Գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ

Գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ

Մի ժամանակ ես էլ էի ոգևորված Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի միջոցով վարչապետի աթոռից կառչած անձին խեղճացնելու հնարավորությամբ: Բայց պրակտիկան ցույց  տվեց, որ դա անհնար է, քանի որ օրենքով նրան է տրված վերջին խոսքի իրավունքը: Եվ քանի որ պատգամավորի արձագանքից հետո միացվում է հերթական մանիպուլյացիոն «հնարքը», ինքը մշտապես հաղթող է դուրս գալիս կիսագրագետ ու անգրագետ զանգվածների աչքում: Որպես հիմնավորում ներկայացնեմ նախորդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ հարցին հետևած դրվագը: Հիշեցնեմ, որ վերջինս «զարմացել» էր, թե ՔՊ կուսակցության վարչության կողմից ինչ չափանիշներով է ընտրվել ֆեյսբուքյան հայհոյախոս (հայհոյագիր) Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ-ի անդամ: Ով, ինչպես պարզվել էր, նաև թաթախված է եղել կոռուպցիոն ինչ-որ սկանդալում:  

Շատ կոնկրետ այդ հարցին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երկու անգամ տվեց նույն պատասխանը: Այն է՝ կուսակցության վարչությունը, ճիշտ է, ընտրել է, սակայն քանի որ երկրում գործում է հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը, ԱԺ-ում Սիրունյանի թեկնածությունը չի անցել: Բայց իրադրության ողջ զավեշտը կայանում է նրանում, որ թե՛ ՔՊԿ վարչությունը և թե՛ խորհրդարանի ՔՊ խմբակցությունն իրականում ունեն ընդամենը մեկ որոշիչ ձայն: Դա ՔՊԿ վարչության նախագահ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլն է: Ինչը նշանակում է, որ վարչության նիստում Սիրունյանին ընտրել է Նիկոլը: Եվ նույն Նիկոլը Ազգային ժողովի նիստում տապալել է նրա ընտրությունը՝ խմբակցությանը հրահանգելով կյանքի կոչել այն: Եվ, ըստ այդմ, գործ ունենք ոչ թե հիշատակված մեխանիզմի գործողության, այլ կրկեսային ներկայացման հետ: Օրինակ, այսպիսի՝ «Գյադե՛ք, էս կողմ (անցեք), գյադե՛ք, էն կողմ (անցեք)»: Բայց դա ցույց տալու համար կպահանջվեր երկրորդ արձագանքի իրավունքը, ինչը տիկին Խամոյանը չուներ օրենսդրորեն:

Չնայած, եթե Ագնեսան անմիջապես կողմնորոշվեր, ապա արձագանքի ժամանակ ինքը ոչ թե կկրկներ չափանիշների վերաբերյալ հարցը, այլ ընդամենը կնշեր, որ ոչ մի մեխանիզմ գոյություն չունի: Այլ ընդամենը ՔՊ կուսակցության վարչությունում Նիկոլը որոշեց մի բան, իսկ ԱԺ խմբակցությունում նույն Նիկոլը որոշեց դրա հակառակ բանը: Ու դրան վերը նշված անձը ոչինչ չէր ունենա հակադարձնելու: Համենայն դեպս, ինչ էլ ասեր՝ դա չէր ունենա այն էֆեկտը, ինչը ստացվեց, երբ Նիկոլը կրկնեց կեղծ թեզը: Ի դեպ, այդ մեխանիզմը կարելի է գործարկել նաև, եթե ընդդիմադիր խմբակցություններից հարցեր տալու համար գրանցվեն զույգերով: Այսինքն, տիկին Խամոյանի հարցի շարունակությունը կարող էր տալ հաջորդ գրանցված պատգամավորը: Որքան հիշում եմ, մեկ թե երկու անգամ նման պրակտիկա կիրառվել է նախկինում: Բայց հետո դա մոռացվել է: 
Ինչ մնում է Սիրունյանի թեկնածությունը մերժելուն, ապա դա, բնականաբար, կատարվել է հանրային ճնշման ներքո: Եթե այն չլիներ, ապա վերջինիս դեպքում Նիկոլը կարիք չէր ունենա հիշատակելու վերը նշված մեխանիզմը: Կոնկրետ այս դրվագը ցույց է տալիս, թե իրականում ինչ արժեք ունի հայաստանյան ժողովրդավարությունը. իհարկե, զրոյական: Եթե դա նկատում եմ ես, ապա դա չեն կարող չնկատել արևմտյան երկրների դեսպանատներում: Եթե, իհարկե, ունենան դա նկատելու ցանկություն: Բայց նրանք շարունակում են աչք փակել այդ իրողության վրա, և դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան վերջինս կսպասարկի սեփական և նրանց շահերը՝ ի հակադրություն Հայաստանի և հայաստանցիների շահերի: