«Հրապարակ». Ես ե՞րբ եմ սրանց գովացել, նրանց փնովելը սրանց գովե՞լ է նշանակում

«Հրապարակ». Ես ե՞րբ եմ սրանց գովացել, նրանց փնովելը սրանց գովե՞լ է նշանակում

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի տնօրինությանը հանձնված «Հրազդան» ստադիոնի տարածքում վերջին շրջանում շինարարական եւ բարեկարգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Պարզելու համար, թե ինչ նախագիծ է իրականացնում դեռ նախկինների ժամանակվանից պարտքեր ունեցող, իր հարկային պարտավորությունները պետության հանդեպ չկատարած գործարարը, զրուցեցինք նրա հետ։

- Պարոն Աղաբաբյան, ստադիոնում ակտիվ եռուզեռ է, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, ի՞նչ միջոցներով, որքանով հիշում եմ՝ դեռ նախորդ իշխանության ժամանակ պետության նկատմամբ մեծ պարտքեր էիք կուտակել, արդեն մարե՞լ եք։

- Ոչ թե շինարարություն է արվում, այլ կանաչ տարածք է հավաքվում՝ յոլկաների, էկզոտիկ ծառերի ցուցահանդեսի պես բան են ուզում անել։ Վերեւի պլաշչադկան ուզում ենք գեղեցկացնել, ինքը, փաստորեն, խանութ ա, բայց սիրուն սարքվում ա, ծառերի, ծաղիկների, կանաչ աշխարհի խանութ ա լինելու։

- Ձե՞րն է։

- Չէ, վարձակալությամբ ենք տվել, շատ համեստ մի  անձնավորություն։

- Հեղափոխականի՞։

- Չէ, չէ։

- Նախկինում հայտարարել էիք, որ ստադիոնի հետ կապված՝ «առողջացման ծրագիր» եք ուզում իրականացնել, այս իշխանությունների ժամանակ Ձեզ այնքան էլ վատ չեք զգում, ինչո՞ւ չեք անում հիմա, գուցե դիմեք՝ Ձեզ աջակցեն։

- Հա, ուզում ենք, բայց դե կորոնավիրուս, պատերազմ, սրանց կապիկությունները․․․ չգիտեմ։

- Ի՞նչ կապիկություն, ո՞ւմ կապիկությունը։

- Իշխանության։

- Ինչ-որ բա՞ն են արել Ձեր նկատմամբ։

- Ինչ տալիս ենք, չեն հաստատում, ինչ առաջարկ անում ենք, մեզ «ավսայիդ» են արել, չեն օգնում, մենք էլ ինչ կարում, անում ենք։

- Այդքան գովեցիք այս իշխանություններին, փաստորեն, չեն գնահատում Ձեզ։

- Ես ե՞րբ եմ գովացել, ես փնովել եմ ուրիշներին, նրանց փնովելը սրանց գովե՞լ է նշանակում։ Դրանք տարբեր բաներ են։

- Եթե սրանց չես փնովում, արդեն գովել է, բայց հաստատ գովացել եք։

- Հա, սկզբում գովացել եմ մի քիչ՝ հույս ունենալով, որ կգա, մի բան կփոխի։ Չի փոխի, հիմա ի՞նչ տարբերություն՝ ի՞նքն ա, Պողո՞սը, թե՞ Պետրոսը։ Հիմա եթե ժողովրդի համար բան չի արվում, չասե՞նք, մինչեւ ե՞րբ լռենք։ Սկզբից ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ Նիկոլը կարող ա մի բան փրկի։

- Պատերազմից հետո էլ էիք շարունակում հույս կապել իշխանության հետ, պաշտպանել նրանց։

- Դե, պատերազմն ի՞նչ, ի՞նչ պիտի անեին սրանք, եթե դավաճաններ կային։ Դուք չգիտե՞ք ով ա դավաճան, դավաճանը նա է, ով Ռուսաստանում սովորած վայեննի ա։ Իրենց ակադեմիան ավարտել են, դառել իրենց շպիոնը, ընտեղից ինչ ասում են, ստեղ անում են։ Պուտինը Հայաստանը ծախել-պրծել ա արդեն։

- Եթե Փաշինյանը ոչ մի բան չէր կարող անել, ինչո՞ւ մնաց, թող հենց պատերազմի սկզբից ասեր՝ ժողովուրդ, դավաճաններն են կառավարում երկիրը, բանակը, պատերազմը․․․ ԱԱԾ-ն բռներ դավաճաններին եւ այլն։

- Ես Ձեզ մի բան ասեմ՝ մարդն ասեց, չէ՞, զինվորականներին՝ ի՞նչ եք ուզել, որ չեմ տվել։ Եթե ինչ ուզել են, տվել ես, չես հետեւել, ո՞վ ա մեղավոր։ Հո մենակ տալով չի՞, պիտի հետեւես, չէ՞։

- Զինվորականներն էլ ուրիշ բան են ասում, Դուք անվերապահ հավատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին։

- Ես ի՞նչ իրավունք ունեմ չհավատալու, եթե ինքը պուբլիչնի ասում ա՝ ի՞նչ եք ուզել, որ չեմ տվել։

- Օրինակ, հրապարակային հայտարարեց, որ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, Դուք հավատացի՞ք դրան։

- Ոչ, ըտենց բան չկա․․․ Ես մի բան գիտեմ՝ եթե նախկինները ստորագրել են հողերն առանց պատերազմի հանձնելու, հանձնեիր՝ ինչի՞ էդքան կռիվն արեցիր, էդքան մարդ զոհվեց։ Թող հանձներ, չի հանձնել։ Թե բա՝ ինձ հանձնող կասեին, էս կասեին։ Էլի ասում են, ի՞նչ տարբերություն։ Որ հանձնած լիներ, զորքը հետ կանչեր։ Մարդու խելքը պիտի հասնի մի գործից, որ կարողանա ճիշտ անի։

- Վերադառնալով Ձեզ՝ մարե՞լ եք պետությանն ունեցած Ձեր պարտքերը։

- Պետությանը չէր, բանկինն էր, էս քանի օրը կմարենք։

- Խոսքը հարկային մեծ պարտավորությունների մասին է, որն ունեիք, անգամ դատարանը Ձեզ սնանկ ճանաչեց, Դուք էլ ասում էիք, թե նախկինները Ձեզ հանգիստ չեն տալիս, հիմա ոնց որ ներկաները սիրում են Ձեզ, հանգիստ ապրում եք։

- Ո՞ւմ՝ ի՞նձ։ Բայց ես ի՞նչ եմ արել, որ հանգիստ չապրեմ։ Իսկ էդ հարկային պարտքերն իրանց արածով ա առաջացել, ես որ հլը չեմ բողոքում Սերժի վրա՝ չի նշանակում, թե ես մեղավոր եմ։ Եկավ, յառմռկեն գողացավ, տարավ, ինձ էլ գցեցին տույժ-տուգանքի մեջ, Խաչատրյան Գագոն էլ երեւակայությունների մեջ էր, Սերժի պատվերներն էր կատարում։

- Հիմա էդ պարտավորությունները ջրվե՞լ են, գործողները Ձեր պարտավորությունների մասին էլ ձայն չեն հանում։

- Ոչ միայն իմ պարտավորությունները, այլ իրենք մարդ են գտել՝ վստահում են։

- Ձե՞զ են վստահում։

- Թե ինչիս են վստահում՝ չգիտեմ։ Բայց իմացեք՝ ոչ մի բան միանգամից չի լինում, եկել են, անփորձ մարդիկ են, իրենց անփորձությունից ժողովուրդը շատ է տուժում, ճիշտ է, բայց ստրուկի պես չի ապրում։ Ես նախկինում ամենամեծ հարկատուներից եմ եղել, ամիսը 40 մլն հարկ եմ տվել, Սերժ Սարգսյանը խի՞ քանդեց տարավ։

- Իսկ հիմա ինչո՞ւ չեք դառնում ամենամեծ հարկատուներից մեկը՝ էլ քանդող, գողացող չկա, Ձեր սիրած իշխանությունն էլ չի նեղի։

- Ի՞նչ անեմ, եթե սաղ թողել գնացել են, մարդ չի գալիս, գիտեն, որ գան, բռնելու են, տանեն։

- Հիմա ո՞րն է լավ՝ որ Հայաստանում մարդ չի մնացել, թողել գնացե՞լ են, թե՞ նախկինում էր լավ՝ որ Դուք խոշոր հարկատու էիք, բայց Ձեզ ասում էին՝ հարկեր վճարեք եւ այլն։ Ընտրեք, ո՞ր տարբերակն եք ուզում։

- Ես ընտրելու բան չունեմ, մենք ենք լավը, որ սրանց դիմանում ենք։ Ո՛չ Լեւոնը, ո՛չ Սերժը, ո՛չ Քոչը, ո՛չ Նիկոլը ուրիշ ձեւ չէին կարա լինեին, սաղ Մոսկվան ա, երբ մարդը սկզբունք ա ունենում, դուխ ա ունենում, ուզում ա Մոսկվայից կտրվի՝ Ղարաբաղը որպես կռվախնձոր հանում են մեյդան, երկու ազգի կռվացնում են։ Իրենք ռեսուրս ունեն, մենք չունենք։ Սաղ աշխարհն Ադրբեջանի կողմից խոսեց, մեկը մեր կողմից խոսա՞ց, յոթը պետության դեմ են տղերքը կռվել, ո՞նց կլինի ըտենց, արդարություն ենք ուզում, Նիկոլն ի՞նչ կարար աներ, Քոչն ի՞նչ կարար աներ, Սերժը․․․ անում էին այն, որ նույն Քոչի ու Սերժի ժամանակ ոսկիները կթել են, կեսն էլ տարել տվել են Պուտինին, ըտենց յոլա են տարել։ Հիմա Նիկոլը պիտի ասեր՝ ես եմ իրենց տեղը, եկեք ոսկիները կթե՞նք էն տարածքներից, որ նվաճվել էր որպես խաղաղության բուֆեր, լիքը հանքեր կային, չէ՞։ Վազգենը որ Մոսկվայի անունն էր լսում, կատաղում էր, ասում էր՝ չեմ գնալու Մոսկվա։ Նրանք ոչ մի բան չէին կարողանում անել, որովհետեւ Վազգենը բանակը բանակի նման էր պահում։ Հիմա էս մարդը վարչապետ ա, իրա գործերո՞վ զբաղվի, թե՞ բանակով։ Բայց Վազգենը հզոր էր, հա՛մ նրանով էր զբաղվում, հա՛մ բանակով։
Մոսկվայից պոկվել է պետք հիմա, որն անհնար բան է, Մոսկվան ոնց ուզում է, սրանք ըտենց են անում, որովհետեւ ուրիշ ելք չկա, պաշտոնին մնալու, փող աշխատելու համար բոլորը ենթարկվել են Մոսկվային, հիմա էլ սրանք են։ Ասում ա՝  տիրոջ դուռն ինչքան գնում ես, այնքան ստրկանում ես։