Այ քեզ հեղափոխակա՜ն, այ քեզ երկար ականջներ

Այ քեզ հեղափոխակա՜ն, այ քեզ երկար ականջներ

Հայրենական մաս-մեդիայում իրարանցում է: «Արցախում ցույցեր են, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում»- ի մասնավորի ահազանգում է լրատվամիջոցներից մեկը: Փետրվարի 20-ի կեսօրին ֆեյսբության ուղիղ եթեր է կազմակերպել Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը եւ ոչ նորմատիվ բառապաշարով վերջնագիր ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին՝ մինչեւ աշխատանքային օրվա վերջ փոխել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների բաժնի որոշումը՝ իրենց կուսակցությունից պատգամավորի թեկնածուներից մեկին ԱՀ-ում հինգ տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելու մասին:

Հակառակ դեպքում սպառնացել է «գործողություններ սկսել»: Ոստիկանությունը պարզաբանել է, որ որոշումն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վարչական դատարանում, ի հակակշիռ՝  Արթուր Օսիպյանը մի քանի համակիրների հետ ավտոերթ է կազմակերպել Վերածննդի հրապարակում: Ոստիկանությունը միջամտել է: «Հեղափոխականները» չեն ենթարկվել: Օրենքի պահապանները նրանց բերման են ենթարկել: Հարուցվել է վարչական վարույթ, բերման ենթարկվածները երեք ժամ անց ազատ են արձակվել: Մինչ այդ նրանց այցելել են ՄԻՊ ներկայաուցիչները, ցուցաբերել անհրաժեշտ  աջակցություն: Թե իրավական ինչ ընթացք եւ ավարտ կունենա հարուցված վարչական գործը՝ ժամանակի հարց է: Բայց մինչ այդ արժե ուշադրություն դարձնել Արցախի հեղափոխական կուսակցության՝ ԿԸՀ ներկայացրած ցուցակին: Այն, բնականաբար, գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որ ոչ մի տեղ չի աշխատում: Երկրորդ հորիզոնականում Արթուր Ալեքսանյանն է, դարձյալ չի աշխատում: Չի աշխատում նաեւ պատգամավորության երրորդ թեկնածու Արարատ Պետրոսյանը: Չորրորդ տեղում Իվանյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Մարգարիտա Կիրոկոսյանն է, հինգերորդը՝ ոչ մի տեղ չաշխատող Սերգեյ Ստեփանյանը:

Չի աշխատում նաեւ պատգամավորի հաջորդ թեկնածու Մհեր Բաբայանը, ինչպես նաեւ՝ յոթերորդ հորիզոնականն զբաղեցնող Արամ Ավագյանը, որից հետո կարդում ենք Վարդուհի Օսիպյանի՝ կուսակցության նախագահի կնոջ, անունը: Նա «Արցախբանկ,» ՓԲԸ վարկային վերլուծաբան է: Չի աշխատում նաեւ պատգամավորի իններորդ թեկնածու Ավետ Ավանեսյանը, որին հաջորդում եւ ցուցակի տասնյակը եզրափակում է «Լուսարար» թերթի, որի խմբագիրն Արթուր Օսիպյանի զոքանչն է, սրբագրիչ Նորա Գրիգորյանը:

Այսպիսով՝ «հեղափոխականների» ցուցակի առաջին տասնյակում կուսակցության նախագահն է, նրա կինը, զոքանչի խմբագրած թերթի սրբագրիչը, մանկապարտեզի մի դաստիարակ եւ վեց ոչ մի տեղ չաշխատող, որոնցից միայն Արարատ Պետրոսյանն է, որ քաղաքական որոշակի փորձ ունի, եղել է երրորդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ներկայացնում է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որ ժամանակին հիմնադրել է ՊԲ հրամանատարի թիկունքի գծով նախկին տեղակալ Արմեն Աբգարյանը: Ահա մարդկային եւ քաղաքական այդ ,,ռեսուրսով,, է ԱԺ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրել Արցախի հեղափոխական կուսակցությունը: Եւ փոխանակ կենտրոնանալու կուսակցական աշխատանքի, նախընտրական ծրագիր մշակելու եւ ընտրողներին ներկայացնելու վրա, Արցախի նախագահից պահանջում է ոչ ավել, ոչ պակաս՝ «արգելել «Ազատ հայրենիք» կուսակցությանը՝ մասնակցելու ընտրություններին»: Այ քեզ հեղափոխակա՜ն, այ քեզ ժողովրդավա՜ր: Այ քեզ երկար ականջներ, որ երեւում են Արթուր Օսիպյանի թիկունքից: