Գլխավոր շտաբը ճշտում է Տավուշի սահմաննե՞րը

Գլխավոր շտաբը ճշտում է Տավուշի սահմաննե՞րը

Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբն օրեր առաջ հարցում է ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, որը վերաբերում է ՀՀ Տավուշի մարզի սահմաններին: Սակայն կադաստրից եւ ՊՆ-ից հերքում են այդ տեղեկատվությունը։ Կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Մարինե Սադյանը պատասխանեց, որ նման փաստաթուղթ մուտք չի արվել,  եթե արված էլ լինի, ապա միայն «գաղտնի» նշագրմամբ կգա: Ապա, ի պատասխան մեր խնդրանքին՝ այնուամենայնիվ, մեկ անգամ էլ ճշտել, պատասխանեց. «Փաստաթղթաշրջանառության մեջ մենք չունենք այդպիսի հարցում»: 

Բանն այն է, որ գաղտնի փաստաթղթերը Մալբրի էլեկտրոնային համակարգում չեն արտացոլվում: Հասկանալի է, որ Տավուշի մարզի սահմանների ճշտումը այս օրերին կարող է կատարվել միայն այդ տեղեկություններն այնտեղ տեղի ունեցող չափումներում օգտագործելու նպատակով: Իսկ չափումների մասին տվյալները հակասական են՝ պաշտոնական մարմինները հերքում են: Սակայն համացանցում շարունակում են տարածվել լուրեր, որ դրանց մասնակցում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները: Եվ անգամ Իջեւանի շուկայում առեւտուր անող ռուս զինվորականների նկարներ են հրապարակվում։

Պաշտպանության նախարարությունն իր քարտեզագրման վարչությունն ունի, որի պետին՝ Սերգեյ Պետրոսյանին, փորձեցինք ուղղել մեր հարցերը: Նա պատասխանեց, որ իր վարչությունը Կադաստրի կոմիտեին սահմանների վերաբերյալ հարցում չի ուղարկել: «Մեր մեջ կա համագործակցություն, մենք նման հարցում չենք ուղարկել, բայց եթե հարցեր ունեք, գրավոր գրեք, կպատասխանենք: Սակայն քարտեզների հետ կապված՝ գոյություն ունի Կադաստրի պետական կոմիտե ու արտգործնախարարություն, ես խորհուրդ կտամ իրենց հարցերն ուղղել»,- պատասխանեց ՊՆ քարտեզագրման վարչության պետը: Իսկ ձեր վարչությունն ի՞նչ է անում, եթե սահմանազատումներ են արվում, ձեր սեփական տվյալնե՞րն եք օգտագործում: «Դրանով զբաղվում են ԱԳՆ-ն եւ Կադաստրի պետական կոմիտեն»: 

Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարված իրավիճակում, երբ հանրությունը կասկածում է, որ Փաշինյանը մի գաղտնի թուղթ էլ Տավուշի վերաբերյալ է ստորագրել, բնականաբար, Հայաստանի օրեցօր սեղմվող սահմանների թեմայի արծարծումը հնարավորինս փակ, ինֆորմացիոն արտահոսքերից պաշտպանված եղանակով կարվի: Հազիվ թե որեւէ պաշտոնյա հանդգնի հայտարարել այս մասին: Բայց երկրորդ հարցն էլ կա: Ինչպես հայտնի է, մեր կադաստրային քարտեզներում բազմաթիվ սխալներ են հայտնաբերվել, եւ այս մասին բազմիցս հայտարարել են Կադաստրի կոմիտեի տարբեր ղեկավարներ:

2020 թվականին էլ կառավարությունը որոշման նախագիծ էր ներկայացրել, որը կոչվում էր «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին»: Երկրորդ հարցն էլ այն է, որ եթե քարտեզները սխալ են, ու կադաստրի շեֆերը՝ սկսած Սարհատ Պետրոսյանից, աղաղակում էին, որ պետք է դրանք ուղղենք, ապա ինչպե՞ս են Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանը չափագրելու այդ սխալ քարտեզների հիման վրա: