Ռուս-ուկրաինական պատերազմ կամ Եվրոպայի տունը նունպես «կռիվ է» ընկել 

Ռուս-ուկրաինական պատերազմ կամ Եվրոպայի տունը նունպես «կռիվ է» ընկել 

Ռուս-ուկրաինական պատերազմը, ի թիվս անցյալ տարվա փետրվարի 24-ից շարունակվող արյունալի իրադարձությունների, համամարդկային արհավիրքների, եկավ՝ վկայելու, որ միասնականության, ժողովրդավարության ու իրավահավասարության արժեքների կղզյակ հանդիսացող հին աշխարհամասը՝ Եվրոպան, այն չէ, ինչ տարիներ ի վեր մատուցել են մեզ նույն ժողովրդասերները, եվրոպացի քարոզիչներն ու ուժային կենտրոնները։

Իհարկե, իբրև ցանկացած համահավաք կառույց, Եվրոպան նույնպես ընտանիքի մանրակերտն է, որտեղ ներքին ինտրիգներ, վեճեր, այսրոպեական հակասություններ և նույնիսկ սկզբունքային տարաձայնություններ կան։ Տարբերությունն այն է միայն, որ եթե նախկինում սկանդինավյան բարեգթությամբ, անգլիական հերթապահ ժպիտով և ֆրանսիական նրբանկատությամբ մեզ ներկայացող Եվրոպան որպես կանոն կարողանում էր թաքցնել «ներընտանեկան անախորժությունները», ապա այժմ անթաքույց խոսում ու մատնանշում է այդ ամենի մասին։

Դեռևս 2022-ի աշնանը Ուկրաինայի նախագայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ի դեպ հրեական արմատներ ունի, կոչ արեց Իսրայելին հստակեցնել, թե ռուս-ուկրաինական հակամարտության մեջ որ երկրի կողմից է: Նա հրեական պետությանը հորդորեց Կիևին զենք մատակարարել. առաջին հերթին՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ: Ստանալով Իսրայելի մերժումը՝ Զելենսկին կարճ բանաձևեց․ «Ցնցված եմ Իսրայելի մերժումից»։

Եվրոպական ընտանիքի մեկ այլ անդամ՝ Հայաստանի հարևան Վրաստանը նույնպես բազմիցս մերժել է ուկրաինական կողմի խնդրանքը և բացեիաբաց հայտարարել, որ չի կարող և չի ուզում զենք մատակարարել Կիևին, քանի որ չի կամենում ներքաշվել հակամարտության մեջ։

Ավելի ուշ համաեվրոպական գետնի վրա ի հայտ եկան նաև այլ էական հակասություններ․ այսպես, Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլարչիկը հայտարարեց, որ եթե Գերմանիան հրաժարվի Ուկրաինային Leopard տանկեր մատակարարել, նա կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ 

«Պետք է հասկանալ, որ Գերմանիան, չհամաձայնելով տանկեր ուղարկել Ուկրաինա, հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ։ Եթե նրանք շարունակեն հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը, ապա նրանց դիրքերը չափազանց թույլ կլինեն»,- նշեց լեհ բարձրաստիճան պաշտոնյան։

Հայտնի է, որ օրերս գերմանական Ռամշտեյնում կայացած գագաթնաժողովի ժամանակ արևմտյան երկրները չեն կարողացել պայմանավորվել Leopard-ի մատակարարման հարցում, ինչի մեջ մեղադրել են Բեռլինին, մասնավորապես քննադատելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի զգուշավոր վերաբերմունքը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս քննադատաբար արտահայտվեց այս ամենի առնչությամբ։
Ավելի ուշ, Բեռլինը, թվում է, տեղի տվեց իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Գերմանիան չի խանգարի Լեհաստանին գերմանական արտադրության Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային, հայտարարեց Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Վարշավան տանկեր մատակարարի առանց Բեռլինի թույլտվության։
«Այս պահին մեզ նման հարց չի տրվել, բայց եթե մեզ դիմեն, մենք չենք առարկի»,- Բերբոքի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Այդուհանդերձ, Օլաֆ Շոլցը պնդեց, որ Գերմանիան զինվորներ և մարտական ինքնաթիռներ չի ուղարկելու Ուկրաինա ոչ հիմա, ոչ՝ ապագայում։

Ի դեպ, Կրեմլի արձագանքն այս առթիվ ևս ուշագրավ էր։ Եվրոպան առանց Ամերիկայի նոր ռազմական դաշինք է կազմավորում. նման կարծիք է հայտնեց ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա իր ենթադրությունը հիմնավորեց պատմական օրինաչափություններով՝ նշելով, որ այդպես է եղել տեւական հակամարտությունների ժամանակ։ Նրա խոսքով, Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը վկայում է այն մասին, որ Արևմուտքը պատրաստվում է ձգձգվող առճակատման։ 

Եվրոպական հակասությունների ֆոնին ոչ պակաս ուշարժան է Չեխիայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Անդրեյ Բաբիշի՝ օրերս արած հայտարարությունը։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ իր ընտրվելու դեպքում զինվորներ չի ուղարկի Լեհաստան, Էստոնիա, Լիտվա և Լատվիա, եթե Ռուսաստանը հարձակվի այդ երկրների վրա։ Երբ Բաբիշին հիշեցրցին, որ դա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պարտավորությունն է, նա պատասխանեց․ «Ես խաղաղություն եմ ուզում»:

Այսօր արդեն, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ուղիղ տեքստով մեղադրեց Կիևին․ նրա խոսքով՝ Անդրկարպատիայում ուկրաինական բանակում էթնիկ հունգարացիներ են զորակոչվում․ «Անդրկարպատիայում ապրող հունգարացիները նույնպես զորակոչվում են ուկրաինական բանակ, վերջին օրերին կադրեր են հայտնվում, թե որքան դաժան է երբեմն դա տեղի ունենում», - ասաց Սիյարտոն՝ հավելելով, որ մոբիլիզացված հունգարացիներից շատերը զոհվում են: Հունգարիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ այս փաստը պատճառներից մեկն է, որ Բուդապեշտը պնդում է հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց սկսելու մասին։

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ֆրանսիան, որ արտաքուստ միացավ ՌԴ-ի դեմ Արևմուտքի և բովանդակ Եվրոպայի պատժամիջոցներին, նախագահ Մակրոնի շուրթերով հաճախ է պնդել, որ անհրաժեշտ է պահպանել Մոսկվայի հետ ուղիղ շփումները՝ հակամարտությանը վերջ դնելու հեռանկարն ավելի իրատեսական դարձնելու համար։ Սերբիան ևս դիրքորոշման առումով ընդհանրություններ ունի Փարիզի հետ։

Այս ու նման բազմաթիվ օրինակներ փաստում են, որ իրականում արմատական տարաձայնություններ կան Եվրոպայի ներսում կամ, պատկերավոր ասած, բացի Ռուսաստանից և Ուկրաինայից, իրականում Եվրոպայի տանը նույնպես «կռիվ» է ընկել, և առայժմ հայտնի չէ, թե այն ինչով կավարտվի և որքան անդառնալի կլինի ոչ միայն Հին աշխարհամասի, այլև ամբողջ մարդկության համար։