Հարվածն ուղիղ սրտիս էր

Հարվածն ուղիղ սրտիս էր

Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես...

Ծանոթ ու հարազատ անուններ...Առաջինը հայրական տունս է: Մովսեսը՝ մայրական: Իսկ Այգեպարը՝ երկուսին իրար կապող նույնքան հարազատ օջախ, որ գտնվում է մեր գյուղի վարչական տարածքում՝ գործարանային ավանի կարգավիճակով: ժամանակին իր մեծ արտադրական կարողություններով (ծխախոտի, գինու և պահածոների) հնչեցրել է Հայաստան անունը: Այսօր այդ ամենն ավերված է ...

Ներքին Կարմիրաղբյուրն ունի փառավոր անցալ, ներկա, և վստահաբար՝ նաև ապագա։ Հայրենիքին տվել է ռազմական, գիտության ու մշակույթի գործիչներ նշանավոր մարզիկներ։
«Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմին տվել է ի՜ր խաղացողը, պատիվ է ունեցել ընկերական հանդիպում կազմակերպել գյուղում։ Գյուղը համարվում է նաև օլիմպիական չեմպիոնի գյուղ (Արսեն Գալստյան, ձյուդո, 2012, Լոնդոն, ՌԴ թիմի առաջին հաղթողը): Ունենք նաև մարմնամարզիկ, հանրապետության վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար։
Երկար տարիներ թիրախավորված լինելով հակառակորդի կողմից՝ գյուղը բազմաթիվ կորուստներ և ավերածություններ է տեսել, սակայն չի դադարել կառուցել ու վերակառուցել։ Թշնամու վերջին շաբաթվա սադրանքը ևս թիրախավորված էր խաղաղ բնակավայրերի ուղղությամբ և այլևս համբերության տեղ չթողեց։

Հայոց փառապանծ բանակը աննախադեպ և հուժկու հարված հրամցրեց գիշատիչ գազանին։ Եղան ավերածություններ, վնասված կառույցներ, բարեբախտաբար՝ առանց մարդկային զոհերի...
Սակայն ա՜յս անգամ ի թիվս վնասված այլ առանձնատների՝ ուղղակի ավերվեց նաև հայրական օջախս։ Հարվածն ուղիղ սրտիս էր..․

Ու ես, երբ տարիներ առաջ, որդիական պարտքս էի կատարում՝ հավաքագրել և միջազգային որոշ կառույցների ու անհատների ներկայացնել ավերված կառույցների լուսանկարները, ա՜յս անգամ չկարողացա մոտենալ հայրական օջախիս՝ վտանգը մեծ էր։ Շնչահեղձ լինելու չափ սիրտս տրոփում է, թե երբ պիտի հասնեմ և ներողամտություն հայցեմ հարազատ ու վիրավոր օջախիցս, շունչ ու կենդանություն հաղորդեմ և վերստին գունավորեմ հայրենական հուշերն ու հիշողությունները....
Ավելի քան համոզված եմ, որ այդ հանդիպումը չի ուշանա, մանավանդ որ հայրենի կառավարությունը առավելագույն ջանքեր է գործադրում վերացնելու ավերածությունների հետևանքները և մարդկանց օր առաջ վերադարձնելու խաղաղ ու բնականոն կյանքի:
...Կարծում եմ՝ հայրական վերակառուցված օջախում վերջնական Հաղթանակի տոնակատարության օրն էլ՝ չի՜ ուշանա...

Նվերա ԳԱԼՍՏՅԱՆ