդիան Արմենիան», «Մեղրաձոր Գոլդ»-ը, «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, Ագարակի կոմբինատը, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Գեոէկոնոիկա» ՓԲԸ-ն, «Հեքսագոն թի էս» ՓԲԸ-ն, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշըն» ՓԲԸ-ն: