40 տարեկանում ունեցա տղայիս․․․

40 տարեկանում ունեցա տղայիս․․․

Անուշիկ Հակոբյանը 30 տարի աշխատել է Գավառի մանկատանը, մայրություն է արել որբ երեխաների։ Արտասվելով պատմում է՝ 40 տարեկանում ունեցա տղա ու․․․ Իմ տղան հավերժ զինվոր մնաց, իսկ ես՝ հավերժ զինվորի մայր․․․

2016 թվականի հունվարին Անուշիկ Հակոբյանի միակ որդին՝ Արամայիս Ոսկանյանը, ընկավ հերոսի մահով՝ մեր հողը ներխուժած ազերի դիվերսանտների ճանապարհի փակելիս: Արցախի ամեն մի թիզ հող թանկ մասունք է մոր համար։ Ազատագրված տարածքների համար որդեկորույս ամեն մի մայր մի աշխարհ է կորցրել»,- ասում է նա։  Տարածքը, որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել,այլևս սոսկ հողակտոր չէ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ, որը երբեք չեն զիջում․․․ սա թող լավ հասկանան բոլորը…

Նրա հետ շատ երկա՜ր եմ զրուցել ու հասկացել մի բան՝ մայրը նույնանում է հայրենիքի հետ, երբ որդու արյունը խառնվում է հողին․․․ Երբ խոսում ես Անուշի հետ, թվում է հայրենիքիդ ամենացավոտ պատառը նրա մեջ է, նա ցավի լեզվով է խոսում։ Իսկ ցավի լեզուն ոչ բոլորն են հասկանում։ Զրույցներից մեկի ժամանակ ասաց՝ ես թույլ չեմ տա իմ տղայի ազատած տարածքը հետ տա՜ն․․․ Այնտեղ նրա արյունն է։ Այդ պահին նա այնքան հզոր թվաց, ինչպես մայր արծիվը ու հավատացի նրան։

Երեկ մի փոքրիկ գրառում էր ուղարկել ինձ։ Այնքան հայրենասիրություն կար մեջը, այնքա՜ն ուժ․․․ Ներկայացնում եմ, որ դուք կարողանաք վայելել իրական հայրենասիրության շունչը․  

Անուշ Հակոբյան

Արժանի են հավերժ հիշատակման Արցախի յուրաքանչյուր տարածքային միավոր, ամայության մատնված հող, տարիներով չբնակեցված կացարան ինքնատիպ հուշարձան է և հավերժակոթող՝ նվիրված Արցախ հողի վրա մարտնչած ու զոհված քաջասիրտ տղերքին:

Մարտունի, Մարտակերտ, Հադրութ,Մատաղիս, Ասկերան… սրանք այն շրջաններն են , որտեղ չեն դադարում տեղալ հակառակորդի խոցող ուժի ավերիչ գնդակները, այստեղ ոչ մի առավոտ չի լուսանում առանց ականջին սովոր դարձած ինքնաձիգի արտահերթ կրակոցների,այստեղ արկերը չեն լռում, թշնամու դիրքերից մետրեր բաժանող խրամատներում մեր զինվորները չեն քնում , այլ հերթով՝ փոխարինելով միմյանց, գնդակների դեմ են ելնում , սադրիչ կրակոցներից պաշտպանվում, զոհում ամենաթանկը՝ մարդկային կյանքը: Զոհվում են տղերքը Արցախյան դիրքերում, ու  հողը դարձնում սուրբ մասունք , մեր պատմության նվիրական մաս, որը պետք է արժանի ճանաչման ու գնահատանքի արժանանա ողջ հայության կողմից: Ամեն թիզ հողի համար զոհված զինվորների անունները պետք է հիշվեն և մեկ առ մեկ տեղ գտնեն ոչ միայն սերունդների հիշողության մեջ , այլ նաև դաջված լինեն տվյալ շրջանի զորամասերում, դիրքերում, տեսանելի վայրերում, որպեսզի անցորդները գլուխ խոնարհեն, հարգանքի տուրք մատուցեն մեր վաղվա օրը կերտած և մեր կյանքին ևս մեկ խաղաղ օր ավելացրած տակավին պատանի, բայց հասուն ու փառքի արժանի զինվորներին: