Աշոտ Փաշինյանի ապագա աները՝ արտոնյալ

Աշոտ Փաշինյանի ապագա աները՝ արտոնյալ

Հունվարի 21-ին Վանաձորի համայնքապետարանի ավագնու նիստերի դահլիճում տեղի է ունեցել ընդլայնված կազմով համատեղ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: 

«Խորհրդակցության ընթացքում քննարկվում էին հարցեր և խնդիրներ, որոնք առաջացել են 2021 թվականի դեկտոմբերի 22-ից մինչ օրս, և մասնակիցների առաջարկությունների ու կարծիքների հիման վրա նախանշվում էին վարչարարության այն ուղղությունները և առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ապահովել համայնքապետարանի բնականոն գործունեությունը, հաշվի առնելով համայնքի բանակիչների շահերը» տեղեկացնում են պաշտոնական հաղորդագրությամբ: Խորհրդակցության ավարտին տրվեցին անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև հանձնարարականներ տարբեր ոլորտներում պատասխանատու գործառույթներ ունեցող մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներին: Ինչպես նաեւ վանաձորցիներին աչքալուսանք տալիս, թե նման համատեղ խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ:

Այսինքն, ստացվում է, որ Վանաձոր խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ընտրություններին կրած պարտությունից հետո իշխանությունը մի կողմից ամեն ինչ անում է, որ գրեթե հաղթանակած Մամիկոն Ասլանյանը չընտրվի համայնքի ղեկավարի պաշտոնում, նրան բառի բուն իմաստով պատանդ են պահում կալանավայրում՝ քաղաքական հետապնդուման արդյունքում եւ դատական ֆարսերով խոչընդոտում են ավագանու նիստի գումարմանը, որի  ընթացքում անկախ Ասլանյանի կալանավորված լինելու փաստից նրա դաշինքը եւ «Հայրենիք» կուսակցությունը, այլ դաշնակիցների հետ կարող են համայնքապետ ընտրել, մյուս կողմից՝ իշխանությունը իր պարտված թեկնածու-մարզպետով փորձում է համատեղության կարգով նաեւ Վանաձորը ղեկավարել եւ կոլեգիալ նիստեր է անցկացնում ու հայտարարվում է, որ դրանք կկրեն պարբերական բնույթ:

Պետք չէ զարմանալ, որ Լոռու մարզպետն առաջիկայում երրորդ, չորրորդ, կամ հարուրերորդ գործառույթն էլ ստանձնի՝ լինելով ապաշնորհ թե մարզը կառավարելու հարցում, թե Վանաձորի ընտրություններում։
Ի տարբերություն որոշ մարզպետների, որոնց Նիկոլ Փաշինյանը պատժեց ՏԻՄ ընտրություններն իրենց ղեկավարած մարզում ձախողելու համար եւ տարեսկզբին պաշտոնանկ արեց, մասնավորապես, Արագածոտնի, Արարատի մարզպետներին, Արամ Խաչատրյանը Փաշինյանի «լյուբիմչիկների» թիմում է, քանի որ նրա ապագա խնամին է, Խաչատրյանի դուստրն ու Փաշինյանի որդին շուտով կամուսնանան, հենց այդ պատճառով է թերեւս, որ Խաչատրյանը  ոչ միայն պաշտոնանկ չարվեց, այլեւ նրա առջեւ կանաչ լույս է վառվել Վանաձորում: Առաջիկայում տեղի կունենա Աշոտ Փաշինյանի հարսանիքը, օրվա հարցում դեռ հստակություն չկա: