Բզկտված հայրենիք

Բզկտված հայրենիք

Արցախցիներին մեղադրանքներ ուղղող, նրանց «բեռ» համարող հայաստանցիները եւ ՀՀ իշխանությունները մի պարզ բան չեն հասկանում` Արցախը նույնքան Հայաստան է, որքան Սյունիքը, Լոռին, Գեղարքունիքը, Արմավիրն ու Վայոց Ձորը: Պարզապես` իրերի բերումով հայկական այս տարածքը հայտնվել է գերության մեջ, բոլշեւիկյան իշխանությունների թեթեւ ձեռքով հայտնվել է այլ երկրի կազմում: 1988-ին սկսված շարժման եւ մեր 35-ամյա պայքարի արդյունքում հայ ժողովուրդը գոնե մտովի, գոնե իր գիտակցության մեջ այդ անարդարությունն ուղղել էր եւ այն առել էր իր գիրկը, ու տասնամյակներ շարունակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ գալու են մարդիկ, որոնք Արցախը համարելու են ոչ հայկական տարածք եւ արցախցիների երեսով են տալու Հայաստանի բյուջեից արված մասհանումները: Համարելու են, թե մեր երիտասարդներին «զոհել ենք» հանուն Արցախի, մենք զրկանքներ ենք կրել Արցախի «պատճառով»: Եվ անգամ հայտնի խմբագիրն Արցախի պետնախարարին նախատելու է եթերում` «էլ ի՞նչ անեինք ձեզ համար` այդքան բան ենք արել, զոհեր ենք տվել»:

Նույնն է, որ վաղը եթե Լոռվա կամ Շիրակի մարզը հայտնվի վտանգի մեջ, հրաժարվենք լոռեցիներին ու շիրակցիներին օգնելուց, եւ Երեւանում նստածները հանդիմանեն նրանց` պետական բյուջեից օգնություն ակնկալելու: Կամ` համարեն, որ հարակից սահմանն էլ պետք է շիրակցիները պաշտպանեն: Կամ` Գյումրիում ու Սպիտակում երկրաշարժ լինի, եւ մենք համարենք, որ դրա հետեւանքները պետք է հենց տեղացիները վերացնեն: Կամ` Սեւանը կանգնի էկոլոգիական աղետի առաջ, Գեղարքունիքի բնակիչները գնան դրա դեմ պայքարելու: Նոյեմբերյանում կարկուտ եւ հեղեղ լինի` տավուշցիներին կոչ անենք` գնացեք օգնության: Դե, իսկ երեւանցիներն էլ իրենց գլխի ճարը տեսնեն` մարզերի բնակիչների վրա հույս չդնելով: