«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ

Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։ Մեր տեղեկություններով՝ նա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ, մասնավորապես ասել է, որ ինքնագլուխ ոչինչ չի արել, եւ դրա մասին տեղյակ է եղել նաեւ նախարարը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Արման Հովակիմյանը նշեց․ «Դուք կարծում եք, որ ինչ-որ մի համակարգում  մարդ կա, որ տեղյակ չի՝ իր ենթակառուցվածքներում ի՞նչ ա կատարվում եւ հակառակը»։

Ճշտող հարցին՝ ինքը իր ցուցմունքում նշե՞լ է, որ ինքնագլուխ ոչինչ չի արել, պատասխանեց․ «Ես Ձեզ չեմ ասելու՝ ինչ եմ ասել։ «Ինքնագլուխ» չեմ ասել, նման բառ չեմ օգտագործել, նման բան չեմ ասել»։

Հովակիմյանն այլեւս այլ հարցերի չպատասխանեց։

Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը: Նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի կալանավորվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ  հոդվածի 3-րդ  մասի (պաշտոնական լիազորությունների  չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ  հոդվածի 2-րդ   մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։