«Հրապարակ». Հայցորդ Թոռնիկը՝ ագրարայինի խորհրդի անդամ 

«Հրապարակ». Հայցորդ Թոռնիկը՝ ագրարայինի խորհրդի անդամ 

Օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետի 825-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմում կրկին ընդգրկվել է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հայցորդ Թոռնիկ Ալիյանը, ով հասարակությանը հայտնի դարձավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ տված ցուցմունքով, որի հիման վրա էլ Չալաբյանին կալանավորեցին, մեղադրանք առաջադրեցին` ցուցարարներին կաշառելու հոդվածով:

Ըստ «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 975-Ն որոշման եւ Ագրարային համալսարանի կանոնադրության, հոգաբարձուների խորհրդում ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ), սակայն համալսարանի հայցորդ Թոռնիկ Ալիյանը ո՛չ ուսանող է, ո՛չ ասպիրանտ: Ստացվում է, որ համալսարանը ոչ մի կարգավիճակ չունեցող անձին ուսանողության անունից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որն էլ իր հերթին ներկայացրել է ՀՀ կառավարության եւ վարչապետի հաստատմանը: Ի դեպ, հայցորդի սահմանումը հստակ ամրագրված է «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում: