Տիկին Զախարովա, վերջնաժամկետ կտաք ՌԴ ԱԳՆ պաշտոնաթերթին

Տիկին Զախարովա, վերջնաժամկետ կտաք ՌԴ ԱԳՆ պաշտոնաթերթին

Այսօր «Իրավաբան․նեթ» կայքից պատահաբար տեղեկացանք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մեզ՝ «նվաստներիս»՝ հերքելով «Հրապարակի» լուրերից մեկը։ Ինչո՞վ ենք արժանացել «Նորին գերազանցության» նման ուշադրությանը։ Պարզվում է՝ ռուսական պետական ապարատն անչափ «օպերատիվ» է աշխատում՝ դեկտեմբերի 9-ին ՌԴ ԱԳ պաշտոնյային զեկուցել են, որ դեկտեմբերի 3-ին մեր թերթում մի փոքրիկ լուր է տպագրվել եւ նա որոշել է ռուսական լրատվամիջոցների կողմից «հնչեցված» հարցի միջոցով անդրադառնալ դրան։ Խոսքը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայաստանից հետ կանչելու մասին է։

Շաբաթ օրը մենք գրել էինք

«Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, եւ թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, եւ Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է: Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որեւէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, եւ գործող դեսպանի հեռանալը նաեւ դրանով է պայմանավորված լինելու»:

Ի՞նչ է ասել տիկին Զախարովան․

«Թերթին մենք վերջնաժամկետ կտանք մինչև վաղը… Վաղը պետք է հերքում հրապարակեն, քանի որ ֆեյք լուր են հայտնել, դա ճիշտ չէ, ապատեղեկատվություն է, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. մեր դեսպանը շարունակում է աշխատել և կատարել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»։

Հենց այսպես՝ ոչ ավել ոչ պակաս․ վերջնաժամկետ է տալիս մեզ։ «Հայերեն» ասած՝ ուլտիմատում։ Այնպես, ինչպես ուլտիմատում կտային, ասենք, ՌԴ ԱԳՆ պաշտոնաթերթին։ Գուցե նաեւ փակեին մեր թերթը, գործ հարուցեին խմբագրի դեմ եւ այլն՝ Ռուսաստանում լայն գործիքակազմ ունեն նման դեպքերի համար նախատեսված։ Մեզ մի պահ թվաց՝ վերադարձել ենք 20-րդ դար եւ Ռուսաստանը՝ որպես Սովետմիության «գլխավոր» պետություն՝ իր «վասալ-պետության» մի շարքային լրատվամիջոցի տեղն է դրել «Հրապարակին»։ Կամ էլ գուցե արդեն համարում է, որ Վլադմիրի Պուտինի երազած նոր Միութենական պետությունը ձեւավորվել է եւ մենք իրենց ենթակա պետության մի ենթակա լրատվամիջոց ենք, կարող են ուլտիմատումներ տալ, պահանջներ ներկայացնել։ Պարզ է, որ կամ ուշացել են, կամ՝ մի քիչ շտապում են։

Ինչ վերաբերում է նշված տեղեկատվությանը․ Մենք չենք գրել այսօր կամ վաղը հետ են կանչում, գրել ենք՝ շուտով եւ մեր ռուսաստանյան աղբյուրները պնդում են, որ այո՝ առաջիկայում, գուցե մի քանի ամսից, դեսպան Կոպիրկինը հետ է կանչվելու։ Այնպես չէ, որ մեզ համար տարբերություն կա, թե ով կլինի Ռուսաստանի դեսպանը Հայաստանում՝ Կոպիկինը, Վոլինկինը, թե Պետրենկոն։ Տեղեկատվություն է, որը ստացվել է ռուսական աղբյուրներից եւ մեզ հավաստի է թվացել, ուստի հրապարակել ենք։ Բնականաբար՝ հնարավոր է նաեւ, որ մեր աղբյուրը մի փոքր շտապել է կամ թերացել, բայց հերքում տպագրելու համար կա քաղաքակիրթ ճանապարհ եւ ժամկետներ։

Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ շաբաթ անց միայն ռուսական կողմը գլխի ընկավ, որ «ֆեյք լուր» է հրապարակվել իրենց դեսպանի մասին։ Ենթադրենք՝ Զախարովան խիստ է զբաղված ուկրաինական եւ այլ «բարեկամական» երկրների մամուլն ուսումնասիրելով եւ նրա աչքից վրիպել է «Հրապարակի» այս գերկարեւոր լուրը։ Բայց չէ՞ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն կա, որը կարող էր արձագանքել մեր լուրին։ Եւ ռուսական պաշտոնական շրջանակների աշխատող փորձագետները նաեւ հաճախ կապվում են մեզ հետ, հարցազրույցներ են տալիս, մեկնաբանություններ են անում՝ նրանք կարող էին փոխանցել հերքում կամ պարզաբանում։

Եւ վերջապես՝ մենք Զախարովայի ճեպազրույցներին հետեւելու պարտավորություն չունենք եւ նրա ուլտիմատումներն էլ մեզ վրա չեն կարող տարածվել։
Այնպես, որ դիմեք գրավոր եւ պատշաճ եղանակով՝ առանց ուլտիմատումների, հնարավոր է եւ ընդառաջենք ու տպագրենք։

Հրապարակ