«Հրապարակ». Ալիեւը կվերցնի Զանգեզուրը, եւ Երեւանում կասեն՝ փառք Աստծո, ամբողջը չվերցրեց
Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ
- Ադրբեջանում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Ի՞նչ խնդիր է լուծում Ալիեւը, ով թվում է՝ անսասան է այս պահին։
- Ճիշտ եք՝ նրա վարկանիշն անսահման բարձրացավ, եւ նրան անձամբ ոչինչ չի սպառնում։ Դեռեւս վերջերս, երբ իր կնոջը նշանակեց փոխնախագահ, դա ընկալվում էր որպես իր դիրքերն ամրացնելու միջոց։ Հիմա, Արցախում վերջին պատերազմից հետո, դիրքերի նմանօրինակ ամրացման կարիք չկա։ Բայց ես դեռ չեմ տեսել քննարկումներ, մարդ, որը կհամաձայներ իմ այն մտքին, որ Սյունիքի հարցը վերակենդանացրեց այն խնդիրը, որը դեռեւս 30 տարի առաջ իր առջեւ դրել էր Հեյդար Ալիեւը, այն է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միացման խնդիրը։
- Այսինքն՝ ենթադրում եք, որ ընտրություններն Ալիեւն անցկացնում է հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ լեգիտիմացնելո՞ւ համար։
- Ոչ, ոչ։ Բաքվում բազմաթիվ անգամ բարձրաձայնված եւ նրանց համար անհրաժեշտ Զանգեզուրի միջանցքն իրենց ներքին հարցն է, բայց միայն ֆորմալ առումով։ Հասկանալի է, որ այդ միջանցքի վերահսկումը նպատակ ունի ոչ միայն ուղիղ ցամաքային կապ հաստատել Նախիջեւանի հետ, այլեւ որոշում է դրա հետ փոխկապակցված 2 հարց․ առաջինը՝ վերադարձնել 100 տոկոսանոց վերահսկողությունը Նախիջեւանի նկատմամբ, որը հիմա Ադրբեջանը ստիպված է կիսել Թուրքիայի հետ, ինչը պայմանավորված է Նախիջանի՝ աշխարհագրական իմաստով հեռու լինելով։ Երկրորդ․ երբ միջանցքը սահմանվի, այլեւս ոչ մի խոչընդոտ չի լինի Հեյդար Ալիեւի գաղափարին վերադառնալու համար՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանկացած ֆորմատով միավորմանը։ Դրա համար Իլհամ Ալիեւին պետք է ազատել իր ձեռքերը։ Ես շատ լուրջ չեմ վերաբերվում Ադրբեջանի ընդդիմության մեկնաբանություններին՝ Ադրբեջանում փետրվարի 7-ին նախատեսված ընտրությունների մասով, նրանք վախենում են զեղծարարություններից, լցոնումներից։ Ինչո՞ւ պետք է Ալիեւը գնա ֆալսիֆիկացիաների, եթե ինքն արդեն իսկ հաղթանակած է։ Մարդիկ առանց այդ էլ երջանիկ կլինեն նրան ընտրել՝ ինքը ստիպված չի լինի ինչ-որ բան նկարել, դրա կարիքը չկա։ Բայց այն փաստը, որ նա գնում է արտահերթ ընտրությունների, խոսում է այն մասին, որ Ալիեւն ուզում է իր ձեռքերին մաքսիմալ ազատություն տալ։ Եվ դուք պետք է մտածեք ու հասկանաք, թե ինչ խնդիր լուծելու համար է նա ուզում ստանալ այդ ազատությունը։
- Ըստ Ձեզ, ինչի՞ համար։
- Հայաստանի վրա դա կարող է արտահայտվել Սյունիքի կորստով։
- Ալիեւի ախորժակը շատ մեծ է՝ դատելով նրա հայտարարություններից։
- Իհարկե, նա ուզում է վերցնել Երեւանը, բայց կվերցնի Զանգեզուրը, եւ Երեւանում կասեն՝ փառք Աստծո, ամբողջը չվերցրեց։ Դա ախր սովորական մեթոդիկա է։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ալիեւը դադարել է վախենալ Հայաստանի վրա հարձակվելուց։ Եվ պետք չէ ուշադրություն դարձնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին բանակցություններին` դա այնքան պայմանական երեւույթ է։ Տրանսպորտային միջանցքը Սյունիքի կամ Զանգեզուրի միջով պարտադիր չէ, որ նշված լինի սահմանային կետերով։ Մինչեւ Արցախի զավթումը, Սյունիքում կար 41-42 հազար տեղացի հայ բնակչություն, այդտեղից հեռացել է 7 հազարը՝ հետեւաբար, մնացել են 34-35 հազար սյունեցի։ Հիմա արցախցի փախստականների ինչ-որ քանակություն կա Գորիսում, Կապանում, նրանք, իհարկե, կհեռանան հետո։ Պատկերացնո՞ւմ եք Սյունիքի լեռնային, հսկայական տարածքը՝ այդքան մինիմալ բնակչությամբ... Գնում ես Սյունիքով, այդ հին ճանապարհով, ու այնտեղ ոչ մի բնակեցված կետ չկա՝ քաղաքներից բացի։ Բնակչության դուրսմղումը շարունակվելու է։
- Կարծում եք՝ հայերի փոխարեն ադրբեջանցինե՞ր են բնակեցվելու այնտեղ։
- Պատահական չէ, որ ադրբեջանցիների վերադարձի հարցն է դրվել։ Ուզում եմ հիշեցնել Ձեզ վերջին միջազգային պայմանագիրը, որը կնքեց անկախ Հայաստանը 1920 թվականին՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի հետ՝ խաղաղության պայմանագիրը․ նայեք այն տարածքը, որը թուրքերը թողել են՝ դա Արարատյան դաշտավայրն է, օկուպացված Գյումրին եւ Երեւանը։
- Ակնարկում եք, որ ՀՀ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմանագիրն Ալեքսանդրապոլի պայմանագրի կրկնությո՞ւնն է լինելու։
- Տերիտորիալ առումով իրենք խոսում են ժամանակակից Հայաստանի սահմանների մասին՝ այստեղ կասկած չկա, բայց նրանք չեն կարողանա պահել Սյունիքը, նրանք չե՜ն ուզում պահել Սյունիքը։ Նրանք ոչինչ չեն անում Սյունիքը պահելու համար, եւ բացի այդ՝ այնտեղ բավարար քանակի բնակչություն չկա՝ Սյունիքը պահելու համար։ Մարդիկ գնում են, հեռանում են։ Դուք չեք գնա, չէ՞, այնտեղ, որովհետեւ այնտեղ աշխատանք չկա։ Հիասքանչ վայր է Սյունիքը․․․ Գիտեք, քաղաքականության մեջ արյան հոտը շատ սուր է զգացվում եւ թուլության հոտը։ Երեւանը ցուցաբերեց թուլություն, եւ այդ թուլությունը գրգռում է՝ հարձակումները, առաջ շարժվելը, էքսպանսիաները շարունակվելու են։ Բայց ոչ մի ներքին, հոգեբանական, քաղաքական հակազդում Հայաստանում այս վտանգին ես չեմ տեսնում։ Ընդամենը երեկ Հայաստանը ցնծում էր այն փաստից, որ Հայաստան եկան 100 հազար ռուսներ, ովքեր փախել էին պատերազմից, եւ ի՞նչ՝ շա՞տ երջանկություն բերեցին Երեւանի բնակիչներին, բացի գնաճից։ Իհարկե, այդ հանգամանքը շոյում էր հպարտությունը, որ լինում են իրավիճակներ, երբ ոչ միայն հայերն են մեկնում Ռուսաստան, այլեւ ռուսներն են գալիս Հայաստան։ Բայց այդ տոնակատարությունն ավարտվեց, ու ի՞նչ անել նրանց հետ, սա է հարցը։ Կարող է ինչ-որ փիլիսոփայություն թվալ, բայց ժամանակակից Հայաստանում չկա գլոբալ, մեծ նպատակ՝ հանուն ինչի ապրել։ Ես անընդհատ հիշում եմ տեսանյութերը՝ 2020-ի հայ կամավորների տեսանյութերը, որոնք երգերով ու ուրախ գնում էին պատերազմ՝ կռվելու։ Բոլորը՝ հիասքանչ գեղեցկության տեր տղամարդիկ, ուղղակի աստվածներ, ու փաստ է, որ ազգի լույսը գնաց այնտեղ, գնաց պաթոսով, այդպես գեղեցիկ։ Ահա թե ումից է պետք ունենալ երեխաներ, ահա ովքեր պետք է դաստիարակեն երեխաներին։ Բայց նրանք արդեն չկան։ Այդպիսի պաթոս ես ժամանակակից Հայաստանում չեմ զգում, թեեւ գուցե հեռվից եմ նայում։ Դա ամենաառաջին հարցն է՝ ինչո՞վ ապրել, հանուն ինչի՞ ապրել։ Կա սարսափելի պատմական ավանդույթ, որը հիմա կրկնվում է՝ հայերն Օսմանյան կայսրությունում հիմնականում քաղաքային ազգ էին, եւ հիմա տարեկան 70-80 հազար հայ զբոսաշրջիկ մեկնում է Թուրքիա, Ստամբուլում հայկական փողոց էլ կա։ Եկեք ձեռքը դնենք սրտներիս՝ դուք վստա՞հ եք, որ հայերն ուզում են պահպանել իրենց պետականությունը։ Ես սկսել եմ այդ ուղղությամբ մտածել։
- Ինչո՞ւ եք այդպես կարծում։
- Այնքան գեղեցիկ, հարուստ, ուրախ բազմանդամ հայկական ընտանիքներ կան Ռուսաստանում, Սոչիում, Ռոստովում, Դոնի Ռոստովով քայլում ես ու տեսնում ես հիասքանչ հայ գեղեցկուհիներ, որոնք լեզվով ռուս են, ու իրենք իրենց այդ միջավայրում շատ լավ են զգում։ Իհարկե, տոնական օրերին գնում են հայկական եկեղեցի, բայց լեզվին, կարծում եմ, այլեւս չեն տիրապետում։
- Հայաստանը մենակ է մնացել, այս ծանր իրավիճակում ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Իրանը մեր կողքին չեն․․․
- Փաշինյանը հույսը դրել է Ֆրանսիայի վրա։ Ես սկսել եմ մտածել, որ նրան Հայաստանը, որպես պետություն, պետք չէ... Մարդը, ով պայքարում է պետության համար, պայքարում է հողի համար․ նա այդ հողը զարգացնում է, ամրացնում է, էլեկտրալարերի ցանց է անցկացնում, ինչ-որ բան է անում... Այն, որ Նիկոլ Վովաեւիչը պահում է Սյունիքը՝ ինձ մոտ նման տպավորություն չկա։ Ամենավատն այն է, որ չկա ալտերնատիվ, այն չի աճել, չի ձեւավորվել։ Իմ հարգելի Ռոբերտ Սեդրակովիչը չհասավ այն արդյունքին, որին պիտի հասներ...
- Իսկ կարո՞ղ էր։
- Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես հարգում եմ իրեն, բայց իր ցույց տված արդյունքը վատն էր՝ ընտրողների տասը տոկոսը լուրջ չէ։
Կարծիքներ