«Հրապարակ». Ապօրինի «պարկովշչիկների» հարցերը լուծել են․ Արամի փողոցի առեղծվածը
Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։
- Երեւանի Նալբանդյան, Մոսկովյան, Իսահակյան փողոցներում երթեւեկության վերջին փոփոխությունից հետո խայտառակ իրավիճակ է։ Այս հատվածում նախկինում երբեք խցանում չի եղել, այժմ Ձեր ղեկավարած վարչության թեթեւ ձեռքով Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկը պարալիզացված է, քանի որ Մոսկովյան փողոցը դարձել է միակողմանի, իսկ Նալբանդյան փողոցի շարունակությունը՝ միայն ձախ եւ ուղիղ։
- Ձեր նշած հատվածում երթեւեկության փոփոխությունը ծառայել է իր նպատակին։ Երեւանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ մայրաքաղաքում երթեւեկության մասնակիցների նկատմամբ առաջնահերթությունը պետք է տալ հասարակական տրանսպորտին, որը պետք է երթեւեկի առանց խցանումների, անարգել, ինչը հաջողված է՝ տվյալ փորձով։ Ձեր նշած հատվածում երթեւեկության փոփոխությունը ենթադրում է միակողմանի փողոցներ՝ Իսահակյան-Մոսկովյանը, որտեղ առանձնացված են ավտոբուսի առանձին գծեր։ Սա էլ ունի իր բացատրությունը՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում միջինը երթեւեկում է 1-2 ուղեւոր, իսկ ավտոբուսում՝ 85, նրանք պետք է ունենան առավելություն։
- Թերեւս լավ չեք պատկերացնում, թե որ փողոցի մասին եմ հարցնում։ Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկն անանցանելի է, պատճառն այն է, որ Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկում 2 երթեւեկելի գոտիներից մեկը միայն ձախ է, մյուսը, որ նախատեսված է ավտոբուսի կանգառի համար, միայն ուղիղ է, որտեղ, թեպետ առկա է կանգառն արգելող դեղին գծանշում, սակայն իրավապահ համակարգի աշխատակիցները մեքենաները կայանում են։ Դեպի Չարենցի փողոց գնացող մեքենայի վարորդները ստիպված են 20 մետրի վրա մի քանի անգամ երթեւեկության գոտի փոխել, ինչն առաջացնում է անհաղթահարելի խցանում։ Ո՞ւմ խելքին է փչել այսպես կազմակերպել երթեւեկությունը։
- Ես շատ լավ պատկերացրի, թե որ փողոցի մասին է խոսքը։ Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկում առաջիկայում նորից կլինի երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Նախատեսվում է լուսացույցի կահավորում, որոշ հատվածներում կայանման արգելք կլինի։ Մինչեւ այս ամսվա վերջ նախատեսվում են այդ փոփոխությունները։ Այս գործողություններն իրականացվում են ճանապարհային ոստիկանության հետ համատեղ։
- Արամի փողոցում, որտեղ ընդամենը մեկ երթեւեկելի գոտի կա, Երեւանի քաղաքապետարանը վճարովի կարմիր գծեր է ավելացրել, երկկողմանի կայանման հնարավորություն տվել։ Այս փողոցում անգամ մարդիկ չեն կարող միմյանց առանց դիպչելու անցնել, ի՞նչ տրամաբանությամբ եք փողոցն այս օրը գցել։
- Արամի փողոցում աջ կողմը թույլատրվում է կայանել, ձախ կողմն արգելված է։ Նախկինում էլ այդ կայանումը կար, ուղղակի՝ ձախ կողմի հատվածում էր։
- Անվճար էր կայանումը, կարմիր գիծ ավելացրիք, դարձրիք վճարովի։ Տեղադրում ենք լուսանկար, տեսանյութ, որտեղ երեւում է, որ Արամի փողոցում մեքենաները կայանվում են երկու կողմում, տրանսպորտի վարչության պետը, փաստացի, կա՛մ ստում է, կա՛մ իրավիճակին չի տիրապետում։
- Ոչ, այնտեղ կանգնած էին կարգավարներ, որոնք քաղաքացիներից գումարներ էին շորթում, եւ հստակ գիտեինք, թե ովքեր էին նրանք։ Դրա համար ձախ երթեւեկելի գոտին արգելվել է, միայն աջն է կարմիր գծով։
- Մեքենան կայանելու համար երբեք կարգավարներին չեմ վճարել, դա կամայական որոշում է։ Փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը «պարկովշչիկների» դեմ պայքարում է կարմիր գծեր ավելացնելո՞վ։ Սա ի՞նչ մոտեցում է։
- Մենք մի քանի խնդիր ենք լուծում՝ վերացնում ենք ապօրինի ձեռնարկատիրությունը, իրականացնում ենք երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որով տվյալ փողոցում երթեւեկության միջին արագությունն է ավելանում, եւ վճարովի ավտոկայանատեղիները կահավորվում են բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված փողոցների ցանկում։
- Երեւանի կենտրոնը կարմիր գոտի եք դարձրել՝ անունը դրել եք երթեւեկության բեռնաթափում։ Բեռնաթափվե՞ց կենտրոնը։
- Եթե ցանկանում ես քո անձնական ավտոմեքենայով իջնել Երեւանի կենտրոն, պատրաստ պետք է լինես վճարել, որովհետեւ փոքր կենտրոնն անսահման տարածք չունի, որպեսզի այդքան տրանսպորտային հոսքեր կուտակվեն, խցանում առաջանա։ Սա իր ազդեցությունն ունեցավ, հստակ վերլուծություն կա, որ վճարովի կայանատեղիներից օգտվողների քանակը զգալի նվազել է։
- Կենտրոնում անգամ կարմիր գծերի վրա տեղ չկա, ինչպե՞ս է նվազել։
- Չի կարող բոլորի համար երաշխավորված կայանատեղի լինի։ Եթե որոշել եք չօգտվել հասարակական տրանսպորտից ու կենտրոն գալ ձեր մեքենայով, ապա կայանելու մասին պիտի դուք մտածեք, պատրաստ լինեք վճարել։
- Եվ, ուրեմն, այդպիսով բեռնաթափվե՞ց կենտրոնը։
- Իհարկե, շատերը տեղ գնալիս պլանավորում են ոչ թե անձնական մեքենայով, այլ՝ հասարակական տրանսպորտով։ Երեւանի քաղաքապետարանը մի քանի սահմանափակում մտցրեց՝ կայանատեղիների վճարի ավելացումը, բեռնատարների ժամային սահմանափակումը, հաջորդը՝ ավտոբուսի առանձնացված գծերի ստեղծումը։
Կարծիքներ